Հավերժ փառք հերոսներին, որոնք կռվեցին մինչև վերջին կաթիլ արյունը․ «Щелчок Таноса» տելեգրամյան ալիք
19.09.2025. «Щелчок Таноса» տելեգրամյան ալիքը գրում է․
Այսօր 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ողբերգության հիշատակի օրն է։ Հավերժ հիշատակ այն հերոսներին, ովքեր կռվեցին մինչև վերջին կաթիլ արյունը, և համբերություն մեզ բոլորիս, ովքեր կորցրեցին Հայրենիքը։
Դա տարիներով կուտակված սարսափելի հանգամանքների ողբերգական հանգուցալուծումն էր։ Ինչպես արտաքին խաղացողների, այնպես էլ ներքին, այսպես կոչված, «էլիտայի», դավաճանություն, իրավիճակի լրջության հանցավոր թյուրըմբռնում, անկազմակերպվածություն և պարզապես անմտություն։ Այս ամենը սերտորեն միահյուսվեց թշնամու ֆաշիստական գաղափարախոսության հետ՝ հիմնված հայ ժողովրդի հանդեպ ատելության վրա, որը ներծծվել էր մոր կաթի հետ (կամ՝ մորաքրոջ, ո՞վ իմանա)։
Սակայն, այս ամենը մեզ համար պետք է պարզ լիներ դեռևս 20-րդ դարի սկզբին ու հատկապես վերջին տասնամյակին։ Բայց մենք վարվեցինք ինչպես հոլիվուդյան վատ ֆիլմում։ Գիտեք՝ երբ լավ տղան հաղթում է վատին և փոխանակ ավարտին հասցնի սկսածը, սկսում է նրա հետ փիլիսոփայական զրույցներ վարել։ Նման սենտիմենտալությունը լավ տղայի համար շատ վատ է ավարտվում։ Բայց կյանքը կինո չէ։ Այն շատ ավելի դաժան է և երկրորդ դուբլի հնարավորություն չի տալիս։
Իսկ ի՞նչ է լինելու հետո։ Որոշ երկրների ծովային հատուկ ջոկատայիններ ունեն այսպիսի փորձություն։ Տղաների ձեռքերը հետևից կապում են պարանով ու գցում 5 մետր խորությամբ լողավազանը։ Պետք է դիմանալ և չխեղդվել 30 րոպե։ Դրա համար, բնականաբար, պետք է մնալ ջրի վրա այնքան ժամանակ, մինչև քո ձեռքերն արձակեն։ Մեծ մասը նույնիսկ 8 րոպե չի դիմանում։ Բայց գաղտնիքը «պարզ» է։ Պետք է պահել քո էներգիան, քո ուժերն այդ 30 րոպեի համար։ Դրա համար անհրաժեշտ է հանգիստ թույլ տալ քեզ սուզվել։ Մարմինը կիջնի մինչև հատակը։ Հասնելով հատակին՝ պետք է ոտքերով հրել և էներգիայի ուժով բարձրանալ վեր։ Եվ այդպես՝ ամբողջ 30 րոպեն։ Դա փրկվելու ամենաքիչ էներգիա պահանջող տարբերակն է։ Պետք է պարզապես գիտակցես իրավիճակդ և հնարավոր ամեն բան անես գոյատևելու համար։ Եվ սպասել այդ պահին։ Այն կգա։ Պարզապես պետք է հասցնես ապրել մինչև այդ պահը։ Եթե սկսես թպրտալ, փորձես ցանկացած գնով ազատել ձեռքերդ, անհանգստանալ ու խուճապի մատնվել, դա ուղիղ ճանապարհ է դեպի կործանում։ Որոշ ժամանակ անց «Ինչպե՞ս գրավել աշխարհը՝ առանց սանիտարների ուշադրությունը գրավելու» ձեռնարկը կընկնի Ալիևի ձեռքից։
Կփոխվեն մեր տարածաշրջանում քաղաքական հոսանքներն ու «մեծ խաղի» մետաֆիզիկական կանոնները։ Այժմ մեզ պետք է չխորտակվել ջրում, որի մեջ մեզ սուզել են։ Ստի, դատարկ խոստումների, միամիտ երազանքների ու ոսկու փոշու մեջ, որով խոստանում են ծածկել մեր երկիրն ու հասարակությունը։ Չմոռանանք «դանայացիների նվերների», «անվճար պանրի» և «կոնֆետի թղթի» մասին։ Հիշել մեր հերոսներին։ Չմոռանալ նրանց, ովքեր մեզ դավաճանեցին։ Խնայել մեզ։ Ժամը կգա։ Երկար սպասեցնել չի տա։


