Վաղարշապատի ընտրական նախերգանք. քաղաքական մեծ խաղի նախաբան
Ռուսաստանի ԱԳՆ ՄՄՀՊԻ-ի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովն իր «Դոնսկոյ կազակ» տելեգրամյան ալիքում ներկայացրել է Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների վերլուծությունը: Առանցքային թեզերը․
Ընտրական ցիկլի մեկնարկ։ Թեև Հայաստանում խորհրդարանական ընտրությունները նշանակված են 2026 թվականի հունիսի 7-ին, դրանց քաղաքական նախապատրաստությունն արդեն ընթանում է։ Տեղական ընտրությունները դառնում են հնգամյակի գլխավոր քարոզարշավի «նախաբան»։
Փաշինյանի հայտարարությունը. 2025 թվականի նոյեմբերի 3 ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց 2026 թվականի ընտրություններին մասնակցելու մասին։ Հատկանշական է, որ դա տեղի է ունեցավ Վաղարշապատի (Էջմիածին) ավագանու ընտրություններից երկու շաբաթ առաջ, ինչը դիտորդները գնահատեցին՝ որպես կանխամտածված ազդանշան։
Էջմիածնի նշանակությունը․ Վաղարշապատն առաջին հերթին հայտնի է որպես Էջմիածին՝ Հայաստանի հոգևոր կենտրոն, որտեղ գտնվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը։ Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) հետ իշխանությունների ներկայիս հակամարտությունը ներքաղաքական առանցքային հարցերից մեկն է, որն արտացոլում է «Իրական Հայաստանի» նախագծում առկա ավելի խորքային հակասությունները։
Վարկանիշի անկում և իշխանության պատասխանը: 2025 թվականի սկզբից արձանագրվում է Փաշինյանի և նրա կուսակցության ժողովրդականության անկում՝ հասնելով «թավշյա հեղափոխությունից» ի վեր նվազագույն մակարդակի։ Գյումրիի և Փարաքարի ՏԻՄ ընտրություններում պարտություններից հետո իշխանություններն ակտիվացրեցին ջանքերը Վաղարշապատում․
- 2025 թվականի հունիսի 20-ին որոշում կայացվեց Վաղարշապատ և Խոյ համայնքները (Արմավիրի մարզ) միավորելու վերաբերյալ՝ ընդդիմախոսների թուլացմանն ուղղված քայլ,
- ապահովվեց կառավարության օրակարգի մեդիա գերակայությունը։
Էջմիածնի խորհրդանշական դերը: Քաղաքը կրկնակի նշանակություն ունի․
- որպես հոգևոր կենտրոն, որտեղ պատմականորեն (1955 թվականից՝ Վազգեն I Կաթողիկոսի օրոք) ձևավորվեց հավասարակշռություն եկեղեցու և պետության միջև,
- որպես Փաշինյանի «հակակոռուպցիոն արշավների» մեկնակետ («գեներալ Մանվել Գրիգորյանի գործի» օրինակով), որոնք փաստացի քաղաքական դաշտի սանացիա դարձան։
2025 թվականի նոյեմբերի 16-ի ընտրությունների արդյունքները։ Մասնակից 8 քաղաքական ուժից միայն 3-ն անցավ Ավագանու խորհուրդ․
- կառավարական կուսակցություն՝ 48,5% ձայն (33 մանդատից՝ 19),
- «Հաղթանակ» դաշինք՝ 31,9 % (12 մանդատ),
- «Մայր Հայաստան»՝ 5,4 % (2 մանդատ):
Մարկեդոնովն ընդգծում է, որ իշխանության հաղթանակը ձեռք է բերվել ընտրական և արտաընտրական մեթոդների համադրության, այդ թվում՝ վարչարարական ռեսուրսի կիրառման հաշվին։
Հեռանկարներ. Չնայած միջանկյալ հաջողությանը՝ վերջնական արդյունքները կամփոփվեն միայն 2026 թվականի հունիսին։ Գլխավոր հարցն այն է, թե արդյոք ընդդիմությունը կկարողանա հաղթահարել մասնատվածությունը և առաջարկել այլընտրանքային ռազմավարություն։ Արտաքին քաղաքական գործոնը հեղինակը գիտակցաբար դուրս է թողնում վերլուծությունից՝ շեշտը դնելով ներքին գործընթացների վրա։
Այսպիսով՝ Վաղարշապատի ընտրությունները, ըստ Սերգեյ Մարկեդոնովի, դիտարկվում են որպես «նախերգանք»՝ փորձաքար 2026 թվականի գլխավոր քաղաքական պայքարից առաջ։


