Եկեղեցու դեմ արշավից մինչև կեղծ «խաղաղության» միֆը. Ռուբեն Մելքոնյանի ահազանգը

,

5-րդ ալիքի եթերում թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը հանդես եկավ խորքային ու սկզբունքային վերլուծությամբ՝ բացահայտելով այն գործընթացները, որոնք, նրա համոզմամբ, միաժամանակ ուղղված են Հայ Առաքելական Եկեղեցու թուլացմանը, ազգային ինքնության խաթարմանը և Հայաստանի ինքնիշխանության տապալմանը։ Նա նաև քննադատության ենթարկեց վերջին շրջանում հնչող այն հայտարարությունները, որոնք, նրա համոզմամբ, միտված են հանրային գիտակցության մեջ թշնամու կերպարի ջնջմանը և պետական ինքնապաշտպանական հնարավորությունների թուլացմանը։

Եկեղեցին՝ թիրախ պետական քաղաքականության մեջ

Մելքոնյանի գնահատմամբ՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ, պատահական զարգացումների շարք չէ, այլ համակարգված ճնշման քաղաքականություն։ Նա խոսեց ոչ միայն քարոզչական հարձակումների, այլև ուղիղ վարչական, իրավական և ֆիզիկական սպառնալիքների մասին՝ ուղղված եկեղեցու և նրա սպասավորների դեմ։

Պրոֆեսորը հիշեցրեց, որ Վեհափառ Հայրապետի որոշումը՝ եպիսկոպոսաց ժողովը Ավստրիայում անցկացնելու մասին, պայմանավորված է իրական վտանգներով․

«Սա հստակ ցուցիչ է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը իր ամբողջ լծակներով աշխատում է եկեղեցու դեմ՝ անցնելով իրավունքի բոլոր սահմանները»։

Նա հատկապես վտանգավոր նախադեպ համարեց կաթողիկոսական տնօրինությունների փոփոխությունը դատարանների միջոցով և հոգևոր իշխանության քաղաքական իշխանությանը ենթարկումը ։ Մելքոնյանի խոսքով՝ սա անօրինություն է, որի նմանը Հայ Առաքելական Եկեղեցին չի տեսել անգամ օտար տիրապետությունների ժամանակ։

Բռնության քարոզ՝ անպատժելիության պայմաններում

Ռուբեն Մելքոնյանը անդրադարձավ նաև հրապարակային կոչերին և գործողություններին, որոնք ուղիղ բռնության տարրեր են պարունակում։ Նրա խոսքով՝ երբ իշխանամետ շրջանակների ներկայացուցիչները եկեղեցու բակում հայտարարում են, որ պետք է «քարով խփել» կամ «ոչնչացնել» Ամենայն Հայոց Կաթողիկոսին, և այդ հայտարարությունները մնում են անպատիժ, սա արդեն պետական մակարդակով հանդուրժվող ահաբեկման մթնոլորտ է։

«Եթե ընդդիմադիր որևէ անձի հարազատ խոսք է ասում, անմիջապես քրեական գործ է հարուցվում, իսկ եթե իշխանամետը հրապարակավ կոչ է անում բռնության՝ լռություն է», — ընդգծեց նա։

Նա հիշեցրեց նաև այն դեպքերը, երբ տեղական իշխանությունների ներկայացուցիչները միջամտել են պատարագների ընթացքին, սահմանափակել հավատացյալների մուտքը եկեղեցի կամ վերածել աստվածպաշտական արարողությունը քաղաքական շոուի՝ առանց որևէ իրավական հետևանքի։

«Բարենորոգման» միֆը և կռապաշտությունը

Մելքոնյանի համոզմամբ՝ եկեղեցու դեմ գործողությունները հաճախ քողարկվում են «բարենորոգման» կարգախոսով։ Սակայն իրականում, նրա խոսքով, խոսքը ոչ թե հոգևոր մաքրման, այլ հոգևոր կառույցի ենթարկման մասին է։

Նա խիստ քննադատեց այն երևույթները, երբ պատարագները վերածվում են զանգվածային ներկայացումների, ուղեկցվում ծափերով, գոռգոռոցներով և քաղաքական կարգախոսներով։

«Փրկիչը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Եկեղեցում փրկիչներ չեն փոխվում, կուռքեր չեն ստեղծվում, իսկ պատարագը շոու չէ», — ընդգծեց պրոֆեսորը։

Եկեղեցու թուլացումը՝ արտաքին քաղաքական շահերի համատեքստում

Ռուբեն Մելքոնյանը եկեղեցու դեմ բռնաճնշումները դիտարկեց ավելի լայն՝ աշխարհաքաղաքական համատեքստում։ Նրա համոզմամբ՝ Հայ Առաքելական Եկեղեցին ազգային ինքնության առանցքային սյուներից մեկն է, և նրա թուլացումը ձեռնտու է այն ուժերին, որոնք ձգտում են Հայաստանը դարձնել վերահսկելի, ինքնությունից զուրկ տարածք։ Այս համատեքստում նա հիշեցրեց Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի խոսքերը․

«Մենք աջակցում ենք Նիկոլ Փաշինյանի կառուցողական քաղաքականությանը, և ցանկանում ենք, որ այն շարունակվի ընտրություններից հետո»։

Մելքոնյանի մեկնաբանությամբ՝ եկեղեցու դեմ հարվածները և Թուրքիայի կողմից իշխանության «կառուցողական» բնորոշումը նույն շղթայի օղակներ են։

Թուրքագետի մեկնաբանությամբ՝ այստեղ թարգմանության կամ ենթատեքստի խնդիր չկա․ խոսքը բացահայտ քաղաքական ուղերձ է։ Ֆիդանի համար «կառուցողական» է այն քաղաքականությունը, որը հրաժարվում է Արցախից, շրջանցում է Հայոց ցեղասպանության հարցը, հանում է Արարատը ազգային սիմվոլիկայից և գնում է միակողմանի զիջումների։

«Եթե Թուրքիայի արտգործնախարարը ասում է՝ սա կառուցողական քաղաքականություն է, ապա հայերիս համար դա չի կարող ընդունելի լինել», — ընդգծեց Մելքոնյանը։

Նրա խոսքով՝ ստեղծվել է աբսուրդային իրավիճակ, երբ թշնամական պետության արտգործնախարարին ներկայացնում են որպես խաղաղության աջակից, իսկ Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդին՝ որպես խոչընդոտ։

Գեղամ Նազարյան․ «Թուրքիան մեզ կուլ տալու մտադրություն չունի»

Պատգամավոր Գեղամ Նազարյանի աղմկահարույց հայտարարություններից մեկը, որը Մելքոնյանի գնահատմամբ արժանի է մասնագիտական կոշտ հակադարձման, հետևյալն է․

«Թուրքիան մեզ կուլ տալու մտադրություն չունի։ Երբ ասում ենք նման բան, մեզ հարցնում են՝ ինչպե՞ս կարող ես այդպիսի բան ասել»։

Նազարյանը նաև պնդում է, թե հայ ժողովրդին «ծնված օրվանից վախեցրել են թուրքից», և հավելում․

«Մենք դեռ նոր ենք սովորում, թե ինչ է խաղաղությունը»։

Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ նման ձևակերպումները ոչ միայն պատմական անգիտություն են, այլև քաղաքականապես վտանգավոր դիլետանտիզմ։ Նրա համոզմամբ՝ Թուրքիայի պետական քաղաքականությունը Հայաստանի հանդեպ ունի հստակ ագրեսիվ բնույթ՝ ուղղված հայկական պետական շահերի, ազգային ինքնության և պատմական հիշողության դեմ, և դա քննարկման առարկա չէ մասնագետների շրջանում։

«Ես չեմ կարող քննարկել՝ մածունը սպիտակ է, թե ոչ։ Բավական է կարդալ միջազգային լուրերը», — ընդգծեց նա։

Ինքնիշխանության «մուլյաժ» և ընտրության պատասխանատվություն

Մելքոնյանը կասկածի տակ դրեց նաև այն թեզը, թե «Հայաստանը երբեք այսքան ինքնիշխան չի եղել»։

«Եթե Հայաստանը այդքան ինքնիշխան է, ինչո՞ւ են օտար պետությունների ղեկավարները անընդհատ խոսում Հայաստանի սահմանների, ընտրությունների և սահմանադրության մասին», — հարցադրում արեց նա։

Եզրափակելով՝ պրոֆեսորը շեշտեց, որ Հայաստանի քաղաքացին ունի վերջին, բայց կարևոր գործիքը՝ քվեարկությունը։ Նրա խոսքով՝ չքվեարկելով այն քաղաքական ուժի օգտին, որն արժանանում է Հաքան Ֆիդանի բացահայտ աջակցությանը, քաղաքացին իրականում իր խաղաղ, սահմանադրական դիմադրությունն է իրականացնում։

Հանրային Տրիբունալի եզրակացությունը

Հանրային Տրիբունալը արձանագրում է, որ երբ Թուրքիայի արտգործնախարարը բաց տեքստով աջակցում է Հայաստանի գործող իշխանության «կառուցողական քաղաքականությանը», իսկ այդ նույն քաղաքականության հետևանքով թուլացվում են մեր պատմական հիշողությունը, ազգային խորհրդանիշները, Արցախի հարցը և եկեղեցու ինքնավարությունը, ապա խոսքը պարզապես ներքաղաքական սխալների մասին չէ։ Խոսքը ազգային անվտանգության, արժանապատվության և ապագայի հարցի մասին է։

Այն իրավիճակը, երբ թշնամական պետության ներկայացուցիչը ներկայացվում է որպես խաղաղության աջակից, իսկ Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդը՝ որպես խոչընդոտ, վկայում է արժեքային խոր ճգնաժամի մասին։ Սա չի կարող և չպետք է դառնա նոր նորմ հայ հասարակության համար։

Հանրային Տրիբունալը կոչ է անում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ առաջիկա Ազգային ժողովի ընտրություններում գիտակցել իրենց պատմական պատասխանատվությունը և չքվեարկել Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժի օգտին։ Այդ քվեարկությունը այլևս պարզապես քաղաքական ընտրություն չէ․ այն վերաբերում է մեր պետության ինքնիշխանությանը, մեր եկեղեցու ազատությանը և մեր ազգային ինքնության պահպանմանը։

Քվեատուփը այսօր այն վերջին խաղաղ ու սահմանադրական հարթակն է, որտեղ քաղաքացին կարող է ասել իր վճռական «ոչ»-ը արտաքին թելադրանքներին համահունչ քաղաքականությանը, կեղծ խաղաղության քարոզին և պետականության տապալմանը։

Общественный Трибунал уверен, что армянский народ способен отличить подлинный мир от унизительных уступок, а достойное будущее — от опасных иллюзий․