Ընտրություններ առանց ընտրության. ինչպես է փոխվում ընտրական կառավարմա ն ճարտարապետությունը Հայաստանում
Մրցակցությունից դեպի արդյունքի կառավարում
Հետխորհրդային տարածքում արդի ընտրական գործընթացներն ավելի ու ավելի քիչ են հիշեցնում դասական ժողովրդավարական մրցակցություն և ավելի շատ՝ կառավարվող քաղաքական գործողություններ, որտեղ ելքը որոշվում է քվեարկության օրվանից դեռ շատ առաջ: Խոսքն արդեն ոչ թե արդյունքների կեղծման, այլ հենց այն միջավայրի վերափոխման մասին է, որի շրջանակներում կատարվում է ընտրությունը: Հաղթում է ոչ թե նա, ով ստանում է ձայների մեծամասնություն, այլ նա, ով նախապես սահմանում է խաղի կանոնները և օրակարգ թելադրում:
Նախադեպը, որը պայմանականորեն անվանվում է «մոլդովական սցենար», ի ցույց դրեց ընտրական կառավարման սկզբունքորեն նոր տրամաբանություն։ Ընտրություններն աշխարհաքաղաքական հանրաքվեի հետ համատեղելը թույլ տվեց իշխանություններին փոխել քվեարկության բուն առարկան. կառավարման արդյունավետության գնահատումից ընտրությունները վերածվեցին քաղաքակրթական պլեբիսցիտի։ Ընտրողը քվեարկում էր ոչ թե քաղաքական գործչի օգտին, այլ երկրի պատմական ուղղության համար։ Նման կառուցվածքում քաղաքական մրցակցությունը փաստացի անհետանում է, քանի որ ցանկացած անհամաձայնություն սկսում է մեկնաբանվել որպես սպառնալիք ազգային ապագային։
Հայաստանյան ադապտացիա. անցում մոբիլիզացիայից դեպի ֆիլտրացիա
Հայաստանյան քաղաքական դինամիկան ի ցույց է դնում տվյալ մոդելի հնարավոր ադապտացիայի նշաններ, սակայն ավելի կոշտ տարբերակով։ Եթե մոլդովական սցենարի դեպքում առանցքային գործիքը սփյուռքի մոբիլիզացիան էր, ապա հայկական տարբերակը կարող է կառուցվել հակառակ սկզբունքի վրա՝ ընտրազանգվածի ընտրողական զտման։ Ընտրությունների կառավարումը մասնակցության ընդլայնումից անցում է կատարում դեպի այն խմբերի քվեարկության սահմանափակում, որոնց քաղաքական վարքագիծը կարող է փոխել ուժերի հավասարակշռությունը։
Ամենազգայուն տարրը շարունակում է մնալ Ռուսաստանի Դաշնության հայկական սփյուռքը՝ արտաքին ամենամեծ ընտրազանգվածը, որը կայուն աջակցություն է ցուցաբերում կառավարման այլընտրանքային մոդելի հետ ասոցացվող գործիչներին, նախևառաջ՝ Սամվել Կարապետյանին և Ռոբերտ Քոչարյանին։ Այս պայմաններում առանցքային է դառնում արդեն ոչ թե ընտրական նախապատվությունների հարցը, այլ քվեարկության ընթացակարգին ֆիզիկական հասանելիության հարցը։
Արտերկրում քվեարկության փաստացի արգելքն արմատապես փոխում է ընտրազանգվածի կառուցվածքը։ Հայկական սփյուռքը՝ նախևառաջ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամենամեծ արտաքին զանգվածը ներկայացնող հատվածը, զրկվում է ընտրություններին անմիջական մասնակցությունից։ Ֆորմալ առումով քվեարկելու իրավունքը պահպանվում է, սակայն դրա իրականացումը տեղափոխվում է բացառապես Հայաստանի տարածք։
Այս պայմաններում վճռորոշ է դառնում արդեն ոչ թե քաղաքացիների քաղաքական ընտրությունը, այլ երկիր ժամանելու նրանց ֆիզիկական կարողությունը։ Վարչական խոչընդոտները՝ փաստաթղթերի հետ կապված դժվարությունները, սահմանահատման սահմանափակումները, ֆինանսական արգելքները, ընտրողների զանգվածային վերադարձի համար կազմակերպչական ենթակառուցվածքի բացակայությունը, վերածվում են էլեկտորալ սելեկցիայի արդյունավետ գործիքի։ Սփյուռքի զգալի հատվածը փաստացիորեն դուրս է մնում քաղաքական գործընթացից՝ առանց ընտրական իրավունքներից ուղղակիորեն զրկվելու։
Այսպիսով՝ ընտրությունների վերջնարդյունքը ձևավորվում է ոչ թե ձայների հաշվարկի, այլ քվեարկողների թվի նախնական կրճատման միջոցով։
Սփոյլերների ֆենոմենը. ընտրության կառավարվող լղոզում
Հայաստանյան ընտրական պրակտիկայի հավելյալ տարր է դառնում քաղաքական սփոյլերների կայուն ֆենոմենը։ Խոսքը նախընտրական շրջանում այնպիսի փոքր կուսակցությունների և քաղաքական նախագծերի հայտնվելու մասին է, որոնք չունեն ո՛չ կազմակերպչական պատմություն, ո՛չ կայուն հասարակական հենարան, սակայն հանկարծակի զգալի աջակցության ցուցանիշներ են արձանագրում սոցիոլոգիական հետազոտություններում, այդ թվում՝ Gallup-ի հարցումներում։
Նմանատիպ կառույցները ստեղծվում են իշխանական ինկուբատորում, մեդիատիրույթում ակտիվորեն հայտնվում են բացառապես քարոզարշավի սահմանափակ ժամանակահատվածում և իրականացնում են բողոքական քվեարկության փոշիացման գործառույթ։ Նրանց խնդիրը ոչ թե հաղթանակն է, այլ այլընտրանքային ընտրազանգվածի մասնատումը, լայն քաղաքական ընտրության պատրանքի ստեղծումը և իշխանության իրական մրցակիցների շուրջ ձայների կենտրոնացումը նվազեցնելը։
Արդյունքում ընտրողն առերեսվում է արհեստականորեն ընդլայնված քվեաթերթիկի հետ, որտեղ բազմաթիվ ֆորմալ այլընտրանքների առկայությունը քողարկում է իշխանության իրական փոփոխելիության բացակայությունը։ Ընտրությունները սկսում են իրականացնել ոչ թե քաղաքական կուրսի շտկման, այլ նախապես ձևավորված արդյունքի լեգիտիմացման գործառույթ։
Կեղծ օրակարգ
Զուգահեռաբար ձևավորվում է տեղեկատվական միջավայր, որտեղ ընդդիմադիր կենտրոնները զբաղված են միմյանց թուլացնելով։ Առանցքային գործիչների վարկաբեկման արշավները տարբեր ուղղություններից զարգանում են սինխրոն կերպով՝ չնայած քաղաքական ճամբարների ֆորմալ դիմակայությանը։ Նիկոլ Փաշինյանի թիմի կողմից Սամվել Կարապետյանը հետևողականորեն դեմոնիզացվում է որպես արտաքին ազդեցության կրող, իսկ Ռոբերտ Քոչարյանն ավելի հաճախ հարձակումների է ենթարկվում Սերժ Սարգսյանի թիմի կողմից։
Այս համաժամանակյա աշխատանքը, չնայած Փաշինյանի և Սարգսյանի թվացյալ դիմակայությանը, հետապնդում է ընդհանուր մարտավարական նպատակ՝ թույլ չտալ միասնական և ուժեղ ընդդիմադիր այլընտրանքի ձևավորումը։ Ամեն ինչ ստեղծում է «կեղծ օրակարգ», որի աղմուկի հետևում կարող է թաքնված լինել խաղի կանոնների արմատական փոփոխության նախապատրաստությունը։
Հանրային ուշադրությունը կենտրոնանում է անձնական հակամարտությունների և ներքաղաքական հակասությունների վրա, մինչդեռ խաղի կանոնների ռազմավարական փոփոխությունը մնում է հանրային քննարկումից դուրս։ Արդյունքում ընդդիմությունը ներքաշվում է անցյալի մեկնաբանման պայքարի մեջ, մինչդեռ իշխանությունը պոտենցիալ կերպով աշխատում է քվեարկության ապագա պայմանների կառուցարկման ուղղությամբ։
Աշխարհաքաղաքական հանրաքվեն որպես մրցակցության չեզոքացման գործիք
Հնարավոր սցենարի ամենավտանգավոր տարրը մնում է ընտրությունների համակցումը հանրաքվեի հետ, որը ձևակերպված է ազգային գոյատևման կատեգորիաներով՝ խաղաղություն կամ պատերազմ, անվտանգություն կամ ռիսկ, ապագա կամ ռևանշ։ Այսպիսի կառուցվածքում գործող իշխանությունը դադարում է լինել քաղաքական գնահատականի օբյեկտ և վերածվում է պատմական ընտրության երաշխավորի։
Նման մոդելում ընդդիմությունն անխուսափելիորեն հայտնվում է խոցելի ուժի կարգավիճակում, որն իբր ի վիճակի է վտանգել կայունությունը։ Սոցիալ-տնտեսական օրակարգը կորցնում է իր նշանակությունը, քանի որ ընտրողին առաջարկվում է ոչ թե կառավարչական մոդելների համեմատություն, այլ քաղաքակրթական բնույթի՝ էմոցիոնալ առումով հագեցած ընտրություն։
Պատրա՞ստ է արդյոք ընդդիմությունը խաղի կանոնների փոփոխությանը
Ընդդիմադիր կառույցները հետևողականորեն արձագանքում են իշխանության ստեղծած տեղեկատվական առիթներին։ Սա մատնանշում է սեփական սցենարային կենտրոնի բացակայությունը։
Ընդդիմության հիմնական ռիսկերից մեկն այն է, որ ընտրարշավի պարամետրերի հանկարծակի փոփոխության դեպքում՝ լինի դա գրանցման մերժում, շեշտադրման տեղափոխում դեպի հանրաքվե կամ արտերկրում քվեարկության սահմանափակում, ադապտացվելու ժամանակային պատուհանը կլինի նվազագույն։
Ռեակտիվ կառավարման պայմաններում ընդդիմությունն անխուսափելիորեն հայտնվում է հետապնդող խաղացողի կարգավիճակում։
Տվյալ իրավիճակում հարցն ուղղված է արդեն ոչ թե իշխանությանը, այլ՝ ընդդիմությանը։ Գիտակցո՞ւմ է արդյոք նա, որ պայքարը կարող է մղվել ոչ թե կոնկրետ թեկնածուների, այլ մրցակցային ընտրությունների հնարավորության դեմ։ Գոյություն ունի՞ ընտրողների վերադարձի վարչական արգելափակմանը հակազդելու ռազմավարություն։ Կա՞ սփոյլերային կուսակցությունների միջոցով բողոքական ձայների փոշիացման հետ կապված ռիսկերի նվազեցման ռազմավարություն։ Կանխատեսվա՞ծ է արդյոք առանցքային գործիչների գրանցումը թույլ չտալու սցենարը։ Պատրա՞ստ են արդյոք ընդդիմադիր կառույցներն ընտրարշավի, որտեղ կենտրոնական թեման հանկարծ կդառնա աշխարհաքաղաքական հանրաքվեն՝ զրոյացնելով իշխանության հասցեին հնչող ավանդական քննադատությունը։
Այս հարցերի ամբողջությունն անխուսափելիորեն տանում է դեպի առանցքային ռազմավարական հանգուցակետը. պատրա՞ստ է արդյոք ընդդիմությունը քվեարկության պոտենցիալ անբարենպաստ ելքը դիտարկել ոչ թե որպես վերջնական պարտություն, այլ որպես քաղաքական տրիգեր։ Ունի՞ նա ընտրությունների արդյունքները հետընտրական գործընթացի վերածելու պլան՝ բողոքական ռեսուրսի մոբիլիզացիա, հանրային դժգոհության համախմբում և բուն ընտրական ընթացակարգից դուրս իշխանափոխության մեխանիզմների գործարկում։ Այլ կերպ ասած՝ գոյություն ունի՞ ընդդիմության մոտ գործողությունների ռազմավարություն ընտրություններից հետո, այլ ոչ միայն դրանց մասնակցելու ռազմավարություն։
Եզրակացություն
Եթե հայաստանյան ընդդիմությունն ի վիճակի չէ նախապես պատասխանել, թե ինչպես է գործելու ընտրազանգվածի ֆիլտրացիայի, աշխարհաքաղաքական կողմնորոշման հատկանիշով մոբիլիզացիայի և սեփական առաջնորդների հնարավոր բացառման պայմաններում, ապա գլխավոր ռիսկը ոչ թե ընտրություններում պարտվելն է, այլ մի քաղաքական գործընթացի մասնակցելը, որի ելքը որոշված է եղել դեռ ընտրական քարոզարշավի սկսվելուց առաջ։
Միևնույն ժամանակ, իրավիճակն արմատապես փոխվում է, եթե ընդդիմադիր ուժերն ընտրությունները դիտարկում են ոչ թե որպես վերջնական նպատակ, այլ որպես քաղաքական դիմակայության սկզբնական փուլ։ Եթե հաշվարկը կառուցվում է ոչ թե Նիկոլ Փաշինյանի կանոններով ընթացող ընտրարշավում հաղթելու, այլ հետընտրական դինամիկայի, փողոցային մոբիլիզացիայի և իշխանության վերաբաշխման հեղափոխական սցենարի պատրաստակամության վրա, ապա ընտրական գործընթացը դադարում է լինել ծուղակ և վերածվում է համակարգի ճգնաժամի մեկնակետի։ Այդ դեպքում ընդդիմությունը հաղթելու շանս կունենա։


