ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ. ՏՐՈԼԻՆԳԻ ՍՈՒԲՅԵԿՏ

11.10.2025. «Գոլոս Արմենիի» թերթը գրում է.:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ տեղեկությունների, զրուցել են Դուշանբեում ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում։ Նրանք քննարկել են խաղաղության օրակարգի հետագա առաջմղման ուղիները։

Հնարավոր է՝ այդպես է, հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի ելույթը, որում ՀՀ վարչապետը վստահեցրեց ԱՊՀ ղեկավարներին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այսուհետ խաղաղություն է, Իլհամ Ալիևը ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը Հայկական ԽՍՀ սահմաններում և ստորագրել այդ սահմանները չխախտելու պարտավորության տակ։ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ շնորհավորեց ԱՊՀ ղեկավարներին այդ պատմական իրադարձության՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման կապակցությամբ։

ԲԱՅՑ ԱՀԱ ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԱՐԺԱՆԱՑԱՎ. Չարժանացավ նաև պատասխան շնորհավորանքների: ԱՊՀ առաջնորդները նրան լսեցին. ոմանք՝ կասկածամիտ հայացքով, մյուսները՝ ընդգծված անտարբերությամբ, երրորդները՝ թաքցնելով հեգնական ժպիտը։

Արդյո՞ք պատճառն այն չէ, որ հասկանում են Փաշինյանի «հաստատած» խաղաղության գինը, որի համար նրան պետք է շնորհավորել։ Պարտված պատերազմ, Արցախ՝ առանց հայերի, Ադրբեջանի կողմից օկուպացված Հայաստանի սահմանային տարածքներ, Ադրբեջանի կողմից այդքան ցանկալի տարանցիկ ուղու խոստում՝ նախագիծ, որի իրականացման հետևանքով տեղի բնակիչները ստիպված կլինեն տեղահանվել…

Արդյո՞ք պատճառն այն չէ, որ ԱՊՀ երկրների ղեկավարները պինդ մարդիկ են, ովքեր անցել են հրի և ջրի միջով, գիտեն զիջումերի գնալու անիմաստությունը՝ խաղաղության ակնկալիքով մի մարդու հետ, ով ամենևին դեմ չէ ընդհանրապես ջնջել քեզ աշխարհի երեսից: Ով ոչ միայն վտարեց քո հայրենակիցներին ու համաքաղաքացիներին իրենց հայրենի հողից, այլև շարունակում է բռնաճնշումների ենթարկել Արցախի ներկայացուցիչներին։

Արդյո՞ք պատճառն այն չէ, որ ԱՊՀ առաջնորդները գիտեն. զիջումները չեն հանգեցնում փոխզիջման և խաղաղության, այլ հանգեցնում են այն բանին, որ ապագայում, գուցե հեռավոր, գուցե ոչ այնքան, մեծ հավանականությամբ իրենց ազատության համար ստիպված են լինելու պայքարել ավելի վատ պայմաններում:

Հավանաբար հենց դրա համար էլ ոգևորված Փաշինյանն իր գործընկերներից առանձնապես շնորհավորանքներ չլսեց։ ԱՊՀ կոշտ առաջնորդները չեն պատրաստվում ձևականությունների տրվել՝ նունիսկ հանուն Նիկոլ Վովաևիչի: Ավելին, չնայած իր ողջ ցուցադրական լավատեսությանը՝ Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ գծով իր, կարելի է ասել, կոփված գործընկերների համար ավելի շուտ կատակների ու ծաղրի, ժամանակակից լեզվով ասած՝ տրոլինգի առարկա է:

Նույնիսկ տեսախցիկների առկայությամբ, երբ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ժպիտով հիշեցնում է Իլհամ Ալիևին, որ հենց Տաջիկստանի մայրաքաղաքում է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահի և Նիկոլ Փաշինյանի միջև առաջին դեմ առ դեմ հանդիպումը՝ ակնարկելով վերելակում հայտնի զրույցի մասին. թե բա՝ տեսնո՞ւմ ես Հեյդար-օղլի, ինչ թեթև ձեռք ունեմ, հիշիր դա:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ իրեն բնորոշ կերպով կրկնեց՝ Նիկոլ Վովաևիչն առանց մեզ տեղ չի գնա. ուզի թե չուզի, ստիպված կլինի նստել ԱՊՀ ղեկավարների հետ նույն սեղանի շուրջ և լսել նրանց կատակները կուլիսների հետևում, ինչքան էլ Ալիևը նրան հայրաբար պաշտպանի: Այս փուլում: