Երեք տերությունների խաչմերուկ. ինչ է գրում Մարկեդոնովը, և ինչ ռազմավարական ելք է մնում Հայաստանին՝ ըստ Հանրային տրիբունալի փորձագետների

Արագորեն փոփոխվող աշխարհաքաղաքական իրականության ֆոնին Հարավային Կովկասը կրկին դառնում է համաշխարհային օրակարգի առանցքային կետերից մեկը։ Դեկտեմբերին ՄՀՄՊԻ-ում անցկացված քաղաքական ռիսկերին և միջազգային տուրբուլենտությանը նվիրված համաժողովում քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը ներկայացրեց վերլուծություն, որը ցույց է տալիս․ հետխորհրդային տարածքն այլևս չի ընկալվում որպես համաշխարհային քաղաքականության շրջագիծ։ Ընդհակառակը, այն վերածվում է «բազմաբևեռության լաբորատորիայի», որտեղ բախվում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի շահերը, իսկ տարածաշրջանային խաղացողները ստիպված են վերաիմաստավորել իրենց ռազմավարությունները։

Հետխորհրդային տարածքը՝ նոր բազմաբևեռության մոդել

Մարկեդոնովն ընդգծում է. աշխարհը շարժվում է դեպի իշխանության ավելի բարդ երկրաչափություն, որտեղ դասական երկբևեռությունն այլևս չի գործում: Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Արևելյան Եվրոպայում միահյուսվում են երեք գլոբալ դերակատարների շահերը։ Ընդ որում՝ Ռուսաստանը, չնայած ազդեցության կորստի մասին քննադատություններին, մնում է առանցքային եւ անխուսափելի խաղացող:

Միաժամանակ ԱՄՆ-ն և Չինաստանը ակտիվացնում են մրցակցությունը տարածաշրջանում։ Վաշինգտոնն ու Բրյուսելն առաջարկում են արժեքային-դիվանագիտական ուղեկցում։ Պեկինն առաջ է մղում տնտեսական նախաձեռնություններ, ենթակառուցվածքային նախագծեր, չմիջամտելու սկզբունք և ինքնիշխանության ճանաչում․ հենց այն, ինչը տարածաշրջանային էլիտաները հաճախ համարում են քաղաքական աջակցության ավելի հուսալի արժույթ, քան Արևմուտքի «հումանիտար ինտերվենցիոնիզմը»։

Այս եռակողմ կոնֆիգուրացիան տարածաշրջանը դարձնում է ոչ միայն ազդեցության օբյեկտ, այլ նաև հարթակ, որտեղ ձևավորվում են գլոբալ համակեցության նոր նորմեր։

Մարկեդոնովի նյութում ընդգծվում է. այո, Մոսկվան և Պեկինը միավորված են ամերիկյան հեգեմոնիզմի քննադատությամբ, բայց նրանց դիրքորոշումները նույնական չեն։ Չինաստանը խուսափում է միանշանակ աջակցել Ռուսաստանին զգայուն հարցերում՝ Ուկրաինայից մինչև Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչում։

Պեկինը պատրաստ է ընդունել Մոսկվայի առաջատար դերը անվտանգության ոլորտում Կովկասում, սակայն տնտեսության մեջ ձգտում է գործել ինքնուրույն։ Սա տարածաշրջանում ձևավորում է ընկալում, որ հնարավոր է «երրորդ ուղի»՝ ոչ ռուսամետ, ոչ էլ արևմտամետ։

Հարավային Կովկասը մեծ փոփոխություններից հետո․ ինչու է Հայաստանը կորցնում ռազմավարական ժամանակը — Հանրային Տրիբունալի կարծիք

Սերգեյ Մարկեդոնովի հրապարակումները կրկին օրակարգ են բերում մի հարց, որից հնարավոր չէ խուսափել․ Հարավային Կովկասը մտել է ուժերի վերաբաշխման փուլ։ Թուրքիան և Ադրբեջանը գործում են որպես միասնական ռազմաքաղաքական օրգանիզմ, Արևմուտքը խորացնում է աշխատանքը Անկարայի և Բաքվի միջոցով, իսկ Ռուսաստանը փորձում է վերականգնել վերջին տարիներին կորցրած դիրքերը։ Այս ֆոնին Հայաստանը մոտեցել է շրջադարձային կետի՝ ոչ միայն թուլացած, այլ նաև զրկված հստակ ռազմավարական վեկտորից։

Անկարայի և Բաքվի տանդեմը վերածվել է ռազմավարական ճնշման լիարժեք մեխանիզմի։ Թուրքիան ապահովում է քաղաքական հովանի, տնտեսական կշիռ և ռազմական ռեսուրս, իսկ Ադրբեջանը՝ ճկունություն, արագություն և տարածաշրջանային նախաձեռնողականություն։ Միասին նրանք ստեղծում են ճարտարապետություն, որը կարող է ոչ միայն ազդել Հայաստանի վրա, այլ նաև փոխել ամբողջ Հարավային Կովկասի տրանսպորտային, լոգիստիկ և էներգետիկ քարտեզը։

Արևմուտքն ի դեմս Անկարայի տեսնում է Ռուսաստանի և Իրանի զսպման բանալին, և այդ պատճառով թուրք-ադրբեջանական նախաձեռնությունները դիտարկում է ոչ թե որպես խնդիր, այլ որպես ավելի լայն ռազմավարության մաս։ Սա Բաքվին տալիս է միջազգային վստահություն և գործողությունների ազատություն, որը դեռ տասը տարի առաջ դժվար էր պատկերացնել։

Ռուսաստանը ձգտում է վերականգնել իր ազդեցությունը, սակայն նրա մեխանիզմներն այլևս ավտոմատ չեն աշխատում, ինչպես նախկինում։ Այսօր Մոսկվան ստիպված է ապավինել նոր գործիքների՝ տնտեսական, տրանսպորտային և մասամբ ուժային։ Դիրքերի վերականգնումը հնարավոր է, սակայն պահանջում է փոխգործակցության ավելի ճկուն ձևաչափեր։

Իրանն իր հերթին թուրք-ադրբեջանական նախագիծը ընկալում է՝ որպես սպառնալիք սեփական շահերին։ Նրա քաղաքականությունը դառնում է ավելի ակտիվ և կոշտ, թեկուզ ոչ միշտ հրապարակային։ Թեհրանը հստակ ցույց է տալիս, որ պատրաստ չէ համակերպվել իր հյուսիսային սահմանների մոտ ուժերի հավասարակշռության փոփոխության հետ։

Այսօրվա Հայաստանը նոր դարաշրջանը դիմավորում է ներսից թուլացած։ Սա երկարատև քաղաքական դրեյֆի, կուտակված սխալների և ռազմավարական պլանավորման բացակայության հետևանք է։

Ձախողումներն այսօր չեն սկսվել։ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական պարտվողականությունը՝ հիմնված հանուն «խաղաղության» զիջումների տրամաբանության վրա, նախադեպ ստեղծեց Հայաստանի՝ որպես նահանջելու պատրաստ կողմի ընկալման համար։ Ավելի ուշ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական շրջադարձը դեպի Արևմուտք՝ Ռուսաստանի հետ ռազմավարական փոխգործակցության կրճատմանը զուգահեռ, հանգեցրեց դաշնակցային հիմքի քայքայմանը, որի վրա հիմնված էր Հայաստանի անվտանգությունը։

Անկախության առաջին տարիներին դրվեց այն հիմքը, ինչը հետագայում դարձավ քաղաքական զիջողականության սովորույթ: Տեր-Պետրոսյանը ընտրեց հակամարտության ցանկացած գնով նվազեցման ռազմավարություն՝ ելնելով այն տրամաբանությունից, որ «Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ հաղթել»։ Նրա մոտեցումը հիմնված էր այն համոզմունքի վրա, որ զիջումները մեկուսացումից խուսափելու միակ ճանապարհն են:

Այս պարտվողական ռեալիզմը բերեց այն բանին, որ Հայաստանը սկսեց սեփական շահերը դիտարկել որպես երկրորդական և նախապես զիջելի։ Ավելին, քաղաքական մշակույթի մեջ ներմուծվեցին գաղափարներ, որ հաղթանակն անհնար է սկզբունքորեն, ինչը նշանակում է, որ Բաքվի ցանկացած պահանջ պետք է դիտարկել որպես անխուսափելիություն։

Սերժ Սարգսյանն իշխանության եկավ խորհրդարանի ամբիոնից հրապարակային հայտարարությամբ՝ պատրաստակամություն հայտնելով Ադրբեջանին զիջել պատերազմում գրավված տարածքները, մասնավորապես՝ Աղդամ քաղաքը: «Աղդամը մեր հայրենիքը չէ», - ասաց նա։ Սարգսյանի՝ 2008 թվականին նախագահի պաշտոնի ստանձնումը համընկավ Ռուսաստանի և Վրաստանի միջև պատերազմի հետ, որում Սարգսյանն ակնհայտորեն աջակցեց Սաակաշվիլիին, որին պատերազմից հետո պարգևատրեց Հայաստանի բարձրագույն շքանշանով՝ Ռուսաստանի կողմից օսերի դեմ ցեղասպանության մեղադրանքների ֆոնին։ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը ժամանակի ընթացքում ավելի ու ավելի էր թեքվում դեպի Արևմուտք։ Խոսքն այն մասին չէ, որ Հայաստանը չպետք է հարաբերություններ զարգացներ ԵՄ-ի հետ, այլ այն, որ այդ շրջադարձը կատարվում էր Ռուսաստանի հետ երկխոսության որակի աստիճանական նվազման պայմաններում, որը մնում էր անվտանգության հիմնական գործոնը։

ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման ձախողված փորձը, վերջին պահին արտաքին քաղաքական ուղեգծի կտրուկ փոփոխությունը, Բրյուսելի հետ վստահության ճգնաժամը և դրան զուգահեռ Մոսկվայում խորացող թերահավատությունը ստեղծեցին մի իրավիճակ, երբ ոչ Արևմուտքը, ոչ էլ Ռուսաստանը Երևանին չէին ընկալում որպես լիովին հուսալի և ինքնիշխան գործընկեր։ Տրիբունալի փորձագետները կարծում են, որ Սերժ Սարգսյանը գործել է Լոնդոնի շահերին համապատասխան՝ աշխատանքային ռեժիմով կապ պահպանելով այդ երկրի հետախուզական ծառայությունների հետ: Այս երկակիությունը՝ ըստ երևույթին, թելադրված բրիտանացիների կողմից և զուրկ ինքնիշխան ռազմավարական տրամաբանությունից, հանգեցրեց այն բանին, որ Հայաստանը նոր սպառնալիքների փուլ մտավ՝ առանց հստակ հենարանի և լիովին մեկուսացած:

Այս երկակիությունը՝ զուրկ ռազմավարական տրամաբանությունից, հանգեցրեց այն բանին, որ Հայաստանը նոր սպառնալիքների փուլ մտավ՝ առանց հստակ հենարանի։

Բայց հենց Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանը դարձավ այն կետը, որտեղ համակարգային սխալները վերածվեցին հաջորդական գծի։ Պատմությունը վերաիմաստավորելու, պետականությունը քանդելու, միությունները կազմաքանդելու և ինստիտուտները քայքայելու նրա քաղաքականությունը կառավարելիության աննախադեպ ճգնաժամ ստեղծեց։ Հայաստանը տարածաշրջանային փոթորկին մոտեցավ՝ վերջին տասնամյակների ամենաթույլ պետական համակարգով։

Եթե առաջին երկու փուլերը սխալ էին, բայց կառավարելի, ապա Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը որակապես այլ շրջադարձ էր։ Նրա իշխանության մոդելը քանդեց կադրային, դիվանագիտական և պաշտպանական ինստիտուտները, որոնք ձևավորվել էին տասնամյակների ընթացքում։

Էմոցիոնալ ուղերձների և փողոցային տրամաբանության վրա հիմնված քաղաքականությունը հանգեցրեց այն բանին, որ․

  • պրոֆեսիոնալ դիվանագիտությունը փոխարինվեց քաղաքական ակտիվիստներով,
  • սպառնալիքների վերլուծությունը՝ պոպուլիստական հայտարարություններով,
  • պաշտպանական կառույցները զրկվեցին մասնագետներից և ռազմավարական պլանավորումից,
  • արտաքին քաղաքականությունը վերածվեց իմպրովիզացիաների և մեդիա էֆեկտների հաջորդականության,
  • Մոսկվայի հետ հարաբերությունները հասցվեցին համակարգային ճգնաժամի,
  • Արևմուտքը, չնայած նոր իշխանության հանդեպ համակրանքին, այդպես էլ ոչ երաշխիքներ, ոչ էլ իրական աջակցություն չտրամադրեց։

Ներքին կառավարման համակարգը դարձավ կարգախոսների և էմոցիոնալ որոշումների պատանդ, որոնք անհամատեղելի էին Realpolitik-ի տրամաբանության հետ։ Հենց այս մոդելն էլ 2020 թվականին փլուզեց երկրի ռազմավարական կայունության վերջին մնացորդները։

Այսպիսով՝ երկրում հաստատվեց իշխանության մի մոդել, որտեղ լոյալությունն ավելի կարևոր է, քան կոմպետենտությունը։ Սա հանգեցրեց վերլուծական միջավայրի դեգրադացիայի, դիվանագիտության թուլացման և պաշտպանական կառավարման քայքայման։ Որոշումները կայացվում են էմոցիոնալ, քարոզչական հիմքով, այլ ոչ թե՝ փաստերի և հաշվարկների հիման վրա։

Փաշինյանական միակողմ զիջումների տրամաբանությունը բերեց հակառակ արդյունքի․ յուրաքանչյուր զիջում Բաքվի կողմից ընկալվում է որպես նոր պահանջների հրավեր։ Սա չի նպաստում խաղաղությանը, այլ խթանում է ճնշումը։

Քաղաքական մոդելի փոփոխության անհրաժեշտություն

Հայաստանին անհրաժեշտ է տեխնոկրատական կառավարում, որտեղ առաջնային են դառնում պրոֆեսիոնալիզմը, կոմպետենտությունն ու ռազմավարական մտածողությունը։ Միայն այդպիսի համակարգը կարող է վերականգնել դիվանագիտական դպրոցը, արդիականացնել պաշտպանությունը, ստեղծել վերլուծական կենտրոններ և կառուցել արդյունքահեն արտաքին քաղաքականություն։

Հայկական սփյուռքը ունի հսկայական լոբբիստական, ինտելեկտուալ և ֆինանսական ներուժ, որը գրեթե չի օգտագործվում։ Երկրին անհրաժեշտ է փոխգործակցության նոր ձևաչափ՝ ինստիտուցիոնալ, ոչ թե էմոցիոնալ, հիմնված ապագայի նկատմամբ համատեղ պատասխանատվության վրա։ Սակայն, այդ ներուժը մինչ այժմ մնում է չօգտագործված։

Այսօր Հայաստանին անհրաժեշտ է համալիր քաղաքականություն՝ ներքին ինստիտուտների վերականգնում, ուժերի կենտրոնների միջև ճկուն արտաքին քաղաքականություն, անվտանգության արդիականացում և սփյուռքի լիարժեք ներգրավվածություն։ Միայն այդկերպ երկիրը կարող է դադարել արձագանքել իրադարձություններին և սկսել ձևավորել սեփական օրակարգը։

2026 թվականի հնարավորությունը

Հարավային Կովկասը սրընթաց փոխվում է։ Հայաստանին ավելի ու ավելի քիչ ժամանակ է մնում այս նոր լանդշաֆտում տեղավորվելու, այլ ոչ թե դրա պատանդը լինելու համար։ Ինչպես ընդգծում է Մարկեդոնովը, Realpolitik-ի դարաշրջանում թուլությունը չափազանց թանկ հաճույք է։

Բայց երկրի ապագան կանխորոշված չէ։ Եվ շատ բան, հնարավոր է՝ վճռորոշ, կախված կլինի այն բանից, թե ինչպիսին կլինի քաղաքական դասավորությունը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։

Եթե գործող իշխանությունը պարտվի, Հայաստանը եզակի հնարավորություն կստանա՝ կոտրելու իմպրովիզացիաների, զիջումների և կառավարման դեգրադացիայի արատավոր շրջանը։ Հնարավորություն կստեղծվի սկսել տեխնոկրատական մոդելի ձևավորումը, որը կարող է երկրին վերադարձնել ռազմավարական մտածողությունը, պրոֆեսիոնալ դիվանագիտությունը և անվտանգության գործող ինստիտուտները։

Հնարավոր իշխանափոխությունը կարող է ճանապարհ բացել դեպի․

  • Ռուսաստանի և Իրանի հետ համակարգային աշխատանքի վերականգնում՝ ավելի պրագմատիկ և փոխշահավետ հիմքի վրա,
  • բանակցությունների լիարժեք հարթակի ստեղծում՝ հաշվի առնելով իրական սպառնալիքները, այլ ոչ թե քաղաքական պատրանքները,м
  • պաշտպանական հատվածի և վերլուծական բլոկի արդիականացում,
  • Սփյուռքի ինստիտուցիոնալ ներգրավում՝ որպես գիտելիքի, կապիտալի և միջազգային ազդեցության աղբյուր,
  • տնտեսական ռազմավարության ձևավորում՝ ուղղված ոչ թե գոյատևմանը, այլ զարգացմանը։

Երկար տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանը կկարողանա ոչ թե հասնել իրադարձությունների հետևից, այլ փորձել ձևավորել սեփական օրակարգը։ Քաղաքական տրամաբանության փոփոխությունը ՝ կառավարման դիլետանտիզմից դեպի պրոֆեսիոնալ պատասխանատվություն, կարող է երկրին վերադարձնել կորցրած սուբյեկտայնությունը և ստեղծել պայմաններ, որոնց դեպքում արտաքին քաղաքականությունը կդադարի լինել հարկադրված ռեակցիաների շղթա։

Եթե 2026 թվականին սկսվի անցումը կառավարման նոր որակի, Հայաստանը կկարողանա օգտվել այն հնարավորություններից, որոնք այժմ արագ կորչում են․ ամրապնդել դիրքերը տարածաշրջանում, վերստին կառուցել դաշինքներ, արդիականացնել պետությունը և աշխարհաքաղաքական խոցելիությունը վերածել ուժի կենտրոնների միջև հավասարակշռման գործիքի։

Նման հնարավորություն հազվադեպ է տրվում և, հնարավոր է, վերջինն է առաջիկա տարիների համար։

Իսկ եթե այն բաց թողնվի, Հարավային Կովկասը կվերաձևվի՝ առանց Երեւանի մասնակցության։
Եթե օգտագործվի, Հայաստանը հնարավորություն կունենա պատմություն վերադառնալ ոչ թե օբյեկտի, այլ՝ սեփական ապագան որոշող սուբյեկտի դերում։