Sputnik Արմենիա. Դավիթ Մելքումյանը խոսել է 2023 թվականի սեպտեմբերի ողբերգական իրադարձությունների որոշ դրվագների մասին, որոնք հանգեցրին Լեռնային Ղարաբաղի կորստին։
21.04.2025. Sputnik Արմենիա
Հարցազրույցում Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը հերքել է այն պնդումները, թե Արայիկ Հարությունյանին ստիպել են հրաժարական տալ, և որ Արցախի ղեկավարությունը մերժել է Բաքվի հետ բանակցելու առաջարկները, որոնք առաջ էին քաշվել ադրբեջանական ագրեսիայից և արտագաղթից քիչ առաջ։ Ինքը՝ Մելքումյանը, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնակատար Սերգեյ Մարտիրոսյանի հետ սեպտեմբերին Եվլախում բանակցել է ադրբեջանցիների հետ, բայց արդեն սեպտեմբերի 19-20-ի մարտական գործողություններից հետո։
Մելքումյանը հավաստում է, որ բոլորը դեմ են եղել Հարությունյանի հրաժարականին, սակայն նրանց փաստի առաջ են կանգնեցրել.։ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական խմբակցությունները որևէ կերպ չեն նախաձեռնել Հարությունյանի հրաժարականը։ Ավելին, Հարությունյանի հեռանալը չեն ցանկացել ո՛չ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, որոնք, նրա հետ միասին, այսօր գտնվում են Բաքվի բանտում, ո՛չ էլ որևէ քաղաքական գործիչ։ Չնայած բոլորն ասում էին, որ հենց ունենանք բարենպաստ պայմաններ, պետք է կազմակերպենք նոր ընտրություններ։ Հարությունյանի հրաժարականին հանգեցրած գործընթացները գեներացրել է հենց ինքը։ Իսկ արդեն հրաժարականից հետո պետք էր թույլ չտալ սահմանադրական ճգնաժամ։ Եվ արդյունքում որոշվեց ընտրել նոր առաջնորդ՝ Սամվել Շահրամանյանին։
Ինչ վերաբերում է Սոֆիա մեկնելու առաջարկին, որի մասին ավելի վաղ նշել էր նաև Շահրամանյանը, ապա այդ առաջարկն առաջ է քաշվել դեռևս Հարությունյանի հրաժարականից առաջ, ով, ինչպես հավաստում է պատգամավորը, միակն էր, ում հետ շփվել են Հայաստանի իշխանությունները։
«Ի սկզբանե այն թեզը, թե Ստեփանակերտը հրաժարվել է Բաքվի հետ բանակցություններից, չի համապատասխանում իրականությանը։ Եղել է հանդիպման առաջարկ․ Լեռնային Ղարաբաղը չի մերժել, թեև ասել է, որ ինքն էլ առաջարկներ ունի։ Լեռնային Ղարաբաղի դիրքերն այնքան ուժեղ չէին, որ Ստեփանակերտը կարողանար մերժել բանակցությունների առաջարկները։ Եվ պետք է ասեմ, որ այդ բոլոր քննարկումները, այդ ամբողջ գործընթացը տեղի է ունեցել Հայաստանի իշխանությունների մասնակցությամբ», - հայտարարել է Մելքումյանը։


