Հայաստանը պատմության եզրագծին. լինել, թե՞ չլինել. ազգի ընտրությունն արժանապատվության և համակերպման միջև

Սխալ կլիներ կարծել, թե Հայաստանի այսօրվա վիճակը հանկարծակի աղետի կամ հանգամանքների ողբերգական զուգադիպության արդյունք է, որոնք երկրի գլխին թափվեցին մարդկային կամքից անկախ։ Պետությունների պատմությունը գրեթե երբեք կուրորեն չի ընթանում։ Ավելի հաճախ այն ենթարկվում է մանրակրկիտ կառուցված տրամաբանության՝ որոշումների, հաշվարկների և նախապես բաշխված դերերի տրամաբանությանը, որոնք միայն հետադարձ հայացքով են սկսում քաոս թվալ:

Հենց Սերժ Սարգսյանի օրոք նախաձեռնված և իրականացված սահմանադրական բարեփոխումներով դրվեց այն սխեմայի հիմքը, որի հետևանքները երկիրը կրում է մինչ օրս։ Կառավարման խորհրդարանական ձևին անցումը ներկայացվում էր որպես քայլ դեպի ժողովրդավարացում, որպես հրաժարում ավտորիտար իշխանությունից և շարժում դեպի ինստիտուտներ։ Սակայն արտաքին ռացիոնալության հետևում թաքնված էր այլ տրամաբանություն՝ իշխանության վերահսկելի տարանցման տրամաբանությունը, որի դեպքում իրական ազդեցությունը չի անհետանում, այլ միայն փոխում է ձևը։ Բարեփոխումը փոխեց ոչ միայն Սահմանադրության տեքստը, այլև քաղաքական պատասխանատվության բուն ճարտարապետությունը։ Այն լղոզում էր ընտրողի կամքի և որոշումների կայացման կենտրոնի միջև ուղիղ կապը ՝ ստեղծելով մանևրելու տարածք, որտեղ առաջնորդը կարող էր պահպանել որոշիչ ազդեցություն՝ չկրելով նախկին անձնական պատասխանատվությունը:

«Թավշյա հեղափոխության» ֆորմալ խթան հանդիսացավ Սերժ Սարգսյանի կողմից իր իսկ խոստման դրժումը՝ չհավակնել իշխանությանը նախագահական ժամկետի ավարտից հետո։ Այդ խոստումը հասարակության կողմից ընկալվում էր որպես լռելյայն պայմանագիր՝ վստահության վերջին ժեստ իշխանության և ժողովրդի միջև։ Դրա խախտումը դարձավ վերջնական խզման խորհրդանիշ. ոչ թե պարզապես քաղաքական սխալ, այլ բարոյական բեկում, որից հետո նախկին համակարգը կորցրեց շարունակվելու իրավունքը:

«Թավշյա հեղափոխությունը» ոգևորեց ժողովրդին ոչ թե այն պատճառով, որ առաջարկում էր ապագայի հստակ նախագիծ, այլ որովհետև տալիս էր վերադարձված արժանապատվության զգացողություն։ Թվում էր, թե երկիրը վերջապես դուրս է գալիս լճացումից, որ իշխանությունն ու ժողովուրդը նույն շնչով են ապրում։ Բայց հենց այդ պահին հույսը դարձավ առավել խոցելի. այն ամրապնդված չէր ոչ ինստիտուցիոնալ բարեփոխումներով, ոչ արտաքին քաղաքականության և անվտանգության ռազմավարական հիմքերի վերանայմամբ:

Նիկոլ Փաշինյանը, վստահության ալիքի վրա հայտնվելով իշխանության ղեկին, իր առջև ընտրության հնարավորություն ուներ. օգտագործել հեղափոխական ալիքը պետության ամրապնդման, անվտանգության և դիվանագիտական դիրքերի վերականգնման համար, թե՞ գնալ առճակատման ճանապարհով՝ փորձության ենթարկելով հասարակության հոգնածության և վստահության սահմանները։ Պատմությունը ցույց է տալիս, որ ընտրվեց երկրորդ ուղին:

Պատերազմի հրահրումը կանխամտածված էր և սկսվեց նրա հանրային քաղաքականության հենց սկզբից։ Շրջադարձային էր Փաշինյանի ելույթը Ստեփանակերտում, որտեղ նա հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Այս արտահայտությունը, որը հնչում էր որպես անզիջումության հռչակագիր, ի չիք դարձրեց Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանությանն ուղղված բազմամյա դիվանագիտական ջանքերը։ Փաստացի, Փաշինյանն առաջին անգամ պետության անունից Հայաստանը հայտարարեց հակամարտության կողմ, որն օկուպացրել է Ադրբեջանի «միջազգայնորեն ճանաչված» տարածքը, և դրանով իսկ անխուսափելի դարձրեց զինված առճակատումը։ Հանրային տրիբունալի կողմից նախկինում հրապարակված նյութերը մանրամասնորեն արձանագրել են քայլերի հաջորդականությունը, որոնք գիտակցաբար երկիրը տարան պարտության:

Հասարակության համար պարտությունը ոչ միայն ռազմական, այլև բարոյական փլուզում էր։ Ազգային ոգևորությունը, որը դեռ վերջերս կենսունակ ու անկեղծ էր թվում, փոխարինվեց շոկով և ներքին դատարկությամբ։ Քաղաքականության լեզուն աղքատացավ. բարդ գործընթացները սկսեցին բացատրել պարզունակ բանաձևերով, պատասխանատվությունը՝ լղոզել, իսկ պարտությունը՝ ձևակերպել որպես անխուսափելիություն՝ զուրկ կոնկրետ հեղինակներից։ Լրացուցիչ հարված հասցրեց ընդդիմադիր ուժերի մի մասի վարքագիծը, որոնք օրհասական պահին չկարողացան կամ չցանկացան դառնալ այլընտրանք։ Համախմբման փոխարեն նրանք հասարակության մեջ բերեցին պառակտում, հավակնությունների մրցակցություն և բողոքի շարժման մասնատում՝ վերջնականապես քաղաքացիների զգալի մասին զրկելով ելքի հնարավորության հանդեպ հավատից և հասարակությանը գցելով լուռ անտարբերության վիճակի մեջ:

Իսկ այսօր Փաշինյանը խոսում է Ադրբեջանի հետ խաղաղության մասին, որն իրականում գոյություն չունի։ Մի՞թե հնարավոր է խաղաղություն մի երկրի հետ, որի առաջնորդը բացահայտորեն հնչեցնում է իր հավակնությունները Հայաստանի նկատմամբ՝ նույնիսկ մեր մայրաքաղաք Երևանն անվանելով «հնագույն» ադրբեջանական քաղաք Իրևան, իսկ Սևանա լիճը՝ Գյոյչա, պահանջելով փոփոխություններ Հայաստանի Սահմանադրության մեջ և 300 հազար ադրբեջանցիների «վերադարձ»։ Մի՞թե հնարավոր է խաղաղություն նրանց հետ, ովքեր հայատյացությունը պետական քաղաքականության մաս են դարձրել, ովքեր համակարգված կերպով ոչնչացնում են մշակութային-պատմական հուշարձանները՝ փորձելով ջնջել հայերի ներկայության հետքերը Արցախում և չեզոքացնել նրանց պատմական իրավունքներն այս տարածաշրջանի նկատմամբ:

Ասում են, թե խաղաղությունը բարիք է: Եվ թերևս աշխարհում չկա պատերազմ վերապրած մի մարդ, ով կվիճարկեր դա: Բայց պատահում է նաև այնպես, որ «խաղաղություն» բառի տակ սկսում են հասկանալ ոչ թե անվտանգության և արժանապատվության վիճակ, այլ ընդամենը կրակոցների բացակայություն, կորուստների միջև ձգձգվող դադար, որտեղ լռությունն ավելի տագնապալի է հնչում, քան թնդանոթի համազարկը:

Հայաստանի այսօրվա քաղաքականությունն Ադրբեջանի հետ հարաբերություններում խոսում է հենց այդ լեզվով՝ հոգնածության և ոչ թե վստահության, պայքարից հրաժարվելու և ոչ թե ձեռքբերված հավասարակշռության լեզվով: Նիկոլ Փաշինյանն իր ուղեգիծը կոչում է խաղաղասիրական: Նա խոսում է պատմության փակված էջի, առաջ նայելու անհրաժեշտության, այն գնի մասին, որը հասարակությունը պետք է վճարի, որպեսզի այլևս երբեք որդիների մահը չտեսնի: Եվ այս խոսքերում կա ճշմարտություն՝ դառը, մարդկային, տառապանքով ձեռքբերված: Բայց կա նաև այն, ինչի մասին այդ խոսքերը լռում են:

Խաղաղությունը, որին մեզ տանում են, տարօրինակ դուրս եկավ. դրանում չկա պաշտպանվածության զգացողություն: Այն չտվեց գլխավոր հարցի պատասխանը՝ ի՞նչ կլինի վաղը, եթե հարևանը նորից որոշի խոսել ուժի լեզվով: Այն չբերեց հստակություն, չամրագրեց սահմանները, չստեղծեց մեխանիզմներ, որոնք ունակ կլինեն պահպանել հավասարակշռությունը, երբ քաղաքական իրավիճակը փոխվի: Այն ավելի շատ գոյություն ունի հայտարարությունների և փաստաթղթերի մեջ, քան սահմանին ապրող և յուրաքանչյուր կրակոցի գինն իմացող մարդկանց իրական կյանքում:

Այս գործընթացում ամենացավալին պարտությունը չէր որպես այդպիսին. պատմությունը գիտի բազմաթիվ ողբերգական էջեր, և ազգերը գոյատևել են շատ ավելի սարսափելի հարվածներից հետո: Ամենացավալին այն զգացողությունն էր, որ պարտությունն ընդունվեց որպես վերջնական նորմ, այլ ոչ թե ժամանակավոր վիճակ, որը պահանջում է վերաիմաստավորում և ներքին համախմբում: Որ կորստից չեն փորձում ուժ հավաքել ու առաջ շարժվել, այլ այն զգուշորեն տեղավորում են նոր քաղաքական իրականության մեջ՝ անվանելով այն հասունություն և պրագմատիզմ:

Հայաստանի իշխանությունների այս նոր հռետորաբանության մեջ Արցախն անհետացավ: Այն անհետացավ ոչ միայն դիվանագիտական բանակցություններից, այլև պետական խոսույթի բուն տրամաբանությունից: Նրա ճակատագիրն այլևս բանակցությունների առարկա չէ, չի ձևակերպվում որպես լուծում պահանջող խնդիր: Իրենց տները լքած մարդիկ կարծես թե դարձան անհարմար հիշեցում այն գնի մասին, որը գերադասեցին բարձրաձայն չարտասանել: Պետությունը կարծես հեռացավ իր իսկ ստվերից՝ հուսալով, որ այն ինքնաբերաբար կանհետանա: Եվ դրա հետ մեկտեղ անհետանում է ազգային հիշողության մի մասը. ավանդական արժեքները, որոնք դարեր շարունակ ծառայել են որպես ժողովրդի ոգու հենարան, ենթարկվում են լուռ քայքայման, իսկ պատմության հերոսական ու ողբերգական էջերը սկսում են խեղաթյուրվել՝ վերածվելով քաղաքական հռետորաբանության համար հարմար կառուցվածքների:

Միաժամանակ դադարեցվում է ակտիվ պայքարը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման համար՝ ոչ միայն որպես պատմական փաստի, այլև որպես բարոյական պահանջի, որն ամրագրում է հիշողության և արդարության իրավունքը։ Իշխանությունը, ցուցադրաբար խուսափելով այս թեմայից, կարծես ընտրում է դիվանագիտական փոխզիջման լեզուն՝ մոռացության գնով, պատմական գիտելիքը վերածելով ուժից և պարտավորությունից զուրկ վերացական խորհրդանիշի: Այդպես կորսվում է ոչ միայն տարածքային սուբյեկտայնությունը, այլև ազգի բարոյական ու հոգևոր հիմքը, առանց որի ցանկացած «խաղաղություն» վերածվում է սոսկ փոթորկից հետո տիրող լռության, այլ ոչ թե իսկական անվտանգության և արժանապատվության:

Ասում են, թե քաղաքականությունը հնարավորի արվեստ է։ Բայց երբ հնարավոր է համարվում միայն զիջումը, իսկ անհնարին՝ պաշտպանությունը, կասկած է առաջանում՝ արդյո՞ք արվեստը չեն փոխարինել ինքնամեկուսացման կամքով։ Չէ՞ որ դիվանագիտությունն առանց ուժի վրա հենվելու՝ նույնիսկ ոչ թե ռազմական, այլ ինստիտուցիոնալ, բարոյական, ռազմավարական, վերածվում է ներողամտության խնդրանքի։ Իսկ խնդրանքները հազվադեպ են հարգում:

Առանձնահատուկ տագնապեցնող է իշխանության և հասարակության միջև առկա անջրպետը։ Փաշինյանը խոսում է ռացիոնալության, սառը հաշվարկի, ծանր որոշումներ կայացնելու անհրաժեշտության մասին։ Իսկ հասարակությունն ապրում է կորստի, հիշողության, ցավի և կրկնության վախի տրամաբանությամբ։ Այս խզումը չի հաղթահարվում, չի քննարկվում, չի բուժվում։ Այն պարզապես անտեսվում է, կարծես լռությունն ի զորու է փոխարինել համաձայնությանը:

Մարդիկ հոգնել են։ Նրանք իսկապես հոգնել են պատերազմից, տագնապից, վատ լուրերի անվերջ սպասումից։ Բայց հոգնածությունը վատ հիմք է երկարաժամկետ խաղաղության համար։ Հոգնածության վրա կառուցում են ոչ թե ապագան, այլ՝ ժամանակավոր համակերպումը։ Եվ հենց այդ համակերպումն են այսօր փորձում ներկայացնել որպես ազգային կոնսենսուս:

Ուստի գլխավոր հարցը, որը մնում է անպատասխան, հնչում է պարզ և սարսափեցնող. սա խաղաղություն է, որը մենք ենք ընտրել, թե՞ խաղաղություն, որին մեզ սովորեցրել են (կամ ստիպել են) համաձայնել:

2026 թվականի ամռանը, մոտենալով ընտրատեղամասին, յուրաքանչյուր հայ ընտրություն կկատարի ոչ միայն թեկնածուների ու կուսակցությունների, այլև ազգային արժանապատվության և համակերպման միջև։ Այս ընտրությունը հստակ հարց է բարձրացնում՝ պատրա՞ստ է արդյոք ժողովուրդը վերադարձնել իր հիշողությունը, արժեքները և ուժը, թե՞ համաձայն է հաշտվել հոգնածության և խաղաղության մասին պատրանքների հետ:

Այսօրվա իրականությունը հայ ժողովրդի առջև դնում է սուր և անխուսափելի հարց, ինչպես Շեքսպիրի մոտ՝ լինել, թե՞ չլինել։ Ինչպես պարզ գոյատևման իմաստով, այնպես էլ խորը, բարոյական և պատմական հարթության մեջ։ Լինել՝ նշանակում է վերադարձնել ազգային արժանապատվությունը, հիշողությունը և արժեքները, որոնք կորսվել կամ փոխարինվել են զիջումների և անիրականանալի խաղաղության մասին պատրանքների տարիներին: Լինել՝ նշանակում է պահպանել ոգու ուժը, պաշտպանել իրավունքներն ու պատմական արդարությունը՝ թույլ չտալով օտարի կամքին որոշել երկրի ճակատագիրը: Չլինել՝ նշանակում է համակերպվել կապիտուլյացիայի հետ։ Եվ հենց այս սահմանագծին է այսօր կանգնած հայ ժողովուրդը, որի յուրաքանչյուր քաղաքացի, մոտենալով ընտրություններին և որոշում կայացնելով, պետք է գիտակցի իր ընտրության ողջ պատասխանատվությունը: