ԴԱՎԱՃԱՆԸ ԵՎ ԱՄԲԻՈՆԸ. ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԿԵՂԾ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՒՄ
«2020 թ.-ին գիտակցված զոհողության են գնացել և դրա արդյունքում է, որ ձեռք են բերել պետություն ու անկախություն։ Դրանից առաջ բոլոր զոհողությունների հեղինակը մենք չենք եղել, մեզ տարել են կառափնարան և զոհել իրենց շահերին։ Առաջին անգամ մենք զոհողության ենք գնացել մեր շահերի համար, պետության, մեր ինքնության, մեր ապագայի համար»- մարտի 26-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Երբ նման խոսքերը հնչում են ոչ թե մասնավոր զրույցում կամ բանավեճի թեժ պահին, այլ պետական ամբիոնից, դրանք դադարում են պարզապես խոսքեր լինելուց։ Դրանք պահանջում են ըմբռնում։ Դրանք պահանջում են գնահատական։ Եվ ամենակարևորը՝ դրանք պահանջում են իրերն իրենց անուններով կոչել:
Երբ պետության ղեկավարը խոսում է պատերազմի մասին, նա պարտավոր է ասել ճշմարտությունը։ Ոչ թե հարմար, հղկված կամ գեղեցիկ փաթեթավորված խոսքեր, այլ այն ճշմարտությունը, որի համար վճարվել է հազարավոր կյանքերով։ Իսկ երբ ճշմարտության փոխարեն մենք լսում ենք արդարացում, առաջ է գալիս մի հարց, որից այլևս հնարավոր չէ խուսափել. սա տեղի ունեցածը բացատրելու փորձ է, թե՞ կատարվածի անկեղծ խոստովանություն:
Երբ նույն մարդը հայտարարում է, թե «նրանք գիտակցված զոհողության են գնացել», դա ոչ թե սխալ է կամ լեզվի սայթաքում, այլ բանաձև։ Կոշտ, ցինիկ և ծայրաստիճան անկեղծ։ Քանի որ դրանում ասված է ամենագլխավորը՝ զոհողությունը կատարվել է կանխամտածված, և ավելին՝ այն արդարացված է։ Հետևաբար՝ այս խոսքերը հնարավոր չէ անվանել այլ կերպ, քան հրեշավոր հանցագործության անկեղծ խոստովանություն:
Երբ դրան հաջորդում է՝ «առաջին անգամ մենք զոհողության ենք գնացել մեր շահերի համար», վերջնականապես պարզ է դառնում. մեզ առաջարկում են աղետը համարել իմաստավորված ընտրություն։ Մեզ առաջարկում են ընդունել, որ հազարավոր մարդկանց մահը ոչ թե ազգային շահերի դավաճանության հետևանք էր, այլ իբր քայլ դեպի «պետություն» և «ապագա»:
Մի՞թե այս ամենն ասվում է նրա համար, որպեսզի մեզ համոզեն, թե պարտությունը հաղթանակ է։ Որ կորուստը ձեռքբերում է։ Որ կապիտուլյացիան փրկություն է
Բավական է միայն նայել փաստերին՝ 44-օրյա պատերազմի հետևանքներին, որոնք հնարավոր չէ ո՛չ թաքցնել, ո՛չ էլ վերաշարադրել:
Ավելի քան հինգ հազար զոհ։ Ավելի քան տասնմեկ հազար վիրավոր։ Հարյուրավոր, իսկ գուցե և հազարավոր անհետ կորածներ։ Հարյուրավոր գերիներ, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որոնք բանտարկված են Բաքվի բանտերում։ Արցախի կորուստ։ Իրենց հողից վտարված շուրջ հարյուր քառասուն հազար մարդ։ Առանցքային տարածքների հանձնում թշնամուն։ Թշնամու ներկայություն Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Գորիս-Կապան ճանապարհի ռազմավարական հատվածի զիջում, որն ապահովում էր կենսական նշանակություն ունեցող ելքը դեպի Իրան:
Եվ այսքա՞նը։ Ոչ, սա միայն սկիզբն է:
Երբ պատերազմից հետո Իլհամ Ալիևն օրեցօր նոր պահանջներ է ներկայացնում, դա արդեն դիվանագիտություն չէ, այլ թելադրանք: Հայաստանի Սահմանադրության փոփոխություն: Արցախի հետ կապված ցանկացած ձևակերպումից հրաժարում: Բաքվի քարոզչության կողմից աբսուրդի աստիճանի ուռճացված, այսպես կոչված, «երեք հարյուր հազար ադրբեջանցի փախստականների» թեմայի պարտադրում: Բազմամիլիարդանոց «ռազմատուգանքի» հարցի առաջմղում: Այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցում ճնշում, ինչը փաստացի նշանակում է սեփական տարածքի մի մասի նկատմամբ վերահսկողության կորուստ: Հայերի դեմ ատելության ամենօրյա քարոզչություն պետական մակարդակով:
Եվ այս ամենը մեզ մատուցվում է որպես «շարժում դեպի խաղաղությո՞ւն»:
Երբ երկիրը պատերազմից հետո հայտնվում է մի վիճակում, որտեղ ամեն նոր օրը բերում է նորանոր զիջումներ, ապա ո՞ր խաղաղության մասին կարող է խոսք լինել։ Սա ոչ թե անկախության ձեռքբերում է, ինչպես փորձում է համոզել Նիկոլ Փաշինյանը, այլ ինքնիշխանության տարածքի հետևողական նեղացում։ Սա ոչ թե «փրկություն է կառափնարանից», ինչպես հայտարարում է վայ-վարչապետը, այլ օղակ, որը սեղմվում է ոչ թե միանգամից, այլ քայլ առ քայլ, և որն, ի վերջո, խեղդելու է Հայաստանը։
Մի՞թե սա էլ է «ինքնազոհողության արդյունքը»։ Մի՞թե հանուն սրա են «զոհաբերել իրենց»:
Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Facebook սոցիալական ցանցում ընդգծել է.
«Պարզ Է, որ ազգը պարտության փաստից ելնելով իրեն պետք է պահի շատ զուսպ, զգույշ ու սահմանափակի իր արտաքին քաղաքական ամբիցիաները։ Սակայն շատերը դա չեն ընկալում, քանի որ դրա քարոզը տանում է Նիկոլը, մի մարդ, ով իշխանությունը վերցրել է դիամետրալ այլ կարգախոսներով, պատերազմը առնվազն ապիկար ու արդյունավետ կառավարելու արդյունքում ապահովել է հայ ազգի խայտառակ պարտությունը և շարունակական նվաստացում։ Պատկերացրեք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Հիտլերը մնար Գերմանիայում իշխանության ու դրանից հետո ողջ օրը քարոզեր Սովետի հետ «անուշ ախպերություն» անելու մասին։ Մարդիկ պարզ հարց էին տալու, թե բա եթե այդպես ես մտածում, ինչի մեզ տարար կոտորածի, ավերածությունների ու պարտության։ Ոնց որ հիմա Նիկոլին են հարց տալիս, որ եթե դու այդպես էիր մտածում, ինչի մի ողջ սերունդ պարկացրեցիր Եռաբլուրում, հասար Հայոց բանակի ջախջախմանը ու տեղ չթողեցիր, որ ԼՂԻՄ նախկին բնակչությունը ու Բաքուն փորձեն ընդունելի պայմանավորվել ու այդ մարդիկ էլ արժանապատիվ կերպով մնան իրենց հողի վրա ապրելու»։
Ուզում ենք ճիշտ հասկացված լինել։ Խոսքը անհրաժեշտ կամ անխուսափելի բարդ որոշումների անթույլատրելիության մասին չէ։ Պատմությունը գիտի բազմաթիվ ողբերգական փոխզիջումներ։ Բայց դրանցից և ոչ մեկը չի արդարացվել նրանով, որ զոհաբերությունը հայտարարվել է կանխահայտորեն, գիտակցված և անհրաժեշտ՝ պարտության կամ կապիտուլյացիայի միջոցով «ինքնիշխանություն» ձեռք բերելու համար։ Դրանցից ոչ մեկը չի ենթադրել պատերազմի գիտակցված և նպատակաուղղված հրահրում, որպեսզի արյան, պարտության ու կորստի միջով դա ներկայացվի որպես «պետության և անկախության ձեռքբերում»։ Ոչ մեկը:
Իսկ երբ այսօր մեզ առաջարկում են ընդունել հենց այսպիսի տրամաբանություն, առաջանում է արդեն ոչ թե քաղաքական, այլ բարոյական հարց. Որտե՞ղ է սահմանը։ Որտե՞ղ է այն գիծը, որից այն կողմ պետությունը պարտավոր է ասել «ոչ»՝ նույնիսկ ռիսկի գնով։
Բայց կա նաև մեկ այլ հարց՝ շատ ավելի կոշտ և շատ ավելի կոնկրետ։ Ոչ թե բարոյական, այլ՝ քրեական։ Քանի որ, երբ պետության առաջին դեմքը հրապարակավ հայտարարում է «գիտակցված զոհողության» մասին՝ հանուն պարտության, երբ նա փաստացի ընդունում է հազարավոր քաղաքացիների մահվան թույլատրելիությունն ու արդարացվածությունը՝ նպատակ ունենալով հայ ժողովրդին համոզել թշնամուն արվող ցավոտ զիջումների անհրաժեշտության մեջ, դա արդեն գնահատական չէ։ Դա անկեղծ խոստովանություն է։ Խոստովանություն, որի մեջ նկատվում է ոչ թե պարզապես սխալ կամ վրիպում, այլ մի արարքի հատկանիշներ, որը ցանկացած նորմալ պետությունում ունի միանգամայն որոշակի անվանում՝ պետական դավաճանություն:
Եվ այդժամ անխուսափելիորեն առաջանում է հաջորդ հարցը:
Որտե՞ղ է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությամբ ներկայացված խորհրդարանական մեծամասնությունը, որը պարտավոր էր անհապաղ բարձրացնել պատասխանատվության հարցը։ Որտե՞ղ է Գլխավոր դատախազությունը։ Որտե՞ղ են ուժային կառույցների ղեկավարները։ Որտե՞ղ են նրանք բոլորը, երբ Փաշինյանի սեփական խոսքերում, նրա հրապարակային խոստովանություններում ուղղակիորեն նկատվում է հանցակազմ՝ պետական դավաճանություն։ Որտե՞ղ են քրեական գործերը։ Որտե՞ղ է իրավական գնահատականը։ Որտե՞ղ է պարտականության տարրական կատարումը:
Եվ հիմա, երբ Փաշինյանի խոսքերն ու գործողությունները վրդովմունքի ալիք են բարձրացրել, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են կազմակերպել ՀՀ Գլխավոր դատախազության դիմաց։ Ինչպես հայտնում է news.am-ը, նրանք մտադիր են դիմում ներկայացնել Գլխավոր դատախազություն՝ կապված Ազգային ժողովում վարչապետի արած հայտարարության հետ՝ պահանջելով, որ նրա խոսքերն ու գործողությունները իրավական գնահատական ստանան։
Նման պայմաններում լռությունն արդեն անգործություն չէ։ Դա հանցակցություն է:
Այս ամենը ցույց է տալիս. խնդիրը խաղաղության գաղափարի մեջ չէ և ոչ էլ խաղաղության կոչերի, այլ այն բանի, թե ով է դրանք արտաբերում և ինչ նպատակով։ Փաշինյանի համար խաղաղությունը ոչ թե նպատակ է, այլ իշխանությունը պահպանելու գործիք։ Նա ադրբեջանական ժողովրդի հետ խաղաղություն հաստատելու իրական անհրաժեշտություն չունի, քանի որ նրա նպատակը սեփական աթոռի պահպանումն է, այլ ոչ թե ազգի ճակատագիրը։ Եվ այս պարագայում ամեն մի նոր զիջում, ամեն մի նոր փոխզիջում վերածվում են դավաճանության հերթական հաստատման, իսկ «հանուն պետության ինքնազոհողություն» բառերը ստանում են իրական, սարսափելիորեն իրատեսական նշանակություն:
Հարցը միայն մեկն է. մինչև ո՞ր սահմանը։ Եվ կմնա՞ արդյոք որևէ բան, որը դեռ հնարավոր կլինի անվանել պետություն, եթե Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթի առաջիկա խորհրդարանական ընտրություններում։


