Ալեն Ղևոնդյան․ «Մենք չենք գիտակցում աղետը, որ կարող է գալ այստեղ»
Փաշինյանի պոպուլիզմի հաջողության գաղտնիքը բնավ ինչ-որ բացառիկ քաղաքական ձիրքի կամ ռազմավարական հանճարի մեջ չէ, ինչպես փորձում են մեզ հրամցնել էկրաններից ու ամբիոններից, այլ շատ ավելի պրոզայիկ, բայց դրանից ոչ պակաս ազդեցիկ գործոնների մեջ. սպասումների ու վախերի հետ աշխատելու կարողության և, ինչն առավել կարևոր է, հասարակության՝ ցանկալին որպես իրականություն ընդունելու պատրաստակամության մեջ։
Վերջին ամիսներին մենք ականատես ենք լինում մի երևույթի, որը ցանկության դեպքում կարելի էր անվանել «իշխանության վերադարձ դեպի ժողովրուդ»։ Համենայն դեպս, հենց այդպես է այն մատուցվում։ Ուղիղ եթերներ, զբոսանքներ, հանդիպումներ, ժպիտներ, ձեռքսեղմումներ։Պատկերն առաջին հայացքից ավելի քան բարեհաճ է։ Սակայն ավելի ուշադիր դիտարկման դեպքում այս իդիլիան սկսում է քայքայվել՝ վերածվելով քաղաքական տեխնոլոգիայի միանգամայն ճանաչելի տարրերի, որոնք ամենևին նոր չեն և ոչ էլ՝ եզակի։
Ինչպես իրավացիորեն նկատում է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը.
«Սա բեմականացված քաղաքական PR գործընթաց է»։
Ըստ էության, սրանով շատ բան է ասված։ Եվ եթե մենք սովորություն ունենայինք ոչ միայն լսել, այլև ականջալուր լինել, ապա, հնարավոր է, ստիպված չլինեինք նորից ու նորից վերադառնալ ակնհայտին։ Բայց, ավաղ, այդ սովորությունը մեզանում դժվարությամբ է ձևավորվում։
Մինչդեռ ակնհայտ է, որ պոպուլիզմը՝ լինելով իր բնույթով հանրային տրամադրությունների վրա մակաբուծող երևույթ, դատարկ տեղում չի առաջանում։ Այն պահանջում է որոշակի միջավայր. միջավայր, որտեղ հավատը փոխարինում է գիտելիքին, հույզը՝ վերլուծությանը, իսկ լուրը՝ ապացույցին։ Եվ այս առումով պատասխանատվություն են կրում ոչ միայն նրանք, ովքեր կիրառում են այդ տեխնոլոգիան, այլև նրանք, ովքեր թույլ են տալիս, որ այն գործի։
Ղևոնդյանն այդ միտքը ձևակերպում է առավելագույնս հստակ․
«Պոպուլիստ առաջնորդները միշտ երկար են մնում, որովհետև կա հասարակության մի շերտ, որն, այնումենայնիվ, հավատով է ապրում»։
Սրան հավելենք նաև մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր բաղադրիչ՝ շահը։ Միշտ գտնվում են մարդիկ, ում համար գործող համակարգը հարմար է, կանխատեսելի և, ի վերջո, շահավետ։ Ուստի նրանք ոչ միայն ընդունում են դրա կանոնները, այլև դառնում են դրա լռելյայն պաշտպանները։
Այս պայմաններում առանձնահատուկ դեր է ստանում մի այլ՝ շատ ավելի կոշտ գործիք՝ վախը։ Ընդ որում, վախը ոչ թե վերացական է, այլ միանգամայն կոնկրետ ու հասցեական՝ հստակ մատնանշված հետևանքներով։
«Սա հասարակությանն ահաբեկմանն ուղղված տեխնոլոգիա է»։
Եվ իսկապես, դժվար է չնկատել, թե ինչպես «խաղաղության» հռետորաբանությանը զուգահեռ հանրային գիտակցության մեջ համառորեն ներարկվում է պատերազմի անխուսափելիության միտքը, բայց միայն այն դեպքում, եթե իշխանությունը փոխվի։ Այսպիսով՝ ստեղծվում է մի արատավոր շրջան. խաղաղությունը հնարավոր է միայն իրերի ներկայիս վիճակի պահպանման դեպքում, իսկ ցանկացած փոփոխություն ինքնաբերաբար տանում է դեպի աղետ։
«Եթե ես չլինեմ՝ պատերազմ կլինի». ահա գլխավոր ուղերձը, որն այսօր մատուցվում է հանրությանը։
Այնուամենայնիվ, նման հնարքները նոր չեն: Նոր է միայն այն, թե ինչ համառությամբ և հետևողականությամբ են դրանք կիրառվում։
Այս ֆոնին ընդդիմության վիճակը, մեղմ ասած, միանշանակ չէ։ Մի կողմից չի կարելի չնկատել սթափեցման որոշակի նշաններ՝ համախմբման փորձեր, ընտրական արգելքները հաղթահարելու անհրաժեշտության գիտակցում, սեփական ռեսուրսների նկատմամբ ավելի կշռադատված մոտեցում, մյուս կողմից՝ պահպանվում է հենց այն քրոնիկ հիվանդությունը, որի մասին բազմիցս խոսվել է՝ համազգային խնդիրը սեփական հավակնություններից վեր դասելու անկարողությունը։
Եվ այստեղ կրկին հարց է առաջանում, որի պատասխանից շատ բան է կախված ՝ խոսքը իշխանության համար պայքարի, թե պետության համար պայքարի մասին է։
Քանի որ, ինչպես ցույց է տալիս փորձը, դրանք ամենևին էլ նույն բանը չեն։
Մինչդեռ ներքաղաքական բեմահարթակից դուրս ձևավորվում են գործընթացներ, որոնց նշանակությունը դժվար է գերագնահատել։ Խոսքն Իրանի շուրջ հնարավոր էսկալացիայի մասին է՝ ներառյալ ցամաքային գործողության սցենարները, որոնց հետևանքները, ըստ Ղևոնդյանի, կարող են աղետալի լինել ոչ միայն անմիջական մասնակիցների, այլև ողջ տարածաշրջանի համար։
Եվ այստեղ հատկապես տեղին է հիշել նրա նախազգուշացումը.
«Մենք չենք գիտակցում աղետը, որ կարող է գալ այստեղ, ուղղակի չենք գիտակցում»։
Իսկապես, դժվար է գերագնահատել իրադարձությունների նման զարգացման հետ կապված ռիսկերը։ Բնակչության զանգվածային տեղահանումներ, ենթակառուցվածքների քայքայում, հումանիտար ճգնաժամ. այս ամենը դադարում է վերացական լինել և ձեռք է բերում միանգամայն կոնկրետ ուրվագծեր։ Եվ այս պայմաններում առնվազն միամիտ է այն պատրանքը, թե ներքին քաղաքական գործընթացները կարող են զարգանալ արտաքին գործոններից մեկուսացված։
Ավելին, տարածաշրջանային լուրջ էսկալացիայի պայմաններում անխուսափելիորեն առաջանում է գայթակղություն, իսկ երբեմն էլ անհրաժեշտություն՝ սահմանելու արտակարգ ռեժիմներ, որոնց դեպքում սովորական քաղաքական մեխանիզմները, ներառյալ ընտրությունները, կարող են կա՛մ հետաձգվել, կա՛մ անճանաչելիորեն ձևափոխվել։ Եվ այդ ժամանակ այսօրվա բոլոր վեճերը, մեղադրանքներն ու հաշվարկները կկորցնեն իրենց իմաստը՝ տեղը զիջելով շատ ավելի դաժան իրականությանը։
Ի վերջո, մենք կրկին հանգում ենք մի պարզ, թեև տհաճ մտքի. համաշխարհային ցնցումների դարաշրջանում փոքր պետություններն առանձնապես խոցելի են դառնում։ Նրանց դիմակայունությունը որոշվում է ոչ միայն ներքին վիճակով, այլև արտաքին ռիսկերը համարժեքորեն գնահատելու և դրանց արձագանքելու կարողությամբ։
Իսկ սա, իր հերթին, պահանջում է հենց այն որակը, որը մեզ հաճախ պակասում է՝ ականջալուր լինելու կարողությունը։ Ականջալուր լինելու և հետևություններ անելու։ Հակառակ դեպքում մեզ նորից ամեն ինչ կասեն բաց տեքստով։ Իսկ մենք, ինչպես դա արդեն բազմիցս պատահել է, կրկին կնախընտրենք ձևացնել, թե չհասկացանք։
Ալեն Ղևոնդյանի հետ հարցազրույցը հասանելի է տեսանյութում․


