Պատմության չքաղված դասերը․ Առաջին աշխարհամարտից մինչև Արցախի կորուստ

Առաջին համաշխարհային պատերազմը (1914–1918) աշխարհի, գաղութների և ազդեցության ոլորտների վերաբաժանման համար պայքար էր երկու դաշինքների՝ Անտանտի (Ռուսաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա) և Եռյակ դաշինքի (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, իսկ ավելի ուշ՝ Թուրքիա և Բուլղարիա) միջև։ Երկրները ձգտում էին թուլացնել իրենց մրցակիցներին, զավթել նոր տարածքներ (անեքսիաներ) և հաստատել տնտեսական գերիշխանություն։

Գերմանիան ձգտում էր համաշխարհային տիրապետության, ցանկանում էր գրավել նոր գաղութներ, թուլացնել Ֆրանսիան, Ռուսաստանից խլել Բալթյան հողերը, Լեհաստանը և Ուկրաինան՝ մայրցամաքում հենարան ձեռք բերելու համար։

Ավստրո-Հունգարիան ձգտում էր ամրապնդել իր ազդեցությունը Բալկաններում, բռնազավթել Սերբիան և չեզոքացնել Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում։

Օսմանյան կայսրությունը ցանկանում էր վերադարձնել կորցրած տարածքները Կովկասում և ամրապնդել իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում։

Ռուսական կայսրությունը ձգտում էր վերահսկել Սև ծովի նեղուցները (Բոսֆոր և Դարդանել) անվտանգ արտահանման համար և միավորել լեհական հողերը իր տիրապետության տակ։

Ֆրանսիայի գլխավոր նպատակն էր վերադարձնել Էլզասը և Լոթարինգիան, որոնք կորցրել էր 1870–71 թվականների ֆրանկո-պրուսական պատերազմում, Մեծ Բրիտանիայի գլխավոր նպատակը գերմանական ազդեցության կանխումն էր Եվրոպայում և այլն։

Առաջին համաշխարհային պատերազմը հանգեցրեց չորս կայսրությունների (ռուսական, գերմանական, ավստրո-հունգարական և օսմանյան) փլուզմանը, հսկայական տնտեսական կորուստների և Եվրոպայի քարտեզի փոփոխության։

Պատմությունը մեզ բազմիցս ցույց է տվել, թե ինչի կարող է հանգեցնել նման աշխարհաքաղաքական լարված իրավիճակում ազգային շահով չառաջնորդվող իշխանությունը իր որոշումներով։ Հայաստանի ճակատագիրը, ինչպես Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, այնպես էլ այսօր, մեծապես կախված է ազգային էլիտայի որոշումներից և վարած քաղաքականությունից։

Ցավալի է փաստը, որ Առաջին համաշխարհային պատերազմին հաջորդող շրջանում հայկական էլիտան չկարողացավ ճիշտ կողմնորոշվել, իսկ իր հետագա գործողությունները արդեն կարելի է գնահատել առնվազն հայկական շահից չբխող։ Առաջին Հանրապետության ձևավորման շրջանը բարդ ու հակասական ժամանակաշրջան էր, որտեղ որոշումները հաճախ ընդունվում էին արտաքին ճնշումների և անկայունության պայմաններում։ Եթե հայկական էլիտայի սկզբնական որոշումներին դժվար է հստակ գնահատական տալ՝ պայմանավորված նրանով, որ Ռուսաստանում սկզբնական փուլում կենտրոնական ամուր իշխանություն գոյություն չուներ, բայց արդեն 1920-ից հայկական էլիտայի գործողությունների մասին միանշանակ կարելի է պնդել, որ հայկական շահով պայմանավորված չէր, իսկ հետագա 45 օրյա հեղաշրջումը ուղիղ դավաճանական էր, ինչը հանգեցրեց Արցախի և Նախիջևանի վերջնական կորստին, չնայած նրան, որ Հայաստանը կարող էր Նախիջևանով և Արցախով մտնել ԽՍՀՄ կազմ։

Այսօր կրկին, երբ աշխարհում ազդեցության գոտիների և ճանապարհների վերահսկողության պայքար է գնում, Հայաստանը կրկին հայտնվել է նույն իրավիճակում, ինչ 100 տարի առաջ, բայց առավել շահավետ դիրք կունենար, եթե Սերժ Սարգսյանը առաջնորդվեր հայկական շահով, ինչը ենթադրում էր համաձայնվել Լավրովյան պլան կոչվածին։

Բայց այս հանգուցալուծումը չէր բխում Արևմուտքի և Թուրքիայի շահերից, հետևաբար Սերժ Սարգսյանը տարբեր միջոցներով պիտակավորեց Լավրովյան պլանը, իսկ ավելի ուշ արդեն գոյություն ունեցող ստեղծված իրավիճակի միակ փրկողակ հանդիսացող Նոյեմբերի 9-ի հայտարարության Հայաստանի կողմից միտումնավոր խափանման արդյունքում Արցախը հայաթափվեց և վերջնական կորսվեց։

Ռուսաստանը մեկ անգամ չէ, որ ակնարկել է, քանի դեռ գոյություն ունեցող աշխարհակարգը չի փլուզվել վերջնական, հնարավոր չէ Արցախի հարցի լուծման առավել շահավետ տարբերակ, քան առաջարկվում էր։ Լավրովյան պլանը և Նոյեմբերի 9-ի հայտարարությունը հնարավորություն էին մեզ համար ժամանակ շահել և ճիշտ կողմնորոշվելու դեպքում նոր ձևավորվող աշխարհակարգում մեր տեղը գտնել Արցախի հետ միասին։

Ռուսաստանի համար առաջնային նշանակություն ուներ Արցախի հարցի հանգուցալուծումը մի շարք պատճառներով, առաջին հերթին՝ տարածաշրջանային անվտանգության համար, քանի որ վաղուց մեկնարկել է Միջազգային Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը՝ որպես Սուեզով անցնող երթուղուն առավել շահավետ այլընտրանք, որը Իրանի և Կասպից ծովի միջոցով կապում է Հնդկաստանը (Մումբայի նավահանգիստը) Բալթիկ ծովի (Ռուսաստան) հետ։ Այս երթուղով բեռները Մումբայից 14–20 օրվա ընթացքում հասնում են Բալթիկ ծով, ինչը երկու անգամ ավելի արագ է, քան Սուեզի ջրանցքով անցնող ավանդական ծովային երթուղին։

Միջանցքի հիմնական երթուղին՝ Հնդկաստան – Իրան – Հայաստան – Ադրբեջան – Ռուսաստան, և նաև Միջին Ասիան երթուղուն կապող ճյուղեր։ Այս երթուղին ենթադրում է փոխադրման ժամանակի և ծախսերի կրճատում, ԵԱՏՄ երկրների, Հնդկաստանի և Պարսից ծոցի միջև լոգիստիկ շղթաների զարգացում, ինչպես նաև Եվրոպան լրացուցիչ կախվածության մեջ է ընկնում Ռուսաստանից։

Արցախի հարցի ռուսական տարբերակով հանգուցալուծումը մեզ հնարավորություն կտար ոչ միայն պահպանել Արցախը, այլև կարևոր դերակատարում ունենալ Հյուսիս-Հարավ երթուղու կյանքի կոչման համար:

Բայց փաստացի Սերժ Սարգսյանը մեզ արդեն դուրս է թողել այդ երթուղուց դեռ 2009 թվականից համաձայնվելով Հյուսիս Հարավի արեւմտյան տարբերակին (Հնդկաստան-Իրան-Հայաստան-Վրաստան -Սեւ Ծով- Եվրոպա) ինչը ենթադրում է Ռուսաստանին դուրս թողնել տարածաշրջանից։ Բայց փաստացի Սերժ Սարգսյանի որոշման արդյունքում ոչ թե Ռուսաստանը այլ Հայաստանը կորցրեց հնարավորությունը քանի որ ներկա պահին երթուղին կառուցվում է Հնդկաստան – Իրան – Ադրբեջան – Ռուսաստան հիմնական տարբերակով։

Այս ամենին զուգահեռ մի կողմից Չինաստանն է պայքարում Հայաստանով Եվրոպա դուրս գալու համար, մյուս կողմից ԱՄՆը Թրիպով փորձում է վերահսկողություն սահմանել Սյունիքով անցնող ճանապարհի վրա ,ինչը հղի է անկանխատեսելի զարգացումներով ,ընդուպ մինչեւ Սյունիքի կորստով առաջիկա ընտրություններին Նիկոլի եւ Սերժի վերարտադրման դեպքում:

Կարևոր է հասկանալ, որ մեր շուրջ ծավալվող գործընթացները ոչ միշտ են այնքան պարզ, որքան ներկայացվում է. այն պահանջում է խորքային վերլուծություն, փաստերի համադրում և սառը դատողություն։

Այսօր ,երբ Նիկոլ եւ Սերժ զույգը վստահորեն գործում են ընդդեմ հայ ժողովրդի՝հանուն իրենց օֆշորների ,պատճառներից մեկը նաեւ այն է ,որ մինչեւ այսօր արժանի գնահատական տրված չէ առաջին հանրապետության այն պետական այրերին ,որոնք արեւմուտքի թելադրանքով պատճառ դարձան հազարավոր զոհերի եւ տարածքային կորուստների. ավելին այդ մարդկանց անուններով փողոցներ կառույցներ եւ արձաններ կան Երեւանում ,ինչը լրացուցիչ վստահություն է տալիս Սերժին եւ Նիկոլին, որ իրենք պատմության էջերում կմնան ոչ թե որպես դավաճաններ ,այլ ՝հերոսներ:

Հետեւաբար կարիք կա վերանայելու մեր պատմության էջերը եւ համապատասխան գնահատականներ տալու թե առաջին ,թե երրորդ հանրապետության պետական այրերին ,ովքեր գործեցին հայկականության դեմ՝ ծառայելով օտարի շահին :Հակառակ դեպքում Արեւմուտքին կհաջողվի շարունակել մոլորեցնել մեզ ՝դավաճաններին հերոսներ ,իսկ հերոսներին դավաճան կարգելով: