Ռեգնում. Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հիմնական հովանավորը գերմանական հիմնադրամն է

,
Конституция РА

15.09.2015.  Ռեգնում ԼԳ-ն գրում է.:

Երեքշաբթի՝ սեպտեմբերի 15-ին, մեկնարկեց Հայաստանի խորհրդարանի աշնանային նստաշրջանը: Օրակարգի հաստատումից հետո, համաձայն որի՝ Հայաստանի սահմանադրական բարեփոխումների նախագիծը կքննարկվի հատուկ ռեժիմով, խորհրդարանականներն անցում են կատարել նախագծի բուն տեքստին:

Օգոստոսի 21-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով նախաձեռնել էր սահմանադրական բարեփոխումներ, ՀՀ Ազգային ժողով ուղարկեց մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված և կառավարման խորհրդարանական համակարգին անցում նախատեսող փոփոխությունների նախագիծը: Հայաստանի խորհրդարանում նախագահի պաշտոնական ներկայացուցիչ նշանակվեց մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը, ով ներկայացրեց նախագիծը:

Մինչ քննարկումը սկսելը, սահմանադրական փոփոխություններին կտրականապես դեմ արտահայտվող «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանին առաջարկեց ապահովել լիագումար նիստերի հեռարձակումը Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ՝ հաշվի առնելով քննարկվող հարցի կարևորությունը։ Խոսնակը պատասխանեց, որ հեռարձակման համար անհրաժեշտ ժամանակ և ռեսուրսներ խորհրդարանը չունի։ Սակայն, մի քանի ժամ անց Սահակյանը հայտարարեց, որ խորհրդարանի նստաշրջանը, այնուամենայնիվ, կհեռարձակվի Հանրային հեռուստատեսությամբ։

Վարդան Պողոսյանի ելույթից հետո պատգամավորները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել մասնագիտական հանձնաժողովի անդամին։

Հարցերը հիմնականում վերաբերել են նոր սահմանադրության վիճահարույց կետերին, մասնավորապես՝ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի անցկացմանը և սահմանադրական փոփոխությունների նպատակահարմարությանը: Արդյունքում որոշ հետաքրքիր մանրամասներ բացահայտվեցին։

Այսպես՝ Պողոսյանը հայտարարեց, որ մասնագիտական հանձնաժողովի բոլոր անդամներն աշխատում են հասարակական հիմունքներով և հանրաքվեից հետո իրենց աշխատանքի դիմաց որևէ վարձատրություն չեն ստանում և չեն ստանալու: Բացի այդ, նա նշեց, որ մասնագիտական հանձնաժողովի ֆինանսավորման համար Հայաստանի բյուջեից ոչ մի դրամ չի ծախսվել: «Բոլոր գործուղումները, Վենետիկի հանձնաժողովի հետ հանդիպումները, սահմանադրական հանձնաժողովի արտագնա նիստերն անցկացվել են դոնոր կազմակերպությունների, մասնավորապես՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ֆինանսավորմամբ»,- նշել է Պողոսյանը: Նախագահի ներկայացուցիչը նաև նշեց, որ ինքը մասնագետ է, գործում է իր խղճի մտոք չի ակնկալում իր աշխատանքի համար վարձատրություն, քանի որ ներկայացված նախագիծը, ի թիվս այլ բաների, արտացոլում է իր սահմանադրական հայացքները, և հակառակ դեպքում չէր համաձայնի լինել նախագահի ներկայացուցիչն այդ հարցում:

Հայտնի է, որ նախքան ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում աշխատելը Վարդան Պողոսյանը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության(GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավարն էր:

Կազմակերպության կայքէջի համաձայն՝ Միջազգային համագործակցության ընկերությունը աջակցում է Գերմանիայի դաշնային կառավարությանը՝ հասնելու միջազգային համագործակցության նպատակներին՝ հանուն հետագա կայուն զարգացման։

Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումը Հայաստանի խորհրդարանում կշարունակվի վաղը։