Արթուր Խաչիկյան․ "թավշյա հեղափոխությունից" յոթ տարի անց՝ կոռուպցիայի և իշխանության անպատժելիության համակարգը

,

Ստենֆորդի համալսարանի պրոֆեսոր Արթուր Խաչիկյանը սուր քննադատության ենթարկեց Հայաստանի ներկայիս իշխանություններին՝ մեղադրելով նրանց հայ հասարակությանը խաբելու մեջ և չկատարելու 2018 թվականի «թավշյա հեղափոխության» ժամանակ տրված խոստումները։ Նա ընդգծեց, որ նոր իշխանությունները ոչ միայն չեն վերացրել կոռուպցիան, այլ նույնիսկ գերազանցել են նախորդ ռեժիմին ոչ միայն կոռուպցիայի, այլ նաև ոչ պրոֆեսիոնալ կառավարման առումով։

Խաչիկյանը հիշեցրեց, որ հեղափոխությունը սկսվեց ժողովրդի կողմից՝ հույսով, որ կոռուպցիան կվերանա, իշխանությունը կդառնա թափանցիկ և պետությունը՝ հաշվետու։ Մարդիկ դուրս եկան փողոց՝ պայքարելու անարդարության և կոռուպցիայի դեմ, հավատալով, որ փոփոխությունը կլինի իրական և խորքային։

Սակայն յոթ տարի անց պարզ դարձավ, որ խոստումները մնացին միայն բառերի մակարդակում։ Ղարաբաղում փոխարեն խաղաղության ունեցանք երեք պատերազմ, 5000 զոհ և հայաթափված շրջաններ։ Ժողովրդավարության փոխարեն՝ ճնշումներ, տեռոր և ոստիկանապետություն, որտեղ սև դիմակներով ուժայինները կարող են ներխուժել մարդկանց տները, շանտաժի ենթարկել, զրպարտել ու ձերբակալել։

Խաչիկյանը թվարկել է կոնկրետ դեպքեր, որոնք հաստատում են կոռուպցիայի շարունակականությունը․ պետական հիմնադրամների միլիոնավոր դոլարների օֆշորային փոխանցումներ, ծրագրերի զրոյական արդյունքներ, վարչապետի եղբայրն ու ԱԺ նախագահի եղբայրը բազմաթիվ ընկերությունների տնօրեններ և տենդերների շահառուներ են դարձել՝ առանց հաշվետվության կամ պատասխանատվության։

Նա շեշտեց, որ հեղափոխությունը կանգ է առել կես ճանապարհին, և նոր ռեժիմը ստեղծել է համակարգ, որտեղ անձնական և կուսակցական շահերը գերիշխում են պետական շահերի նկատմամբ։ Միակ ճանապարհը, ըստ նրա, հասարակության պահանջատիրությունն է. միայն ակտիվ, պահանջկոտ քաղաքացիները կարող են ստիպել իշխանությանը պատասխան տալ և ապահովել թափանցիկություն, օրենքի գերակայություն ու պատասխանատվություն։

Վերջում Խաչիկյանը կոչ արեց բոլորին իմանալ ճշմարտությունը, տարածել այն և չմոռանալ, որ հեղափոխությունը սկսվեց մարդկանցից և կարող է նորից սկսվել միայն նրանց կամքով, եթե մարդիկ դա ցանկանան։