«ԱՄԵՆԱԿԱՐՈՂ ՄԻՔԱՅԵԼ ՄԻՆԱՍՅԱՆԻ» ԱՌԱՍՊԵԼԸ՝ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԼԻԲԻ

Սերժ Սարգսյանը վերջին շրջանում ակնհայտորեն անցել է իր քաղաքական կենսագրության ամենախոցելի էջերից մեկի՝ 2018 թվականի «թավշյա հեղափոխության» վերախմբագրման գործին։ Երրորդ նախագահը հերթական անգամ հանդես եկավ ինքնաարդարացման ժանրի հայտարարությամբ՝ պնդելով, թե իր հայտնի «Նիկոլը ճիշտ էր, իսկ ես՝ սխալ» արտահայտությունը որոշ «ոխերիմ բարեկամներ» խմբագրել, աղավաղել և հանրությանը սխալ իմաստով են մատուցել։
Թե ովքեր են այդ խորհրդավոր «ոխերիմ բարեկամները», Սարգսյանը, բնականաբար, չմանրամասնեց։ Ինչպես սովորաբար չի մանրամասնում այն դեպքերում, երբ պետք է խոսել կոնկրետ պատասխանատվության, կոնկրետ դերակատարների և կոնկրետ որոշումների մասին։ Փոխարենը նա անում է այն, ինչ վերջին տարիներին անում է հետևողականորեն՝ փորձում է 2018-ի իրադարձություններից իր անձը հնարավորինս հեռացնել և հանրային հիշողության մեջ ստեղծել նոր մեկնաբանություն։
Մեկ հայտարարում է, թե իշխանությունը հանձնել է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ Կարեն Կարապետյանին՝ փորձելով քաղաքական ձախողման պատասխանատվության մի մասը նետել վերջինիս ուսերին։ Մեկ էլ այժմ համոզում է, թե հրաժարականի պահին իրականում չի ասել այն, ինչ տարիներ շարունակ լսել է ամբողջ հասարակությունը։ Այսինքն՝ հերթական անգամ գործ ունենք ոչ թե պարզաբանման, այլ անցյալի ռետուշի հետ։
Սակայն այս տեղեկատվական օպերացիայի ամենաուշագրավ բաղադրիչը բոլորովին այլ տեղում է։ Սարգսյանի ինքնաարդարացման քարոզարշավին զուգահեռ մեդիա դաշտում հետևողականորեն շրջանառության մեջ է դրվում մեկ այլ չափազանց հարմար վարկած՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի «ամենակարող», «ամեն ինչ որոշող», «ստվերային կառավարիչ» կերպարը։ Հանրությանը մատուցվում է մի պարզունակ, բայց քաղաքականապես օգտակար սխեմա․ իբր իրական որոշումների հեղինակը, ներիշխանական բոլոր կոմբինացիաների կազմակերպիչը, կուլիսային պայմանավորվածությունների ճարտարապետը, կադրային վերադասավորումների և ֆինանսական սխեմաների համակարգողը եղել է ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ Միքայել Մինասյանը, մինչդեռ նախագահը ներկայացվում է որպես սեփական շրջապատի կողմից մանիպուլացվող, երբեմն նույնիսկ մոլորեցված ղեկավար։
Մի խոսքով՝ պարզվում է, որ Հայաստանում տասը տարի նախագահ է եղել մի մարդ, որը ոչինչ չի որոշել։
Իսկապես, երևի հենց Միքայել Մինասյանն էր, որ 2014 թվականին համոզեց իր աներոջը՝ ամբողջ երկրի առաջ լուրջ դեմքով խոստանալ, թե սահմանադրական փոփոխություններից հետո ինքը չի հավակնի երկրի բարձրագույն պաշտոնին։ Եվ, հավանաբար, նույն Միքայել Մինասյանն էր, որ 2018-ի ապրիլին ստիպեց նրան մոռանալ սեփական խոստումն ու սողոսկել վարչապետի աթոռ՝ հանրային զայրույթը հասցնելով պայթյունի աստիճանի։
Թերևս այդ օրերին էլ ամեն ինչ բացառապես Միքայել Մինասյանն էր որոշում։
Հավանաբար հենց նա էր հուշում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին չդիպչել Նիկոլ Փաշինյանին, երբ վերջինս ներխուժում էր Ռադիոտուն և ցուցադրաբար քանդում իշխանության տեղեկատվական մենաշնորհը։ Երևի հենց նա էր խորհուրդ տալիս չգործել, նահանջել, հանձնել դիրք առ դիրք, պետական մեքենան վերածել ապակողմնորոշված դիտորդի։ Իսկ Սերժ Սարգսյանը, բնականաբար, այդ ամբողջ ընթացքում պարզապես կանգնած էր մի կողմում և որևէ ազդեցություն չուներ։
Այս սարկազմը պատահական չէ։ Որովհետև հենց նման անհեթեթության վրա է կառուցված «ամենակարող Միշիկի» առասպելը։
Այս առասպելի իմաստը ոչ թե անցյալի բացատրությունն է, այլ Սերժ Սարգսյանի քաղաքական պատասխանատվության դեֆորմացիան։ Մեկին պետք է դարձնել բացարձակ չարի մարմնավորում, որպեսզի մյուսը նույն ֆոնի վրա ներկայանա որպես գրեթե անմեղ, ոչինչ չիմացող, հանգամանքների զոհ դարձած ֆիգուր։
Բայց այստեղ կա մի կարևոր նրբություն, որը քանդում է ամբողջ բուրգը։
Սերժ Սարգսյանն ինքը, արձագանքելով Ռոբերտ Քոչարյանի այն հայտնի խոսքին, թե իր գլխավոր սխալը «ժառանգորդի» ընտրությունն էր, հայտարարեց․ «եթե ձեզ համար նորություն է, ապա ես այդ ամենը 20 տարի լսել եմ տարբեր աղբյուրներից, հիմա լսեցի սկզբնաղբյուրից»։ Այս արտահայտությունն, ինչպես վերլուծաբան Հակոբ Բադալյանն է արդարացիորեն նշում, ակամա բացում է փակագծերը շատ ավելի լայն, քան Սարգսյանը գուցե ցանկանար։
Սա նշանակում է, որ նա ոչ միայն տարիներ շարունակ տեղյակ է եղել Ռոբերտ Քոչարյանի վերաբերմունքին, այլ ի սկզբանե հասկացել է, որ 2007-08 թվականների իշխանական փոխանցման հարցում երկրորդ նախագահն ունեցել է բոլորովին այլ հաշվարկ, այլ պատկերացում և, ըստ էության, այլ թեկնածուի վրա կառուցված սցենար։ Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանի իշխանական վերելքը ոչ թե հանգիստ և անխոչնդոտ «ժառանգման» արդյունք էր, այլ ներհամակարգային ծանր պայքարի հետևանք, որտեղ նա կարողացավ պարտության մատնել Ռոբերտ Քոչարյանի նախընտրած տարբերակը։
Եվ այստեղ հարց է ծագում․ մարդը, որը կարողացել է իշխանության ներսում նման մասշտաբի համակարգային պայքար հաղթել, վերահսկողության տակ վերցնել պետական բուրգը, չեզոքացնել այլընտրանքային սցենարներն ու վերջնականապես ամրանալ գագաթում, ինչպե՞ս կարող էր նույն այդ համակարգում հանկարծ վերածվել դեկորատիվ նախագահի, որի գլխավերևում բոլոր որոշումները կայացնում էր փեսան։
Պատասխանն ակնհայտ է՝ չէր կարող։
Հայկական իշխանական մոդելում նման ծավալի ինքնագործունեություն պարզապես բացառված էր առանց առաջին դեմքի բացարձակ համաձայնության։ Եթե Միքայել Մինասյանն ազդեցություն ուներ, այդ ազդեցությունը նրան տվել էր Սերժ Սարգսյանը։ Եթե նա մասնակցում էր կադրային, տնտեսական կամ քաղաքական կոմբինացիաների, ապա դա անում էր ոչ թե Սերժ Սարգսյանի թիկունքում, այլ Սերժ Սարգսյանի կառուցած և վերահսկած համակարգի ներսում։
Հետևաբար, «ամենակարող Միքայել Մինասյանի» մասին հեքիաթը պետք է ոչ թե պատմական ճշմարտության համար, այլ շատ կոնկրետ քաղաքական նպատակի՝ պատասխանատվությունից խուսափելու համար։ Պետք է, որպեսզի համակարգի գլխավոր ճարտարապետի վրայից հնարավոր լինի մաքրել հիմնական մեղքը և այն բաշխել տարբեր երկրորդական թիրախների միջև։
Ընդ որում, այս վարկածը փլվում է ոչ միայն քաղաքական տրամաբանության, այլ նույնիսկ ամենապարզ մարդկային դիտարկման մակարդակում։
Եթե նույնիսկ մի պահ ընդունենք, թե Միքայել Մինասյանը Սերժ Սարգսյանի նկատմամբ վարել է ինչ-որ ինքնուրույն դավադրական խաղ, ապա դա վաղուց պիտի թողած լիներ իր հետքը նրանց անձնական հարաբերությունների վրա։ Սակայն Միքայել Մինասյանի վերջին ֆեյսբուքյան հրապարակումը՝ Սերժ Սարգսյանի հետ համատեղ լուսանկարով և Եղիշե Չարենցի տողով, ցույց է տալիս բոլորովին այլ պատկեր՝ ոչ թե խզում, ոչ թե փոխադարձ անվստահություն, ոչ թե լուռ մեղադրանք, այլ ընդգծված ջերմություն և քաղաքական նույնականություն։

Այսինքն՝ նույնիսկ հրապարակային խորհրդանշական մակարդակում «Միքայել Մինասյանը առանձին խաղ էր խաղում, Սերժ Սարգսյանը տեղյակ չէր» վարկածը չի դիմանում քննադատության։
Ուրեմն մնում է միայն մեկ եզրակացություն․ Սերժ Սարգսյանի համար այսօր շտապ անհրաժեշտ է նոր քաղաքական ալիբի։ Եվ այդ ալիբիի անունը «ամենակարող Միքայել Մինասյան» է։

