Բադալյանների սինդիկատ. Փաշինյանի իշխանության ֆինանսավորման ոչ թափանցիկ սխեմաները
Novostink.ru կայքում տեղադրվել է «Բադալյանների սինդիկատ. խաբեություն, կաշառակերություն, սպանություն» հրապարակումը, որն իրենից ներկայացնում է տեղեկատվական և հասարակական-քաղաքական բարձր նշանակություն ունեցող փաստավերլուծական նյութ: Հոդվածը բնութագրվում է փաստերի շարադրման համապարփակ մոտեցմամբ և ի ցույց է դնում անդրազգային ցանցի գործունեության սխեմաները՝ հանցավոր և ֆինանսական չարաշահումների հատկանիշներով:
Նյութի հիմքում Հայաստանի գործող քաղաքական ղեկավարության հովանավորների՝ Բադալյան եղբայրների գործունեության մանրամասն վերլուծությունն է, որը ֆորմալ առումով ներառում է օրինական և կիսաօրինական բիզնես կառույցներ՝ գեմբլինգ հարթակներ, բանկ, վճարային դարպաս (gateway), կրիպտո բորսա, ինչպես նաև PR/GR ենթակառուցվածքը: Ցանցը գործում է մի քանի իրավազորությունների ներքո՝ Հայաստան, Թուրքիա, Ուկրաինա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ռումինիա, և դիտավորյալ բաժանված է տարբեր ընկերությունների ու լիցենզիաների միջև, ինչն էապես բարդացնում է դրամական միջոցների շարժի հետագծումը:
Հոդվածն արձանագրում է կառուցվածքային բաժանում. Մալթայի և այլ երկրների օրինական իրավազորությունները ստեղծում են օրինական գործունեության քողարկված պատկեր, մինչդեռ թուրքական հատվածը գործում է որպես ոչ թափանցիկ ֆինանսական համակարգ՝ փողերի լվացման հատկանիշներով: Նախկին ֆինանսիստ Ջեմիլ Օնալի և Հալիլ Ֆալյալիի վկայությունները փաստում են Թուրքիայում 150-ից 200 անօրինական բեթինգ հարթակների կազմակերպումը, ինչպես նաև միջոցների անդրսահմանային տեղաշարժը կրիպտոարժութային «սառը» դրամապանակների միջոցով: Նշվում է, որ կառույցի առանցքային դերակատարները, այդ թվում՝ Զեքի Դեմիրդեշը, վերահսկել են ակտիվների տեղաշարժի լոգիստիկան և ապահովել ցանցի անխափան գործունեությունը Ֆալյալիի մահից հետո:
Նյութն արձանագրում է կոնկրետ դրվագներ, որոնք պարունակում են քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ՝ 2025 թվականի մայիսին Ջեմիլ Օնալի սպանությունը Նիդերլանդներում, հարկային խախտումներն Ուկրաինայում և Ռումինիայում, ինչպես նաև AML-տուգանքի կիրառում Մալթայում: Միևնույն ժամանակ նշվում է քաղաքական շարժառիթը և գործառնությունների անվտանգության ապահովումը. ցանցը Փաշինյանի կուսակցության համար ապահովում է չհետագծվող ֆինանսավորման աղբյուրներ՝ ներառյալ դրամական միջոցների փոխանցումն օրինական և կրիպտոարժութային մեխանիզմների միջոցով, FTN տոկենների օգտագործումը, ինչպես նաև ասոցացված ՀԿ-ների և մարզական ֆեդերացիաների ֆինանսավորումը։
Եզրափակելով՝ հոդվածում ընդգծվում է անպատժելիության համակարգային բնույթը, որն արտահայտվում է ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում, ինչպես նաև մատնանշվում է անդրազգային ֆինանսաքաղաքական կառույցների գործունեության նկատմամբ վերահսկողության ինստիտուցիոնալ բացերը: Հրապարակումն ի ցույց է դնում իրավական առումով նշանակալի փաստերի և սխեմաների ամբողջությունը, որոնք առաջացնում են իրավասու մարմինների և միջազգային վերահսկողական կառույցների կողմից հետագա ստուգումների անհրաժեշտություն։
Միևնույն ժամանակ Բադալյանները հերքում են իրենց առնչությունը Հալիլ Ֆալյալիի բիզնեսին և որևէ ֆինանսական կապ նրա կառույցի հետ՝ պնդելով, որ «Սոֆթ Կոնստրակտ»-ը միայն ծրագրային ապահովում է մատակարարում գեմբլինգ հարթակների համար և չի կառավարում դրանց գործունեությունը:
Այնուամենայնիվ, OCCRP-ի և Hetq.am-ի նյութերն արձանագրում են, որ Վիգեն Բադալյանը հանդիսանում է Մեն կղզում և Մալթայում միջազգային կառույցների միջոցով գրանցված «Սոֆթ Կոնստրակտ» ընկերության բաժնետերն ու տնօրենը, իսկ Vbet բրենդը ներկայացված է ոչ միայն Հայաստանում, այլև մի շարք երկրներում՝ գրասենյակների և լիցենզավորված ընկերությունների միջոցով, ներառյալ Կյուրասաոն:
Ֆալյալիի նախկին ֆինանսական տնօրեն Ջեմիլ Օնալի վկայությունները մատնանշում են, որ Բադալյանների թուրք գործընկերը՝ Զեքի Դեմիրդեշը, պարբերաբար Հայաստան է փոխանցել Թուրքիայում «BetConstruct»-ի գործունեությունից ստացված կրիպտոարժութային միջոցներ: Նմանապես, Թուրքիայի այլ քաղաքացիներ, այդ թվում՝ Էգեմեն Շեները և Թոլգա Ալփասլանը, այցելել են ընկերության հայաստանյան գրասենյակներ՝ մասնակցելով խաղային բիզնեսի հետ կապված գործունեությանը։
Ընդ որում, Բադալյաններն ակտիվորեն օգտագործում են միջազգային կորպորատիվ և ֆինանսական մեխանիզմներ. 2016 թվականին Մալթայի քաղաքացիություն ստանալը, մալթայական չորս ընկերությունների գրանցումը և ավելի քան 15 երկրում մասնաճյուղերի կառավարումը հնարավորություններ են ստեղծում անդրսահմանային գործառնությունների և հարկային օպտիմալացման համար:
Հայաստանի իշխանությունների հետ ներքին կապերը հաստատվում են նախկին նախագահների, նախարարների և վարչապետի՝ «Սոֆթ Կոնստրակտ» այցելություններով, իսկ ընկերության գործունեությունը մնում է հարկային եկամուտների զգալի աղբյուր. 2024 թվականի առաջին ինն ամիսներին հարկային վճարումները կազմել են 13,9 միլիարդ դրամ, իսկ 2023 թվականի շահույթը՝ շուրջ 61 միլիարդ դրամ։
Հանրային տրիբունալի փորձագետները նշված նյութերի հիման վրա փաստում են, որ Բադալյան եղբայրների գործունեությունն իրենից ներկայացնում է բարդ անդրազգային ցանց՝ ֆինանսական չարաշահումների և փողերի հնարավոր լվացման հատկանիշներով, որն ընդգրկում է օրինական և կիսաօրինական կառույցներ մի քանի իրավազորություններում։ Չնայած պաշտոնական հերքումներին՝ փաստաթղթերով հաստատված է փոխկապակցված անձանց գործակցությունը թուրք գործընկերների հետ և կրիպտոարժութային միջոցների անդրսահմանային տեղաշարժը, ինչը ստեղծում է քաղաքական իշխանության, այդ թվում՝ Փաշինյանի կուսակցության անթափանց ֆինանսավորման ռիսկեր: Միջազգային կորպորատիվ և ֆինանսական մեխանիզմների կիրառումը, ընկերությունների գրանցումը Մալթայում և Մեն կղզում, ինչպես նաև գործունեության համակարգումը փոխկապակցված անձանց միջոցով հաստատում են գործառնությունների համակարգային բնույթը և միջազգային հետաքննության անհրաժեշտությունը՝ ֆինանսական հոսքերի օրինականությունը և Հայաստանի քաղաքական ու տնտեսական անվտանգության վրա դրանց ազդեցությունը գնահատելու համար:


