Փաշինյանի կոգնիտիվ դիսոնանսը․ «Հղի կնոջը վրաերթի ենթարկածն իմ շարասյունը չի, ՀՀ վարչապետինն է եղել»

,

16.07.2025 թ․ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը: Մասնավորապես, պատասխանելով այն հարցին, թե ինչու մինչ այժմ պատասխանատվության չեն ենթարկվել իր ավտոշարասյան մասնակցությամբ տեղի ունեցած վրաերթի հետևանքով Սոնա Մնացականյանի մահվան մեղավորները՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է․

«Դա իմ շարասյունը չի, ՀՀ վարչապետինն է եղել․ ես դրա հետ ի՞նչ կապ ունեմ»։

MinaZ տելեգրամյան ալիքը մեկնաբանել է Փաշինյանի պատասխանը․

«Նիկոլ փաշինյանը, օգտագործելով վարչապետի ավտոշարասյունը, իր կուսակցական գործերով (ՔՊ կուսակցության նիստին) երթևեկել է սահմանվածից երկու անգամ ավելի արգելված արագությամբ, և վրաերթի ենթարկելով հղի կնոջը, դիմել է փախուստի: Կինը և նրա չծնված երեխան մահացել են։

Ուշադրություն, հարց․ ում հրամաններին է ենթարկվել կնոջը վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը և ինչ է արել Նիկոլ Փաշինյանն ավտոմեքենայում՝ ավտոշարասյան, որն, ըստ նրա, վարչապետի ավտոշարասյունն է և իր հետ կապ չունի: Առնվազն փաստաբան Խուդոյանն ունի այս հարցերի պատասխանները ՝ նիկոլը կամ ինքնակոչ է, կամ հանցագործ»։

Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլի 26-ի երեկոյան վարչապետի ավտոշարասյան ավտոմեքենան Երևանում վրաերթի էր ենթարկել հղի Սոնա Մնացականյանին։ Վերջինս տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, մահացել էր։

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի խոսքով՝ դատախազությունը հրաժարվել է քրեական հետապնդում հարուցել 2022 թվականի ապրիլին Սոնա Մնացականյանի մահվան պատճառ դարձած վրաերթի ժամանակ ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյան ղեկավար պաշտոնատար անձանց նկատմամբ։

«ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով հսկող դատախազը ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյան ղեկավար պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշում է կայացրել, քրեական վարույթը կարճվելու է»,- փաստաբանի խոսքերը մեջբերում է armeniatoday.am-ը։