Հայաստանը պատմական սահմանագծին. սխալ ընտրության գինը

Ժամանակակից աշխարհում հին պատրանքներն այլևս չեն գործում։ Միջազգային հարաբերություններում արժեքների, իրավունքների և հավասարության մասին հռետորաբանությունն իր տեղը զիջել է ուժի կոպիտ ու բացահայտ քաղաքականությանը։ Մեծ տերությունները չեն թաքցնում իրենց շահերը և այլևս չեն փորձում դրանք քողարկել բարոյական խոսույթներով։ Այս իրականությունը նոր չէ, բայց այսօր այն դարձել է բացահայտ և լայնորեն ընդունված։ Նման իրավիճակում փոքր և թույլ երկրները կամ տիրապետում են պետականության հմտություններին և դիմադրելու կարողությանը, կամ վճարում են իրենց իշխանության սխալների գինը։ Ցավոք, Հայաստանն այսօր վճարում է հենց այդ գինը:

Հայաստանի ներկայիս խոցելիությունը պատահականություն չէ և ոչ էլ միայն արտաքին միջամտության հետևանք։ Հայաստանը չի պարտվել իր բարդ աշխարհագրական դիրքի կամ արտաքին ճնշումների պատճառով։ Այո, այդ գործոնները զգալի ազդեցություն ունեն, բայց վճռորոշ պարտությունը տեղի ունեցավ այն պահին, երբ հայ ժողովուրդը տրվեց պատրանքներին, և Սերժ Սարգսյանի բեմադրած կեղծ «հեղափոխության» արդյունքում իշխանությունն անցավ Նիկոլ Փաշինյանի անգործունակ, ոչ պրոֆեսիոնալ և դավաճանական թիմին, որը նպատակաուղղված կերպով պետական կառավարումը փոխարինեց քաոսով, ինքնախաբեությամբ, համատարած կոռուպցիայով՝ աճուրդի հանելով ազգային շահերը:

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը և նրան սատարող քաղաքական, վարչական ու մեդիա կառույցները ոչ միայն ձախողել են պետության կառավարումը, այլև տարիներ շարունակ հետևողականորեն ապամոնտաժել են այն։ Արցախի կորստից հետո իշխանությունը պարտավոր էր իրականացնել ամբողջական քաղաքական վերանայում։ Դրա փոխարեն պարտությունը ներկայացվեց որպես «խաղաղության հնարավորություն», իսկ պետական կապիտուլյացիան՝ որպես «ռացիոնալ ընտրություն»։ Ժողովրդավարության մասին դատարկ խոսակցությունները փոխարինեցին անվտանգությանը, իսկ իրական ռազմավարությունը բացակայում էր:

Այսօր, երբ աշխարհը խոսում է ազդեցության գոտիների, ուժի իրավունքի և շահերի լեզվով, Հայաստանը ներկայանում է որպես մի երկիր, որի իշխանությունը չունի ոչ ռազմավարություն, ոչ հուսալի դաշնակիցներ, ոչ ներքին միասնություն։ Իշխանության միակ գործիքը վախի վրա հիմնված քարոզչությունն է՝ «կամ մենք, կամ պատերազմ»։ Սա քաղաքական ծրագիր չէ, այլ սեփական ժողովրդի քաղաքական շանտաժ։

Փաշինյանին սատարող ուժերը, մտավորականության ներկայացուցիչները տարիներ շարունակ լռել են պետական զիջումների, ազգային նվաստացումների և համակարգային ձախողումների առջև։ Նրանք համապարտ պատասխանատվություն են կրում Հայաստանի ներկայիս վիճակի համար։ Այստեղ այլևս տեղ չկա «ժառանգության», «բարդ ժամանակների» կամ «սխալների» մասին արդարացումների համար։ Պետությունը չի քանդվում մեկ օրում. այն քանդում են հետևողական անպատասխանատվությամբ:

Այս պայմաններում առաջիկա ընտրությունները սովորական քաղաքական գործընթաց չեն։ Այժմ գնդակը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դաշտում է, և այս պատմական ու բախտորոշ պահին նրանք պարտավոր են կատարել ընտրություն, որը կհամապատասխանի պետության պահպանմանը և ազգի ապագայի շահերին:

Իրականությունը պարզ է և անողոք. գործող իշխանությունը չի վայելում հասարակության մեծամասնության աջակցությունը։ Եթե ընտրություններին մասնակցի քաղաքացիների ավելի քան 50%-ը, Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը գրեթե բացառված է։ Նրա իշխանությունը գոյություն ունի միայն հանրային հուսահատության, վախի և ընտրություններին չմասնակցելու շնորհիվ:

Ընտրություններին չմասնակցելը նշանակում է քվեարկել այս քաղաքականության օգտին: Լռել՝ նշանակում է համաձայնել պարտությանը։ Տանը մնալ՝ նշանակում է երկարաձգել նույն ոչ պրոֆեսիոնալ և դավաճանական իշխանության կյանքը:

Հայաստանը դատապարտված չէր պարտության։ Այն պարտվեց սխալ ընտրության պատճառով։ Եվ որքան շուտ տրվի այդ ընտրության քաղաքական գնահատականը, այնքան մեծ կլինեն պետությունը վերականգնելու և տարածաշրջանում կորցրած դիրքերը հետ բերելու հնարավորությունները: