«Ինչո՞ւ չարձագանքեց ՀԱՊԿ-ը». Փաշինյանի ցինիկ սուտը Կրեմլում
Նիկոլ Փաշինյանի պաթոլոգիկ ստի հակումը վաղուց է հայտնի։ Դրան, ցավոք, սովորել են. ոմանք՝ զայրույթով, ոմանք՝ հոգնած հուսահատությամբ: Սակայն, որ այդ սուտը հնչեր Վլադիմիր Պուտինի հետ պաշտոնական հանդիպման ժամանակ՝ արդեն դուրս է ոչ միայն քաղաքական էթիկայի, այլև պատվի ու արժանապատվության տարրական պատկերացումների սահմաններից: Ընդ որում՝ ոչ միայն այն անձի, ով այդ սուտը արտաբերում է, այլ նաև այն պետության, որի անունից նա խոսում է, և այն ժողովրդի, ում անվան հետևում թաքնվում է։
Ապրիլի 1-ին տեղի ունեցավ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որի ընթացքում Ռուսաստանի նախագահը հայտարարեց․
«Ակնհայտ է, որ 2022 թվականին Պրահայում ձեր կողմից Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո ՀԱՊԿ-ի համար բացարձակապես անպատշաճ կլիներ միջամտել ներադրբեջանական երանգ ստացած այդ գործընթացին»։
Ինչին Փաշինյանը, առանց աչքը թարթելու, պատասխանեց․
«…մենք մինչ օրս ի վիճակի չենք բացատրել մեր ժողովրդին, մեր քաղաքացիներին՝ թե ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չարձագանքեց…»։
Փաշինյանի խոսքերը կարելի էր ընկալել որպես ապրիլմեկյան կատակ, եթե դա չլիներ ցինիկ ու լկտի սուտ՝ արտաբերված այնպիսի ինքնավստահությամբ, որը սովորաբար հատուկ է սեփական անպատժելիությանը վաղուց և հաստատապես հավատացած մարդկանց։
Ի դեպ, այստեղ առանձնապես զարմանալու ոչինչ չկա։ Մեր առջև նույն հին ու ցավալիորեն ծանոթ սխեման է․ սկզբում ընդունվում են որոշումներ, որոնց հետևանքներն անխուսափելիորեն տանում են պարտության, ապա ստեղծվում է այդ պարտության արտաքին պատճառների պատրանք, իսկ վերջում՝ նշանակվում է մեղավորը։
Սա հասկանալու համար բավական է վերականգնել ժամանակագրությունը՝ մի զբաղմունք, որը, ինչպես հայտնի է, չափազանց անհարմար է նրանց համար, ովքեր նախըտրում են առաջնորդվել ոչ թե փաստերով, այլ դրանց մեկնաբանություններով։
Եվ այսպես՝ 2022 թվականի ապրիլ։ Խորհրդարանական ամբիոնից Նիկոլ Փաշինյանի շուրթերով հնչում է Արցախի կարգավիճակի հարցում հայկական կողմի «նշաձողն իջեցնելու» անհրաժեշտության թեզը։ Թեզ, որը նորմալ քաղաքական մշակույթում, մեղմ ասած, լուրջ քննարկում կառաջացներ։ Մեզ մոտ, սակայն, այն մատուցվեց որպես հասունության և պատասխանատվության դրսևորում։ Իրականում խոսքը մի գործընթացի սկզբի մասին էր, որի վերջնակետն արդեն այն ժամանակ ավելի քան ակնհայտ էր։
Նույն տարվա օգոստոս։ Բանակցություններ՝ եվրոպական հովանու ներքո։ Մեզ պատմում էին դիվանագիտության, խաղաղության և հեռանկարների մասին։ Մինչդեռ հենց այնտեղ՝ այդ «խաղաղ» մթնոլորտում էր ձևավորվում այն կոնֆիգուրացիան, որի պարագայում Հայաստանը պետք է հրաժարվեր Արցախի պաշտպանությունից։ Ոչ միանգամից, ոչ բարձրաձայն, բայց հետևողականորեն և անշրջելի։
Այստեղ, ինչպես ասում են, ամեն ինչ ընթանում էր ըստ պլանի։ Եվ այդ պլանը պահանջում էր միայն մեկ բան՝ ստեղծել պայմաններ, որոնց դեպքում հասարակությունը ապագա զիջումները կընկալի որպես անխուսափելիություն։
2022 թվականի սեպտեմբերը դարձավ հենց այդպիսի նախապայման։
Ադրբեջանական հարձակումը՝ Սյունիքին, Գեղարքունիքին, Վայոց Ձորին հարվածներով և Ջերմուկին ուղղված սպառնալիքով, ոչ միայն ագրեսիայի ակտ էր, այլև հենց այն «փաստարկը», որը պետք է վերջնականապես համոզեր հայ շարքային քաղաքացուն, որ դիմադրությունն անօգուտ է։ Այս սցենարում ուժային կատարողի դերը ստանձնեց Իլհամ Ալիևը։
Սակայն, թերևս, էլ ավելի խոսուն է հայկական իշխանության վարքագիծը։ Ռազմական դրություն չհայտարարվեց։ Զորահավաք չիրականացվեց։ Այսինքն՝ հարձակման ենթարկված պետությունը փաստացի ցույց է տալիս, որ մտադիր չէ պաշտպանվել ամբողջ ծավալով։ Նման բաները պատահական չեն լինում։
Եվ ահա՝ Պրահա։ 2022 թվականի հոկտեմբեր։ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում՝ 1991 թվականի սահմաններով։ Սա քաղաքական ձևակերպումն էր այն ամենի, ինչն այդ պահին արդեն նախապատրաստված էր թե՛ դիվանագիտական ճանապարհով, թե՛ ռազմական ճնշմամբ։
Սրանից հետո, համաձայնեք, դատողություններն այն մասին, թե ինչու ՀԱՊԿ-ը «չարձագանքեց», միանգամայն այլ երանգ է ստանում։
Թույլ տվեք հարցնել՝ այդ ինչի՞ն պետք է այն արձագանքեր։ Մի գործընթացի՞, որը հետևողականորեն օրինականացվել էր հենց հայկական իշխանության կողմից։ Մի իրավիճակի՞, որտեղ առանցքային որոշումներն արդեն ընդունված էին և ձևակերպված։
Բայց պարոն Փաշինյանը, ինչպես նախկինում, նախընտրում է այլ մոտեցում։ Մոտեցում, որտեղ պատճառահետևանքային կապերը ոչ միայն խեղաթյուրվում են, այլև գլխիվայր շրջվում։
Ոչ թե Պրահայի ճանաչումն է ներկայացվում որպես սեպտեմբերյան ճնշման հետևանք, այլ, ընդհակառակը՝ ՀԱՊԿ-ի արձագանքի բացակայությունն է հայտարարվում տեղի ունեցածի պատճառ։
Ոչ թե զորահավաքից հրաժարվելն է դիտարկվում որպես պաշտպանության թուլացման գործոն, այլ «դաշնակիցների պասիվությունը»՝ որպես համընդհանուր բացատրություն։
Եվ, վերջապես, ոչ թե սեփական քաղաքականությունն է դառնում վերլուծության առարկա, այլ արտաքին ուժերը՝ մեղադրանքների թիրախ։
Սրան պետք է ավելացնել ևս մեկ կարևոր նրբագիծ։ Իրադարձությունների այս ամբողջ շղթան ուղեկցվում էր աճող հակառուսական հռետորաբանությամբ։ Մեղադրանքներ, ակնարկներ, ցուցադրական ժեստեր. այս ամենը ստեղծում էր այն անհրաժեշտ ֆոնը, որի վրա տեղի ունեցածի վերջնական տարբերակը պետք է տրամաբանական և համոզիչ երևար։
Եվ ահա հիմա այդ տարբերակը հնչեցվում է արդեն ոչ թե հանրահավաքներում կամ հարցազրույցներում, այլ Ռուսաստանի նախագահի հետ պաշտոնական հանդիպման ժամանակ։
Այս դեպքում «հետևողականությունը» այլևս առավելություն չէ, այլ ախտորոշում։
Իսկ եթե փորձենք ամփոփել և իրերն իրենց անուններով կոչել, պատկերը բավականին հստակ է դառնում․
Զիջումները ոչ թե հարկադրված էին, այլ նախապես ծրագրված։
Սեպտեմբերյան սրացումը ոչ թե ողբերգական անակնկալ էր, այլ սեփական ժողովրդի վրա ճնշում գործադրելու հարմար գործիք։
Պրահայի հայտարարությունը ոչ թե փոխզիջում էր, այլ քաղաքական կապիտուլյացիայի ակտ։
Իսկ ՀԱՊԿ-ի հասցեին հնչող մեղադրանքները ոչ թե ճշմարտության փնտրտուք էին, այլ սեփական պատասխանատվությունը ուրիշի թիկունքում թաքցնելու պարզունակ ու ցինիկ փորձ։
Իսկ այս ողջ սխեմայի նպատակն ակնհայտ է և հենց դրանով էլ՝ չափազանց խոսուն. Ռուսաստանի դուրսմղումը Հարավային Կովկասից։ Մնացած ամեն ինչն ընդամենը միջոց է։
Հարցը, սակայն, այլևս այն չէ, թե արդյոք մենք հասկանում ենք տեղի ունեցածը։ Հարցն այլ է՝ արդյո՞ք հայ հասարակության մեջ կգտնվի այն նույն կամքը և շրջակա իրականությանը սթափ նայելու ունակությունը՝ ոչ թե ուշացած իմաստավորման, այլ ժամանակին արված ու կոշտ քաղաքական հետևության համար։ Որովհետև դրանից հետո այլևս վերլուծելու բան չի մնա. նման քաղաքականության հետևանքները չեն քննարկվում՝ դրանք պարզապես արձանագրվում են որպես վերջնական դատավճիռ։


