Վերաշարադրելով պատմությունը. ինչպես է Սերժ Սարգսյանը փորձում իր վրայից գցել 2018 թ․ իրադարձությունների պատասխանատվությունը
Մեդիա տիրույթում չի հանդարտվում Imnemnimi փոդքասթի վերջին թողարկման ժամանակ հնչած սենսացիոն հայտարարության շուրջ աղմուկը: Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հետևյալ արտահայտությունն արեց․
«Ես իշխանությունը հանձնել եմ ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ՝ Կարեն Կարապետյանին»։
Այս խոսքերն անսպասելի հարված են բոլոր նրանց համար, ովքեր հետևել են 2018 թ․ դրամատիկ իրադարձություններին: Չէ որ մեր առջև մի մարդ է, ում անունը սերտորեն կապված է 2018 թվականին Հայաստանի դեմ դավադրության իրականացման հետ։ Վաղ անցյալի այդ դեպքերը դեռ թարմ են մարդկանց հիշողության մեջ։
- Հենց Սերժ Սարգսյանը 2018 թ․-ին արտաբերեց Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու խորհրդանիշ դարձած արտահայտությունը՝ «Նիկոլը ճիշտ էր, ես՝ սխալ»:
- Նա հրապարակավ խոստացավ չհավակնել վարչապետի պաշտոնին և խախտեց այդ խոստումը, ինչը «թավշյա հեղափոխության» կատալիզատոր հանդիսացավ։
- Նրա ձեռքում էր ամբողջ իշխանությունը, նրա վերահսկողության տակ էին գտնվում բոլոր ուժային կառույցները։
- Այնուամենայնիվ, նա ոչ մի քայլ չձեռնարկեց՝ կանխելու Փաշինյանի իշխանության գալը։
- Նրա փեսան տարիներ շարունակ ֆինանսավորում էր «Հայկական Ժամանակ» թերթը՝ Նիկոլ Փաշինյանի խոսափողը։
2018 թ․ ապրիլին Կարեն Կարապետյանը «Շանթ» հեռուստաընկերությանը հարցազրույցում զգուշացրել էր, թե ինչ վտանգ է պարունակում պսևդոդեմոկրատ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը:
«Ի՞նչ է նշանակում՝ կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա։ Սա նման է քաղաքական դաշտը մոնոպոլացնելու փորձի։ Այո, դրսում հավաքված շատ քաղաքացիներ արդարացիորեն իրենց դժգոհությունն են հայտնում մեր իշխանությունից, բայց արդյո՞ք բոլորն են ուզում, որ հենց Նիկոլ Փաշինյանը լինի վարչապետ: Կարծում եմ՝ ոչ: Մարդկանց պետք է հնարավորություն տալ ընտրելու, այլ ոչ թե՝ նման հայտարարություններ անել»,- ասել է Կարեն Կարապետյանը։
Այնուհետ Հանրապետական կուսակցությունը՝ Սերժ Սարգսյանի խիստ հսկողության ներքո, Ազգային ժողովը ցրելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու փոխարեն, կողմ քվեարկեց վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։ Ինչպես ընթացավ այդ քվեարկությունը, մենք ավելի վաղ գրել ենք «Դավաճանների սպասավորները․ Մաս 2. Ինչի՞ մասին է լռում Արմեն Աշոտյանը» մեր նյութում։
Եվ ահա հիմա՝ տարիներ անց, Սարգսյանը զարմանալի անվրդովությամբ խեղաթյուրում է 2018 թ․ տեղի ունեցածի էությունը։ Նրա հայտարարությունը պարզապես փաստի արձանագրում չէ։ Սա փորձ է վերաշարադրել այդ բուռն իրադարձությունների պատմությունը, իր վրայից գցել դրանց ընթացքի և ելքի պատասխանատվությունը։
ՀՀ վարչապետի նախկին պաշտոնակատար Կարեն Կարապետյանը լռություն է պահպանում, և դրանից հմտորեն օգտվում է Սերժ Սարգսյանը՝ դիմելով իր սիրած մարտավարությանը՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու պատասխանատվությունն ուրիշի վրա բարդելով։
Ի՞նչը պետք է հակակշիռ դառնա նման հնարքներին։ Նախ՝ Կարեն Կարապետյանը պետք է ընդհատի լռությունը, որքան էլ այն կշռադատված թվա։ Այլապես հասարակությունը դա կընկալի որպես համաձայնություն։ Իսկ Սերժ Սարգսյանի հերթական սուտը, չհանդիպելով հակահարվածի, կարող է դառնալ «նոր իրականություն»՝ թեկուզ հեռու իրական իրադարձություններից ։
Հանրային տրիբունալը պնդում է՝ հայ ժողովուրդն ունի հստակ և աներկբա պատասխանների, իսկ պատմությունը՝ փաստերի անաչառ արձանագրման իրավունք: Միայն այդպես Հայաստանը կկարողանա հաղթահարել խորը ճգնաժամը, որին հանգեցրին Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի քաղաքական խաղերը։ Առանց անցյալի ազնիվ իմաստավորման, ներկայիս աղետալի իրավիճակից ելքն անհնար է։


