ՌԻԱ Նովոստի. Հայաստանի նախկին նախագահը Փաշինյանին մեղադրել է ժողովրդին դավաճանելու մեջ

, ,

22.09.2025. ՌԻԱ Նովոստին գրում է.:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ իր «պատվավոր» տեղն է ապահովել Հայոց տխրահռչակ դավաճանների հուշատախտակում, գտնում է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Մասնավորապես, պետության նախկին ղեկավարի խոսքով, 2019 թվականին Փաշինյանի հայտարարությունը, թե «Արցախը Հայաստան է և վերջ», հանգեցրեց Ադրբեջանի հետ պատերազմի և ջախջախիչ պարտության։

Բացի այդ, Տեր-Պետրոսյանի կարծիքով՝ Հայաստանի կառավարության ներկայիս ղեկավարը 2020 թվականին «հիմարաբար մերժել է պատերազմը դադարեցնելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը», գլխովին հայաթափել է Արցախը, որպես պատանդ Ադրբեջանին է հանձնել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, չեն լուծվում արցախցի փախստականների խնդիրները, ինչի հետևանքով նրանց մեծ մասը բռնելու է գաղթի ճամփան։

Նախկին նախագահը գտնում է, որ այս ամենից հետո Փաշինյանը «ցինիկաբար հայտարարում և ամեն օր կրկնում ու հպարտանում է, որ խաղաղություն է պարգևել հայ ժողովրդին, դրա փոխարեն ակնկալելով, ավելի ճիշտ, պահանջելով վերջինիս երախտագիտությունը, բայց այն չստանալով` իր ողջ մաղձը թափում նրա վրա»։

«Հաստատաբար կարելի է արձանագրել միայն մեկ բան. Փաշինյանն արդեն իսկ իր «պատվավոր» տեղն է ապահովել Հայոց տխրահռչակ դավաճանների հուշատախտակում»,- գրել է Տեր-Պետրոսյանը Facebook-ի իր էջում (արգելված է ՌԴ-ում)։

Խորհրդային Միության փլուզումից և 1992-1994 թթ. Հայաստան-Ադրբեջան զինված հակամարտությունից հետո Լեռնային Ղարաբաղը երկար տարիներ գոյություն ուներ որպես չճանաչված հանրապետություն՝ բնակեցված հայերով։ 2020 թվականի սեպտեմբերին տարածաշրջանում ռազմական գործողությունները վերսկսվեցին։ Մոսկվայի միջնորդությամբ նույն թվականի նոյեմբերի 10-ի գիշերը կողմերը պայմանավորվեցին դադարեցնել կրակը։ Հայկական կողմը կորցրեց Լեռնային Ղարաբաղը հարակից բոլոր շրջանները, ինչպես նաև խորհրդային ժամանակաշրջանի նախկին ինքնավարության կազմում ընդգրկված մի շարք տարածքներ։ Տարածաշրջանում տեղակայվեցին ռուս խաղաղապահներ։

2022 թվականին Երևանն ու Բաքուն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջնորդությամբ ձեռնամուխ եղան ապագա խաղաղության պայմանագրի քննարկմանը։ 2023 թվականի մայիսի վերջին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի ինքնիշխանությունը խորհրդային սահմաններում, այսինքն՝ Ղարաբաղի հետ միասին։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը Ղարաբաղում ռազմական գործողություն սկսեց։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ երկիրը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը, իսկ տարածաշրջանի դե ֆակտո իշխանությունները հայտարարել են 2024 թվականի հունվարի 1-ից չճանաչված հանրապետության «ինքնալուծարման» մասին։ 2023 թվականի սեպտեմբերի 24-ից մինչև ամսվա վերջ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվեց ավելի քան 100 հազար բնակիչ։