ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արգիշտի Քյարամյանի հրաժարականի առեղծվածը
08.10.2025: Թելեգրամյան ալիք ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ / DEFENSE / ОБОРОНА գրում է․
5 տարի առաջ այս օրը 2020 հոկտեմբերի 8-ին, ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը, ով մասնակցել էր հակահարվածի հայտնի օպերացիայի քննարկմանը, դրա ձախողումից հետո ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ Իհարկե, մինչ այսօր պատճառը չիմացանք, չնայած մեր համառ հարցումներին։
Ավելին, դրանից մեկ օր առաջ 2020 թվականի հոկտեմբերի 7-ին պաշտոնից ազատել էին ԱԱԾ ռազմական հակահետախուզության պետ Լևոն Շահումյանին, իսկ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը՝ «Հայկական ժամանակը», դա ներկայացրել էր լրտեսական ցանցի բացահայտման գործողությունների համատեքստում:
Անցած տարի փորձել էինք գոնե սրա պատճառն իմանալը։
ԱԱԾ-ից նախ հիշեցրել էին, որ օրենսդրությամբ ԱԱԾ անմիջական ղեկավարումն իրականացնում է ԱԱԾ տնօրենը, այնուհետև շարունակել, որ «ազգային անվտանգության մարմինների համապատասխան ծառայողների ընտրությունն ու փոխարինումը բխում է ինչպես ազգային անվտանգության ծառայության առջև դրված խնդիրների կարևորությունից, առանձնահատկություններից և դրանց լուծման հրատապությունից, այնպես էլ իր լիազորությունների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունից»:
Կարո՞ղ ենք ենթադրել, որ Լևոն Շահումյանը ԱԱԾ ռազմական հակահետախուզության պետի իր լիազորություններն արդյունավետ չի իրականացրել:
Եվ արդյո՞ք վերը նշված պատճառները կարող են տարածվել նաև ԱԱԾ տնօրենի պաշտոնից 2020 թվականի հոկտեմբերի 8-ին ազատված Արգիշտի Քյարամյանի վրա, մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը թույլատրել է նրան առանց որևէ պաշտոնի շարունակել լինել Արցախում, իսկ հետո վստահել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը և զգալի դերակատարում ունենալ 44-օրյայի պարտության մեղավորներ գտնելու գործում։
Ի դեպ, նույն ժամանակ 2020 հոկտեմբերի 8-ին Փաշինյանն իրեն «հողեր հանձնելու» մեջ մեղադրող և չկռվելու կոչ անող էր գտել, այս գործն էլ չհասկացանք ինչ եղավ։
Ի դեպ, հենց 2020 հոկտեմբերի 8-ին էր ռազմական դրության մասին որոշումը լրացվել, որով արգելվում էր.
-
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը,
-
պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումը


