Կոնցեսիա, միջանցք և նախկին հավասարակշռության ապամոնտաժում. ուր է տանում Փաշինյանի նոր գիծը

Հայաստանի քաղաքական օրակարգում վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ բարձրացվել է մի հարց, որը կարող է խիստ զգայուն դառնալ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական խաղացողների ռազմավարական շահերի համար. խոսքը երկաթուղային կոնցեսիայի ապագայի մասին է: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական կողմին առաջարկել է դիտարկել հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարման իրավունքը երրորդ երկրի վաճառելու հնարավորությունը՝ մի պետության, որը միաժամանակ բարեկամական հարաբերություններ ունի թե Երևանի, թե Մոսկվայի հետ:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ Հայաստանը «ոչինչ չունի Ռուսաստանի դեմ», սակայն կառավարման գործող մոդելը, որը գտնվում է ռուսական իրավասության ներքո, ըստ նրա գնահատականի, «մրցակցային առավելության որոշակի կորուստներ» է ստեղծում երկրի համար։ Փոփոխվող տարածաշրջանային կոնֆիգուրացիայի պայմաններում դա, Փաշինյանի կարծիքով, կարող է բարդացնել փոխգործակցությունը միջազգային գործընկերների հետ, որոնք Նախիջևանի ուղղությամբ հաղորդակցությունների շուրջ հակամարտությունից հետո ավելի հաճախ են դիտարկում Հայաստանը շրջանցող երթուղիներ:

Երրորդ կողմը որպես կոմպրոմի՞ս, թե՞ քողարկում՝ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու համար

Վարչապետը գաղափարը ձևակերպել է բավական ուղիղ՝ «երկաթուղու մասին իմ պատկերացումն այն է, որ Հայաստանի ու Ռուսաստանի հետ բարեկամ որևէ երկիր գնի ՌԴ-ից կառավարման իրավունքը»: Ընդ որում, նա չի հստակեցրել, թե հատկապես որ պետության մասին է խոսքը՝ ենթադրությունների տեղիք տալով:

Որպես օրինակ՝ նշվել են Ղազախստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Կատարը. երկրներ, որոնք, վարչապետի խոսքով, ջերմ հարաբերություններ ունեն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի հետ։ Լրագրողների ճշտող հարցին՝ Իրանի հնարավոր մասնակցության վերաբերյալ, Փաշինյանն ուղիղ պատասխան չի տվել։ Նա նաև խուսափել է ենթադրություններից, թե կարող են արդյոք այդ դերում հանդես գալ Թուրքիան կամ Ադրբեջանը՝ միայն նշելով, որ կան ներդրումային հետաքրքրություններ ունեցողներ, «որոնք մտածում են՝ որտեղ արժի փող դնել»։

Այսպիսով, շեշտադրումը միտումնավոր տեղափոխվում է աշխարհաքաղաքական հռետորաբանությունից դեպի ներդրումների պրագմատիզմ՝ նպատակ ունենալով թաքցնել մտադրությունների իրական ենթատեքստը։ Հայկական երկաթուղիների ռուսական կոնցեսիայի՝ երրորդ երկրին հնարավոր վաճառքի հարցը առաջին հայացքից ներկայացվում է որպես պրագմատիկ նախաձեռնություն։

Ֆորմալ առումով խոսքը «մրցակցային կորուստների կրճատման» և միջազգային գործընկերների հետ փոխգործակցության ավելի ճկուն մոդել գտնելու մասին է։ Սակայն, եթե այս հայտարարությունը դիտարկենք ոչ թե առանձին, այլ Փաշինյանի կառավարության վերջին որոշումների համատեքստում, ապա այլ պատկեր է ստացվում:

Տպավորություն է ստեղծվում, որ «դիվերսիֆիկացման» քողի տակ կառուցվում է Հայաստանի պետականության առանցքային ոլորտներից Ռուսաստանի փուլային դուրսմղման քաղաքականություն:

Առաջին փուլը սննդամթերքի և վառելիքի լոգիստիկան է։ Ադրբեջանի միջոցով հացահատիկի և վառելիքի մատակարարումների կազմակերպումն օբյեկտիվորեն նվազեցնում է Ռուսաստանի դերը Հայաստանի պարենային և էներգետիկ անվտանգության համակարգում։ Սա պարզապես երթուղու փոփոխություն չէ, այլ կախվածության տրանսֆորմացիա, որը տասնամյակներ շարունակ ձևավորել է երկրի տնտեսական կայունությունը:

Երկրորդ փուլը էներգետիկան է։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Երևան կատարած այցի ժամանակ հայտարարվեց Հայաստանում ամերիկյան մոդուլային ատոմակայանների նախագծեր զարգացնելու մտադրության մասին։ Եթե այս ծրագրերը գործնական մարմնավորում ստանան, դրանք կնշանակեն Ռուսաստանի ռազմավարական դուրսմղում էներգետիկ հատվածից, որը երկկողմ հարաբերությունների անկյունաքարային տարրերից մեկն է:

Երրորդ փուլը տրանսպորտը և լոգիստիկան է։ Երկաթուղային կոնցեսիան երրորդ կողմին վաճառելու առաջարկը եզրափակում է տրամաբանական շղթան։ Երկաթուղիները երկրի ենթակառուցվածքային ողնաշարն են, տնտեսական և աշխարհաքաղաքական ազդեցության գործիք։ Կառավարման փոխանցումը նոր սուբյեկտի նշանակում է ռազմավարական վերահսկողության վերաբաշխում:

Յուրաքանչյուր քայլ առանձին վերցրած կարող է ներկայացվել որպես ռացիոնալ ընտրություն։ Սակայն համակցության մեջ դրանք ձևավորում են կայուն միտում՝ դաշնակցային ճարտարապետության նախկին մոդելի ապամոնտաժում և ռուսական ներկայության հետևողական կրճատում:

«Թրամփի երթուղին» և նոր կոնֆիգուրացիան

Այս գործընթացները ծավալվում են 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև համատեղ հռչակագրի ստորագրման ֆոնին:

Փաստաթուղթը նախատեսում է Հայաստանի հարավով ռազմավարական տարանցիկ ուղու՝ այսպես կոչված, «Թրամփի երթուղու» (TRIPP) ստեղծում, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանի հետ և կգտնվի ԱՄՆ վերահսկողության ներքո՝ շրջանցելով Ռուսաստանը։

Այսպիսով՝ Հայաստանի հարավային հատվածում ձևավորվում է ենթակառուցվածքային գոտի՝ ամերիկյան մասնակցությամբ, զուգահեռաբար քննարկվում է Ռուսաստանի դուրսբերումը երկաթուղային համակարգից, իսկ էներգետիկ հատվածը դիտարկվում է որպես ռուսական ներկայությունը արևմտյան տեխնոլոգիաներով փոխարինելու դաշտ։ Սրանք այլևս մարտավարական մանևրներ չեն, այլ՝ արտաքին քաղաքական պարադիգմայի փոփոխություն:

Ապակայունացման ռիսկերը

Նմանօրինակ տրանսֆորմացիան չի կարող տեղի ունենալ վակուումում.

  1. Աշխարհաքաղաքական տուրբուլենտության ռիսկ. Հարավային Կովկասը Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Իրանի և Պարսից ծոցի երկրների շահերի հատման տարածք է: Ազդեցության կտրուկ վերաբաշխումը կարող է շղթայական ռեակցիա առաջացնել:
  2. Տնտեսական խոցելիության ռիսկ. Էներգետիկայի, տրանսպորտի և պարենային անվտանգության ոլորտներում ռազմավարական գործընկերների արագ փոփոխությունը ստեղծում է անորոշության շրջան: Այս համակարգերում ցանկացած խափանում ուղղակիորեն ազդում է պետության կայունության վրա: Իշխանությունների կողմից մանրակրկիտ քողարկվում է Թուրքիայից և Ադրբեջանից կրիտիկական կախվածության հեռանկարը:
  3. Անվտանգության ռիսկ. Ռուսաստանը ավանդաբար Հարավային Կովկասը դիտարկում է որպես իր ռազմավարական շահերի գոտի: Ենթակառուցվածքային և էներգետիկ ակտիվներից վերջինիս հետևողական դուրսմղումը կարող է ընկալվել ոչ թե որպես տնտեսական գործընթաց, այլ որպես մարտահրավեր ազգային անվտանգությանը:

Մոսկվայի հնարավոր արձագանքը

Հատկապես մտահոգիչ է այն սցենարը, որի դեպքում ստեղծվում են պայմաններ, որոնք ստիպում են Ռուսաստանին կոշտ արձագանքել: Եթե Մոսկվայում կատարվածը մեկնաբանվի որպես իր ռազմավարական ներկայության ապամոնտաժմանը նպատակաուղղված քաղաքականություն, դա կարող է հանգեցնել պատասխան միջոցների՝ տնտեսական, քաղաքական կամ այլ:

Հայաստանի համար նման առճակատման դինամիկան լուրջ գոյաբանական ռիսկեր է պարունակում:

Սպառնալիք Հայաստանի պետականությանը

Սահմանափակ տնտեսական, լոգիստիկ, տեխնոլոգիական և մարդկային ռեսուրսներ ունեցող փոքր երկրի պետականությունը, որը գտնվում է հակասությունների հանգույցում և կայսերական շահերի խաչմերուկում, հաստատվում է ոչ թե կտրուկ շրջադարձերով կամ ցուցադրական ժեստերով, այլ հավասարակշռության արվեստով՝ նուրբ, զգույշ և հաշվարկված: Այն պահանջում է ոչ թե նախկին հենասյուների քանդում՝ նախքան նորերի կառուցումը, այլ աստիճանականություն և հաշվարկ:

Եթե փաշինյանական «նոր հավասարակշռության» անվան տակ տեղի է ունենում նախկին կառուցվածքի քանդում՝ այլընտրանքի միաժամանակյա բացակայության պայմաններում, առաջանում է ռազմավարական վակուումի վտանգ: Իսկ ուժի վակուումը Հարավային Կովկասի պատմության մեջ երբեք դատարկ չի մնացել: Այսօր այն անկասկած կլրացնի Թուրքիան:

Ակամա հարց է առաջանում. արդյո՞ք Փաշինյանի կառավարության հետևողական քայլերը՝ ուղղված Անկարայից և Բաքվից կախվածության մեծացմանը, նպատակ չունեն հենց Թուրքիային և Ադրբեջանին հնարավորություն տալ զբաղեցնել Ռուսաստանի տեղը տարածաշրջանային կոնֆիգուրացիայում: Եվ եթե դա այդպես է, ապա գիտակցվո՞ւմ է նման տրանսֆորմացիայի գինը:

Պատկերացնենք այս սցենարի զարգացումը. ցորենի և վառելիքի մատակարարումների վերահասցեավորումից, Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանների բացումից և թույլ ու խոցելի Հայաստանի տնտեսական կախվածության խորացումից հետո կարող է առաջ քաշվել նոր պահանջ՝ իր տարածքում, առնվազն սկզբնական փուլում, հարյուր հազարավոր ադրբեջանցիների վերաբնակվելու իրավունքի տրամադրում: Կարելի է միայն պատկերացնել, թե 20-30 տարի անց քանի ադրբեջանցի կբնակվի Հայաստանում. 300 հազարը հեշտությամբ կդառնա 1,5 միլիոն: Այս գործընթացը բնականորեն կուղեկցվի Հայաստանի ադրբեջանական բնակչության քաղաքական պահանջների ավելացմամբ և հայ բնակչության դուրսմղմամբ:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արդեն բազմիցս հրապարակավ հայտարարել է, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» մասին՝ դրանով իսկ ձևավորելով ապագա հնարավոր հավակնությունների քաղաքական շրջանակը: Թուլացած պետականության պայմաններում նման նախաձեռնությունները կարող են հռետորաբանությունից վերածվել ճնշման գործիքի։

Այսօր Հայաստանի առջև կանգնած է ոչ միայն երկաթուղային կոնցեսիայի կամ տարանցիկ երթուղու հարցը: Նրա առջև ծառացած է սեփական պատմական լինելության հարցը: Արդյո՞ք այն կպահպանի սեփական ապագան ինքնուրույն որոշելու կարողությունը, թե՞ արագընթաց վերակողմնորոշումը՝ ձեռնարկված առանց ամուր ներքին հիմքի և արտաքին երաշխիքների, կվերածվի նոր կախվածության, աճող խոցելիության և, ի վերջո, հայկական պետականության հիմքերի աստիճանական քայքայման:

Այսպիսով՝ գործող վարչապետի ուղեգիծն անշեղորեն տանում է Հայաստանը դեպի ռազմավարական թուլացում, և այստեղ խոսքն արդեն ոչ թե պարզապես քաղաքական սխալի, այլ համակարգային սպառնալիքի մասին է: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը ուղղակի սպառնալիք է Հայաստանի պետականության համար, և նրա իշխանության վերարտադրությունը չի բխում հայ ժողովրդի շահերից: Առաջիկա խորհրդարանական ընտրություններում հայ ժողովուրդը պարտավոր է կատարել ճիշտ ընտրություն՝ թույլ չտալ Փաշինյանին և նրա հովանավորներին կառավարել երկիրը: