Ջավախյան սփյուռք տելեգրամյան ալիք․ Հավաքագրված գործակալների, այդպես էլ չհերքված փաստերի մասին
04.07.2025. Ռուսաստանի ջավախյան սփյուռք տելեգրամյան ալիքը գրում է․
Հավաքագրված գործակալների, այդպես էլ չհերքված փաստերի մասին․ բայց չէ՞ որ բավական էր ձեռագրաբանական փորձաքննություն անցկացնել, և թեման փակված կլիներ։

«Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը հերթական տեսաուղերձում խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանին մեղադրել է պետական դավաճանության մեջ՝ հայտարարելով, որ հանրապետության երկրորդ պաշտոնյան Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալն է։
Մասնավորապես, «Requiem 8. Սփյուռքը և Ցեղասպանությունը. փաստեր թուրքական շպիոն ու ԱԱԾ ագենտ բարձրաստիճան պաշտոնյայի մասին» տեսաուղերձում Մինասյանը, մեկնաբանելով Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կառուցումը, նշել է, որ եթե Հայաստանը ջանքեր էր ներդնում Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, ապա թշնամի պետությունը պետք է հակաջանքեր գործադրեր:
«Թուրքիայի հատուկ ծառայությունները սկսեցին աշխատել այդ ուղղությամբ: Մեր այս պատմությունը սկսվում է 2005 թվականից, երբ մի խոստումնալից երիտասարդ, ում հոգին սև էր, իսկ մտքերը՝ պղտոր, բայց ամբիցիաները շատ բարձր, հայտնվում է ԱՄՆ-ում, որտեղ սկսում է ուսումնասիրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը ԱՄՆ-ում: Նա հայտնվում է թուրքական հատուկ ծառայությունների տեսադաշտում. իրար են հանդիպում երկու մարդ՝ թուրք համակարգողը և «խոստումնալից» երիտասարդը: Նա իր հոգին ծախում է թշնամուն, և համաձայնում է գաղտնի տեղեկություններ փոխանցել թուրքերին, թե ինչ է կատարվում Ինստիտուտում, ինչպիսի աշխատանքներ են արվում և այլն։
Որոշ ժամանակ անց այդ նույն երիտասարդը հայտնվում է ՀՀ ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում, ԱԱԾ-ն ֆիքսում է երիտասարդի ու Թուրքիայի կոնտակտները և նրան հրավիրում է զրույցի՝ դնելով փաստերն ու ապացույցները։ Այնտեղ նրան ասում են՝ կամ քեզ պետական դավաճանության համար սպառնում է ազատազրկում, կամ դու պետք է դառնաս մեր գործակալը, և մեզ պատմես, թե ինչ ես պատմում թուրքերին, և նա դառնում է երկակի ագենտ»,- նշել է նախկին դեսպանը։
Մինասյանի խոսքով, «այդ երիտասարդը Թուրքիայի խորհրդով սկսում է համագործակցել Նիկոլ Փաշինյանի հետ»։
«Ժամանակը գնում էր առաջ, և այդ երիտասարդը Թուրքիայի խորհրդով սկսում է համագործակցել Նիկոլ Փաշինյանի հետ և դառնում նրա թիմի կարկառուն ներկայացուցիչ: Այնուհետև թուրքերն ու ադրբեջանցիները ՀՀ-ում կազմակերպեցին հեղաշրջում և ՀՀ վարչապետ դարձավ այն թյուրիմացությունը, մարդասպանը, դավաճանը, որն այսօր, ցավոք, դեռ ՀՀ վարչապետ է, իսկ մեր «հերոսը» դարձավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ։ Այո, երիտասարդը, որի մասին խոսում եմ, Արարատ Միրզոյանն է»,- ասել է Մինասյանը
Որպես իր ասածի ապացույց՝ Միքայել Մինասյանը ներկայացրել է Արարատ Միրզոյանի ձեռագիր նամակը, որը գրված էր 2007 թվականին։ Նա հայտարարել է, որ Միրզոյանն այնտեղ գրել է, որ տալիս է ԱԱԾ-ի հետ համագործակցելու իր համաձայնությունը։
«Այս նամակից հետևում է, որ մեր երկրի համար երկրորդ կարեւոր պաշտոնյան գործակալ է, ինչպես նաև շատերը: Ինչքան մարդ կարող է ստոր լինի, որ լինելով ցեղասպանութան մասնագետ՝ համագործակցի ցեղասպանությունը կազմակերպող երկրի հետ: Ինչքան մարդ պետք է տականք լինի, որ պատմի թուրքին իր երկրի գաղտնիքների մասին, ինչքան մարդ պետք է չմո լինի, որ իր ընկերների մասին գաղտնիքները պատմի Հայաստանի ԱԱԾ-ին, երբ ամեն անգամ իր ընկերների հետ վերջանում էր հանդիպումը»,- ասել է Մինասյանը:
Նա հայտարարել է, որ պետք է լինի լյյուստրացիա եւ պարզվեն, պատժվեն բոլոր գործակալները։
«ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը (ներկայումս՝ ԱԳ նախարար) արձագանքել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությանը։ «Միքայել Մինասյանի հերթական ցնդաբանությունը պետք է արժանանա պատշաճ քրեաիրավական գնահատականի, և Մինասյանը պետք է պատասխան տա նաև այս սուտ մատնության համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Միրզոյանը։
Նախկին դեսպան Միքայել Մինասյանն ի պատասխան առաջարկել է փորձաքննության ուղարկել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ձեռագիրը և նրանից ցուցմունք վերցնել, թե ինչ հանգամանքներում է նա դարձել ՀՀ ԱԱԾ գործակալ: «Եթե էլի փորձի տափակաբանություններ դուրս տալ, պատասխանը չի ուշանա»,- գրել է նա»։


