Հակոբ Բադալյան․ Այսօր լրանում է հոկտեմբերի 27-ի ողբերգության 26-րդ տարելիցը

Акоп Бадалян

Հակոբ Բադալյանը իր տելեգրամյան ալիքում գրում է

Թե որքան ծանր հարված էր 27-ը (խմբ․՝ 1999 թ․ հոկտեմբերի 27-ը) նորանկախ պետականության, պատերազմը նոր ավարտած եւ մեծ մարտահրավերների առաջ կանգնած պետականության համար, ավելորդ է թերեւս խոսել: Առավել եւս, որ այդ մասին խոսվել է շատ շատ:

Սակայն, հիմա ես կասեմ մի բան, որը իհարկե տրենդային չէ, որը «նորաձեւ» չէ, բայց ես սա ասել եմ նախկինում, ասում եմ հիմա՝ Հայաստանի հանրապետությունը պահել է այդ ծանր հարվածը, պահել է հարվածը եւ պահպանվել: Այո, Հայաստանի հանրապետությունը պահպանվել է որպես պետականություն, ունեցել իր զարգացումը: Ցավոք, այդ զարգացումը ուղեկցվել է նաեւ համակարգային արատների «զարգացումով», ինչը պայմանավորել 27-ով, մեղմ ասած անհեթեթ է, որովհետեւ այդ նույն արատները գոյություն են ունեցել նաեւ 27-ից առաջ:

Այստեղ կարող են ասել, թե Վազգեն Սարգսյանը մաքրելու էր Հայաստանն այդ արատներից: Ավելին, շատերը ասում են, թե Սարգսյանին հենց դրա համար էլ զրկեցին կյանքից:

Այս «միտքն» իհարկե եղել է նաեւ տարիների քարոզչական «նարատիվ», «Մեղրիի» տարբերակի հետ զուգահեռ:

Այս երկու տարբերակները իրականում ավելին չեն եղել, քան քարոզչություն, եւ ընդամենը նպաստել են 27-ի ողբերգությունը տարիներով, տասնամյակներով շահարկելուն, խաղարկելուն, դրա վրա քաղաքական միավորներ հավաքելուն, հասարակական միավորներ հավաքելուն:

Այդ իմաստով, 27-ի արյունալի ահաբեկությունը եղել է Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում այսպես ասած «ընդդիմադիր ծամոն» մինչեւ 2018 թվականը, եւ «իշխանական ծամոն»՝ 2018-ից հետո:

Սա է ըստ էության «չոր նստվածքը», եթե վեր կանգնենք զգայական ինչ որ բնորոշումներից ու գնահատականներից: