ՀԱՂԹԱՆԱԿ ՄԻՆՉԵՎ ՀԱՇՎԱՐԿԸ, ԹԵ՞ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Եվ այսպես՝ ընտրությունները կայացան։ Համենայն դեպս, իշխանությունները հենց դա են փորձում ներշնչել մեզ՝ շտապելով շնորհավորել միմյանց հերթական պատմական հաղթանակի առթիվ։ Ընդ որում, շնորհավորանքները այնքան հապշտապ սկսվեցին, որ անփորձ դիտորդի մոտ կարող էր տպավորություն ստեղծվել, թե քվեարկության արդյունքները կանխորոշված էին դեռևս մինչև ընտրությունների ավարտը:

Այդուհանդերձ, այսօր խոսքը նույնիսկ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի մասին չէ։ Խնդիրն այլ է. ինչպես է ձեռք բերվել այդ հաղթանակը և ինչու է այն այդքան շատ հարցեր առաջացնում:

Սկսենք ամենապարզից:

Դեռևս մինչև քվեարկության օրը երկրում բավականին յուրօրինակ նախապատրաստություն էր ընթանում «ժողովրդավարական տոնին» ընդառաջ: Որոշ կուսակցություններ քարոզչություն էին իրականացնում, մյուսները՝ հանդիպում ընտրողների հետ, իսկ երրորդները, չգիտես ինչու, ՙհանդիպում՚ էին քննիչների հետ:

Ընդդիմության տվյալներով՝ միայն Սամվել Կարապետյանի թիմից ձերբակալվել է 75 մարդ։ Նախընտրական շրջանում բերման ենթարկվածների ընդհանուր թիվը, ըստ տարբեր տվյալների, գերազանցել է յոթ հարյուրը։

Իհարկե, այս ամենը կարող էր լինել բացառապես պատահական զուգադիպություն:

Ճիշտ այնպես, ինչպես պատահական զուգադիպություն կարելի է համարել նաև այն, որ իրավապահ համակարգի հիմնական հարվածները, չգիտես ինչու, բաժին չէին հասնում իշխող կուսակցության ներկայացուցիչներին:

Այդուհանդերձ, դա թողնենք նրանց խղճին, ովքեր նման քաղաքական մթնոլորտը համարում են ժողովրդավարության օրինակ:

Շատ ավելի հետաքրքիր է մեկ այլ բան։

Շատ դիտորդներ, չգիտես ինչու, շարունակում են այս ընտրությունները դիտարկել որպես իշխանության և ընդդիմության դիմակայություն։ Մինչդեռ իրական պատկերը զգալիորեն ավելի բարդ էր։

Բացի վարչական ռեսուրսից, բացի քաղաքական հակառակորդների նկատմամբ ճնշումներից, բացի ձայների հաշվարկի թափանցիկության վերաբերյալ կասկածներից, գոյություն ուներ ևս մեկ գործոն, որի մասին թե՛ Հանրային տրիբունալը, թե՛ բազմաթիվ փորձագետներ բազմիցս զգուշացրել էին:

Խոսքը քաղաքական կուսակցությունների և շարժումների ապշեցուցիչ քանակի մասին է, որոնց մի մասը հայտնվեց բառացիորեն ընտրությունների նախօրեին։

Ոմանք իրենց անվանում էին նոր ընդդիմություն։ Մյուսները՝ իսկական ընդդիմություն։ Երրորդները՝ միակ իսկական ընդդիմություն։ Չորրորդները՝ միաժամանակ և՛ իշխանության, և՛ ընդդիմության ընդդիմություն։ Կային նաև այնպիսիք, ովքեր, կարծես թե , մինչև քարոզարշավի ավարտն այդպես էլ չկողմնորոշվեցին, թե կոնկրետ ում են աջակցում և ում դեմ են պայքարում։

Սակայն, անկախ կարգախոսներից, ծրագրերից և քաղաքական հայտարարություններից, վերջնարդյունքը միանգամայն որոշակի էր:

Այս բոլոր բազմաթիվ քաղաքական միավորնները կատարում էին մեկ կարևոր գործառույթ՝ փոշիացնում էին բողոքական ընտրազանգվածը:

Կարելի է երկար վիճել՝ արդյո՞ք նրանց գործողությունները գիտակցված էին, թե ոչ։ Կարելի է դատողություններ անել նրանց մտադրությունների ազնվության մասին։ Սակայն քաղաքական թվաբանությունը համառ բան է։

Յուրաքանչյուր քվե, որը տրվել է հերթական գաճաճ կուսակցությանը՝ առանց լուրջ արդյունքի հասնելու հնարավորության, օբյեկտիվորեն նպաստել է իշխանության պահպանմանը:

Այդ պատճառով, երբ այսօր նման քաղաքական նախագծերի ներկայացուցիչները կխոսեն ռեժիմի դեմ իրենց անհաշտ պայքարի մասին, թերևս արժե հիշեցնել նրանց, որ այդ պայքարի գլխավոր արդյունքը հենց այդ ռեժիմի դիրքերի պահպանումն էր։ Դրա համար նրանք կրում են անմիջական քաղաքական պատասխանատվություն։

Ոչ պակաս հարցեր է առաջացնում նաև ձայների հաշվարկի դինամիկան:

Առաջին արդյունքները զարմանալի արագությամբ սկսեցին ստացվել գյուղական համայնքներից, որտեղ վարչական ռեսուրսն ավանդաբար ամենաուժեղն է, իսկ տեղական ղեկավարների ազդեցությունն ընտրական գործընթացի վրա շարունակում է զգալի մնալ:

Հայաստանյան քաղաքականությանը վաղուց ծանոթ է տեղական «ֆեոդալների» երևույթը։ Կառավարություններն ու կուսակցական ցուցանակները փոփոխվում են, բայց բուն համակարգը մնում է նույնը. տեղական իշխանիկներն ապահովում են ընտրողների անհրաժեշտ մոբիլիզացիան, իսկ կենտրոնական իշխանությունն ապահովում է նրանց քաղաքական հովանավորչությունը։

Զարմանալի չէ, որ հենց այս համայնքներն առաջինը սկսեցին իշխող կուսակցությանն աջակցության տպավորիչ ցուցանիշներ արձանագրել։

Շատ ավելի տարօրինակ էր մեկ այլ հանգամանք։ Այն դեպքում, երբ գյուղական տեղամասերը գրեթե ակնթարթորեն հաշվետվություն էին ներկայացնում արդյունքների մասին, խոշոր քաղաքներում, որտեղ իշխանության դիրքերը զգալիորեն ավելի թույլ են, իսկ հանրային վերահսկողությունը՝ շատ ավելի բարձր, հաշվարկները չգիտես ինչու, զգալիորեն ավելի երկար տևեցին։

Ինչից հետո հանրությանը փաստացի տեղեկացնում են, որ հետագա արդյունքները կհրապարակվեն հաջորդ օրը առավոտյան:

Սամվել Կարապետյանն իրավացիորեն նկատեց, որ դժվար է հայաստանյան ընտրությունների պատմության մեջ նմանատիպ դեպք մտաբերել:

Հնարավոր է՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մասնագետները կկարողանան սպառիչ պարզաբանումներ տալ: Հարցը միայն այն է, թե արդյոք հասարակությունը պատրաստ է անվերապահորեն հավատալ այդ բացատրություններին:

Մանավանդ որ վերջին տարիներին իշխանություններն արեցին հնարավոր ամեն բան, որպեսզի պետական ինստիտուտների հանդեպ վստահության մակարդակը հավասարվի հայ քաղաքական գործիչների մեծամասնության նախընտրական խոստումների հանդեպ ունեցած վստահությանը:

Բայց ամենահետաքրքիրը թերևս նույնիսկ սա չէ։

Կա մի հին քաղաքական սկզբունք. երբեմն հրապարակն ավելի խոսուն է, քան պաշտոնական վիճակագրությունը:

Անշուշտ, հանրահավաքն ընտրատեղամս չէ։

Անշուշտ ակցիայի մասնակիցների քանակը չի փոխարինում քվեաթերթիկներին։

Անշուշտ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր չէ հաշվել հրապարակում հավաքված մարդկանց:

Այս ամենը ճիշտ է։

Սակայն մնում է մեկ փոքրիկ հարց։

Ինչո՞ւ պետական ապարատի ողջ լծակներին տիրապետող գործող վարչապետի հանրահավաքը չկարողացավ ամբողջությամբ լցնել Հանրապետության հրապարակը։

Եվ ինչո՞ւ Սամվել Կարապետյանի հանրահավաքին հաջողվեց դա անել:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական հանրահավաքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական հանրահավաքը

Այս հարցի պատասխանը բնավ չի նշանակում ընդդիմության հաղթանակ։ Բայց այն ստիպում է մտորել մեկ այլ բանի մասին՝ ԿԸՀ-ի հրապարակած ընտրությունների արդյունքների պաշտոնական թվերն որքանով են համապատասխանում այն հանրային տրամադրություններին, որոնց քաղաքացիները կարող էին ականատես լինել սեփական աչքերով։

Ի վերջո, լուսանկարները կեղծիքների ապացույց չեն։ Բայց մյուս կողմից էլ՝ մի կառույցի հրապարակած արդյունքները, որի անկախությունը պարբերաբար քննարկումների առարկա է դառնում, ինքնին դեռևս գործընթացի բացարձակ ազնվության ապացույց չեն:

Այդ պատճառով այսօր հարցն արդեն այն չէ, թե ով է իրեն հաղթող հայտարարել։ Հարցն այն է, թե հասարակությունն ում է համարում հաղթող:

Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է իր հաղթանակի մասին։ Սամվել Կարապետյանը պնդում է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» պարտություն է կրել։ Ճշմարտությունը, ինչպես դա հաճախ է պատահում հայաստանյան քաղաքականության մեջ, գտնվում է ինչ-որ տեղ պաշտոնական հայտարարությունների և հանրային տրամադրությունների միջև:

Սակայն գոյություն ունի ևս մեկ հարց, որի պատասխանը պարզ կդառնա արդեն առաջիկա օրերին։ Ի՞նչ է մտադիր անել ընդդիմությունը։

Համակերպվե՞լ հրապարակված արդյունքների հետ, լսե՞լ միջազգային դիտորդների՝ հանդարտության պահպանման ավանդական կոչերը և սկսե՞լ պատրաստվել հաջորդ ընտրություններին։

Թե՞ նա վստահ է, որ գործ ունի ոչ թե պարտության, այլ իշխանության պահպանման քաղաքական տեխնոլոգիայի հետ, ուստի մտադիր է շարունակել պայքարը։

Այս հարցերի պատասխաններն այսօր շատերին են հուզում։ Որովհետև ընտրություններն ավարտվեցին, իսկ Հայաստանի ապագայի համար պայքարը, ըստ երևույթին, դեռ նոր է սկսվում: