Անվտանգության պատրանք. ի՞նչ է իրականում թաքցնում ՀՀ ԱՀԾ զեկույցը

Հայաստանի Արտաքին հետախուզության ծառայության հրապարակած զեկույցը 2026 թվականի անվտանգային ռիսկերի վերաբերյալ, ըստ էության, ոչ թե արտաքին իրավիճակի վերլուծություն է, այլ գործող իշխանության կողմից իրականացված ազգային անվտանգության համակարգի քայքայման արձանագրված արդյունք։

Փորձագիտական հռետորաբանության քողի տակ թաքնված է մի փաստաթուղթ, որի նպատակը ոչ թե գալիք սպառնալիքների մասին զգուշացնելն է, այլ արդեն կայացված որոշումներն արդարացնելը և ռացիոնալության տեսք հաղորդելն այն ընթացքին, որի հետևանքները երկարաժամկետ և ցավոտ կլինեն Հայաստանի համար։

Վաղ նախազգուշացման գործառույթի փոխարեն զեկույցը կատարում է հասարակության համար անզգայացման դեր։ Այն խնդիրների աղբյուրներն իրենց անուններով չի կոչում և չի ընդունում ակնհայտը. արձանագրված սպառնալիքների զգալի մասը Նիկոլ Փաշինյանի կառավարության քայլերի ուղղակի հետևանքն է։ Պատասխանատվությունը հետևողականորեն դուրս է մղված տեքստի սահմաններից, իսկ ռիսկերը ներկայացված են որպես արտաքին, գրեթե բնական երևույթներ, որոնք կապված չեն ներքին կառավարչական սխալների հետ։

Փաստաթղթի առանցքային դիրքորոշումը՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության սառեցված կարգավիճակի պահպանումը, մատուցված է որպես չեզոք և քննարկում չպահանջող փաստ։ Մինչդեռ խոսքը հավաքական պաշտպանության միակ գործող մեխանիզմի գիտակցված ապամոնտաժման մասին է՝ այն պայմաններում, երբ ռազմական սպառնալիքները չեն անհետացել, այլ տրանսֆորմացվել են։ Զեկույցը խուսափում է պետական անվտանգության հիմնարար հարցից. ո՞վ է ստանձնելու երկրի պաշտպանության պարտավորություններն ուժային սցենարի դեպքում։ Պատասխան չկա, որովհետև դուրս բերված համակարգին որևէ փոխարինող պարզապես գոյություն չունի։

ՀԱՊԿ-ի քննադատությունը տեքստում փոխարինում է վերլուծությանը։ Փաստաթուղթը չի առաջարկում ո՛չ անվտանգության այլընտրանքային ճարտարապետություն, ո՛չ նոր դաշինքներ, ո՛չ էլ այլ պետությունների կողմից ամրագրված երաշխիքներ։ Հայաստանը փաստացի մնում է միայնակ, բայց այդ մենակությունը մատուցվում է որպես գիտակցված և իբր շահավետ ընտրություն։ Իրականում խոսքը ռազմավարական ռիսկի գիտակցված ընդունման մասին է, որը պետության հիմնարար շահերից վեր է դասվել։ Սա արդեն սխալ հաշվարկ չէ, այլ քաղաքական որոշում՝ կանխատեսելիորեն վտանգավոր հետևանքներով։

Հատուկ ուշադրության է արժանի «հիբրիդային սպառնալիքների» բաժինը։ Այն ծավալուն է, հագեցած մանրամասներով և միևնույն ժամանակ՝ ծայրաստիճան երկդիմի։ Զեկույցը վերածվում է ակնարկների լեզվի՝ հասցեագրված է նախ և առաջ արտաքին ազդեցության կենտրոններին։ Սա ոչ թե հետախուզական գնահատական է, այլ քողարկված ուղերձ. Հայաստանը գտնվում է «ճիշտ կողմում», հասկանում է, թե որտեղից է բխում վտանգը, և այդ պատճառով ռեսուրսային աջակցության կարիք ունի։

Միևնույն ժամանակ, «հիբրիդային պատերազմի» հայեցակարգն օգտագործվում է որպես համընդհանուր արդարացման մեխանիզմ։ Ցանկացած ներքին խնդիր՝ հասարակական դժգոհությունից մինչև վստահության ճգնաժամ, վերագրվում է արտաքին միջամտությանը։ Իշխանությունը սկզբունքորեն բացառում է տեղի ունեցողի համար սեփական պատասխանատվության հնարավորությունը։ Նման մոտեցումը ոչ թե պաշտպանում է ժողովրդավարական ինստիտուտները, այլ խարխլում է դրանք՝ նախապես ցանկացած անհամաձայնություն հայտարարելով թշնամական ազդեցության արդյունք։

Այս ֆոնին հատկապես հատկանշական է «Արևմտյան Ադրբեջան» նախագծի ուշացած ներառումը սպառնալիքների ցանկում։ Տարիներ շարունակ պաշտոնական կառույցները նախըտրում էին չնկատել այս օրակարգը, որպեսզի չխաթարեն «անշրջելի խաղաղության» հարմարավետ միֆը։ Այսօր, երբ Ադրբեջանը ռևիզիոնիստական գաղափարախոսությունը դարձրել է պետական քաղաքականության տարր, կտրուկ ավելացրել է ռազմական ծախսերը և լեգիտիմացրել համապատասխան հռետորաբանությունը, սպառնալիքը վերջապես ընդունեցին, բայց միայն պոստֆակտում։

Նույնիսկ այստեղ փաստաթուղթը ցուցադրում է իր ներքին սնանկությունը։ Մի կողմից արձանագրվում է ադրբեջանական քարոզչության և ռազմականացման համակարգային բնույթը, մյուս կողմից՝ պնդվում է, թե էսկալացիայի հավանականությունը նվազագույն է: Սա ոչ թե վերլուծական անփութություն է, այլ գիտակցված հակասություն՝ միտված հասարակությանը ինքնահանգստացման վիճակում պահելուն: Կամ Բաքուն պատրաստվում է երկարաժամկետ ճնշման, կամ խաղաղությունն իսկապես կայուն է: Երկուսը միաժամանակ հնարավոր չեն։

Միաժամանակ հասարակությանը պատրաստում են հերթական «ճեղքմանը»՝ Թուրքիայի հետ սահմանի մասնակի բացմանը։ Մի քանի տարի առաջ ձեռքբերված պայմանավորվածությունները կմատուցվեն որպես պատմական ձեռքբերում։ Սակայն իրականում նման քայլը, որն արվում է Երևանի թուլացած դիրքերի պայմաններում, ուժեղացնում է տարածաշրջանային խաղացողներին և կրճատում Հայաստանի ինքնուրույն քաղաքականության հնարավորությունները։ Զեկույցը խոսում է առավելությունների մասին, սակայն լռում է ռիսկերի՝ կախվածության, շանտաժի, ռազմավարական հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողության կորստի մասին։

Տնտեսական բաժինը վերջնականապես ոչնչացնում է երկարաժամկետ ծրագրի առկայության պատրանքը։ Իշխանությունը նախապես ընդունում է արտաքին ճնշման տակ Ռուսաստանի հետ տնտեսական կապերի կրճատման սցենարը՝ չառաջարկելով ո՛չ այլընտրանքային շուկաներ, ո՛չ փոխհատուցման մեխանիզմներ։ Այդպիսով երկիրը գիտակցաբար մտցվում է վերահսկվող կախվածության ռեժիմի մեջ՝ առանց սեփական տնտեսական հենքի և առանց կայունության երաշխիքների։

Ի վերջո, Արտաքին հետախուզության ծառայության զեկույցը նման է ոչ թե տագնապի ազդանշանի, այլ արձանագրման պաշտոնական ակտի։ Այն վկայում է այն մասին, որ Հայաստանը 2026 թվականին մոտենում է առանց դաշնակցային հենարանի, առանց անվտանգության հստակ ռազմավարության, աճող գոյաբանական ռիսկերով և մի իշխանությամբ, որը նախըտրում է իր ձախողումները ձևակերպել խնամքով գրված վերլուծական հաշվետվությունների տեսքով։

Նիկոլ Փաշինյանի կառավարության քաղաքականությունն ավելի ու ավելի է հիշեցնում ոչ թե երկրի կառավարում, այլ սեփական որոշումների հետևանքներին արձագանքում։ Նմանատիպ զեկույցները չեն նվազեցնում սպառնալիքները, դրանք սոսկ արձանագրում են պետական մտածողության քայքայումը։ Եվ ամենախիստ եզրակացությունը, որը բխում է այս տեքստից, հետևյալն է. Հայաստանի անվտանգությանը սպառնացող առանցքային գործոններից մեկը դառնում է հենց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։

Ինստիտուցիոնալ փլուզման ամենախոսուն վկայությունը կադրային կառուցվածքն է, որի վրա հիմնված է Արտաքին հետախուզության ծառայությունը։ Հայաստանի ԱՀԾ-ն գլխավորում է Քրիստինե Գրիգորյանը՝ իրավաբան, նախկին օմբուդսմեն, մի մարդ, ով չունի որևէ մասնագիտական փորձ հետախուզության, ռազմավարական վերլուծության կամ օպերատիվ աշխատանքի ոլորտում։ Այս նշանակումը ոչ թե վիճահարույց է, այլ՝ ցուցադրական։ Երկրի նորագույն պատմության մեջ առաջին անգամ ազգային անվտանգության առանցքային մարմինը գլխավորել է մի մարդ, ում համար հետախուզությունը ոչ թե մասնագիտություն է, կարիերա կամ իրավասության ոլորտ, այլ քաղաքական սկզբունքով ստացված վարչական պաշտոն։

Արտաքին հետախուզության ծառայությունն ստեղծվել է միայն 2022 թվականի դեկտեմբերին՝ արդեն ռազմական պարտությունից, տարածքային կորուստներից և անվտանգության ողջ ճարտարապետության ակնհայտ ձախողումից հետո։ Պրոֆեսիոնալ կադրերի վերականգնման, Ազգային անվտանգության ծառայության ինստիտուցիոնալ հզորացման փոխարեն իշխանությունը գնաց բարեփոխումների բյուրոկրատական իմիտացիայի ճանապարհով. արտաքին հետախուզության բլոկը մեխանիկորեն դուրս բերվեց ԱԱԾ-ից և ձևակերպվեց որպես առանձին կառույց։ Այդ քայլի հետևում չկար ո՛չ ռազմավարական հայեցակարգ, ո՛չ կադրային դպրոց, ո՛չ էլ ապացուցված արդյունավետություն։ Սա ոչ թե բարեփոխում էր, այլ՝ պատասխանատվությունից փախուստ։

Արդյունքում Հայաստանը ստացավ արհեստականորեն կառուցված մի մարմին՝ առանց ավանդույթների, առանց ինքնուրույն վերլուծական մշակույթի և առանց իրական սուբյեկտայնության, որը գլխավորում է մի մարդ, ով ի վիճակի չէ մասնագիտորեն տարբերել հետախուզական գնահատականը քաղաքական նարատիվից։ Նման պայմաններում ԱՀԾ զեկույցը չէր կարող լինել այլ բան, քան քաղաքականապես հաշվարկված տեքստ, որը սպասարկում է կառավարության գիծը, այլ ոչ թե ազգային անվտանգության շահերը։

Փաստացի խոսքը ռազմավարական մակարդակի կադրային պրոֆանացիայի մասին է։ Հետախուզությունը պետության մասնագիտական սթափության վերջին ատյանն է։ Երբ այն գլխավորում է մի մարդ, ով չունի պրոֆիլային փորձառություն, նշանակում է՝ իշխանությունը գիտակցաբար հրաժարվել է այդ սթափությունից։ Այդ պատճառով զեկույցը պետք է դիտարկել ոչ թե որպես վերլուծական փաստաթուղթ, այլ որպես հանցանշան. ապացույց այն բանի, որ ազգային անվտանգության համակարգը ծառայում է Փաշինյանի արկածախնդրությանը։

Այս համատեքստում Հայաստանի համար գլխավոր սպառնալիքը ձևավորվում է ոչ թե սահմաններից դուրս, այլ ներսում՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից ընդունված կադրային որոշումների արդյունքում, որոնք հետախուզությունը պետության պաշտպանության գործիքից վերածել են քաղաքական կառուցվածքի դեկորատիվ տարրի։