Հայաստանում IRI-ի հասարակական կարծիքի հարցման վերլուծություն, 2026 թ․ փետրվար

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Վերլուծական հետազոտությունների կենտրոնի պատվերով Breavis ընկերության իրականացրած հասարակական կարծիքի հարցումը ցույց է տվել, որ Հայաստանում հարցվածների 29%-ը հայտարարել է, որ կքվեարկեր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, եթե ընտրությունները տեղի ունենային հաջորդ շաբաթ։ Տվյալները հավաքագրվել են 2026 թվականի փետրվարի 3-ից 13-ն ընկած ժամանակահատվածում՝ CATI համակարգով իրականացված հեռախոսային հարցազրույցների միջոցով։ Արդյունքները ներկայացված են ստորև բերված աղյուսակում․

Ցուցանիշ Արժեք Մեկնաբանություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն աջակցություն 29% Տվյալները ցույց են տալիս գործող իշխանության բազային էլեկտորալ աջակցությունը. ցածր մասնակցության դեպքում այս հատվածը կարող է պահպանել առավելությունը:
Ընդդիմադիր ուժերին աջակցություն 10-12% (հանրագումարում) Վստահության ցածր մակարդակը սահմանափակում է բողոքական տրամադրությունները ձայների փոխակերպելու կարողությունը:
Չկողմնորոշված ընտրողներ 40–45% Չկողմնորոշվածների զգալի մասնաբաժինը, հատկապես երիտասարդության շրջանում (18-35 տարեկան), ձայների վերաբաշխման պոտենցիալ է ստեղծում։
Ընտրություններին մասնակցելու հավանականությունը (հայտարարված) 65–70% Ավանդաբար չափազանցված է փաստացի մասնակցության համեմատ. կարող է պայմանավորված լինել «սոցիալապես ցանկալի պատասխանների» էֆեկտով:
Վստահություն քաղաքական առաջնորդների նկատմամբ Ցածր Հարցվածների մեծամասնությունը չի առանձնացնում վստահության արժանի քաղաքական գործիչների, հատկապես 18-35 տարեկանների շրջանում:
Վստահություն ոչ քաղաքական ինստիտուտների նկատմամբ Բարձր Բանակն ու եկեղեցին պահպանում են ավանդական վստահությունը՝ հանդես գալով որպես լեգիտիմության աղբյուրներ։
Հասարակական գլխավոր առաջնահերթությունները Սոցիալ-տնտեսական խնդիրներ (աղքատություն, եկամուտներ) - 55%, անվտանգություն - 30% Ուշադրության տեղաշարժն անվտանգությունից դեպի սոցիալ-տնտեսական հարցեր արտացոլում է հասարակական սպասումների փոփոխությունը:
Երկրի ուղեգծի ընկալումը «Ճիշտ» - 48%, «սխալ» - 44%, դժվարացել են պատասխանել - 8% Գրեթե հավասարակշռված բաշխում, որն արտացոլում է կարծիքների բևեռացումը և կոնսենսուսի բացակայությունը:
Իշխանության էլեկտորալ կորիզը 25–30% Աջակցության կայուն հատված, որն արտահայտվում է նույնիսկ կոնկրետ քաղաքական գործիչների հանդեպ ցածր վստահության դեպքում:
Մեդիամիջավայրի ազդեցությունը Բարձր Թվային հարթակները և տեղեկատվական օրակարգը ձևավորում են կայուն նարատիվներ, որոնք ազդում են քաղաքական իրականության ընկալման վրա:

Հետազոտությունը թույլ է տալիս արձանագրել Հայաստանի սոցիալ-քաղաքական տրամադրությունների մի շարք կայուն բնութագրեր, սակայն պահանջում է կրիտիկական վերլուծություն՝ տվյալների ներքին համահունչության և նախորդ ընտրական փուլերի հետ համադրման տեսանկյունից։

Նախևառաջ, ուշադրություն է գրավում քաղաքացիների՝ ընտրություններին մասնակցելու հայտարարված պատրաստակամության և փաստացի մասնակցության միջև առկա անհամապատասխանությունը: Նախորդ ընտրական փուլերում նմանատիպ հարցումները ցույց են տվել հայտարարված մասնակցության զգալիորեն ավելի բարձր մակարդակ, քան պաշտոնական վիճակագրությամբ արձանագրված վերջնական ցուցանիշները: Սա մատնանշում է սիստեմատիկ սխալի առկայությունը, որը պայմանավորված է կա՛մ ընտրանքի առանձնահատկություններով, կա՛մ «սոցիալապես ցանկալի պատասխանների» էֆեկտով: Հետևաբար, ընթացիկ հետազոտության մեջ պոտենցիալ մասնակցության ցուցանիշները չեն կարող դիտարկվել որպես հավաստի կանխատեսում:

Քաղաքական համակարգի վիճակի էական ցուցիչ է քաղաքական ինստիտուտների և առանձին դերակատարների նկատմամբ վստահության մակարդակը: Տվյալները փաստում են անվստահության բարձր մակարդակ. հարցվածների զգալի մասը չի առանձնացնում վստահության արժանի որևէ քաղաքական գործչի: Այս միտումը հատկապես արտահայտված է 18-35 տարիքային խմբում: Սա վկայում է ներկայացուցչականության ճգնաժամի մասին, որի դեպքում գոյություն ունեցող քաղաքական ուժերը չեն ընկալվում որպես հասարակության շահերի համապատասխան կրողներ:

Այս եզրակացության լրացուցիչ հաստատումն է չկողմնորոշված ընտրողների զգալի մասնաբաժինը: Հստակ քաղաքական նախապատվություններ չունեցող հարցվածների մեծ հատվածի առկայությունը մատնանշում է ընտրական կառուցվածքի անկայունությունը և ընտրարշավի ընթացքում ձայների վերաբերաշխման բարձր պոտենցիալը: Ընդ որում, այդ հատվածի զգալի մասը կազմում են երիտասարդները, ինչն էլ ավելի է ուժեղացնում անորոշության գործոնը:

Միևնույն ժամանակ արձանագրվում է գործող իշխանության էլեկտորալ կորիզի հարաբերական կայունություն։ Նույնիսկ առանձին քաղաքական գործիչների նկատմամբ անձնական վստահության անկման պայմաններում, պահպանվում է աջակցության որոշակի բազային մակարդակ, որը ցածր մասնակցության պարագայում կարող է ապահովել հարաբերական առավելություն։ Այս էֆեկտն ուժեղանում է քաղաքական գործընթացներում չներգրավված ընտրողների շրջանում առկա ապատիայի հետևանքով։

Թեմատիկ առաջնահերթությունների վերլուծությունը ցույց է տալիս հանրային պահանջների կառուցվածքային փոփոխություն: Արձանագրվում է սոցիալ-տնտեսական խնդիրների, մասնավորապես՝ աղքատության հարցերի կարևորության աճ, ինչը զուգորդվում է անվտանգությունը որպես առաջնահերթություն դիտարկող հարցվածների մասնաբաժնի նվազմամբ: Նման դինամիկան կարող է վկայել կա՛մ հանրային ուշադրության տեղաշարժի, կա՛մ տեղեկատվական օրակարգի ազդեցության մասին: Ամեն դեպքում նկատվում է անհամապատասխանություն օբյեկտիվ մարտահրավերների և դրանց կարևորության սուբյեկտիվ ընկալման միջև:

Հատուկ ուշադրության է արժանի առանձին ցուցանիշների հակասականությունը հենց հետազոտության մեջ: Օրինակ՝ սոցիալական խնդիրների վերաբերյալ մտահոգության աճը զուգորդվում է գործող իշխանությանն աջակցության հարաբերականորեն կայուն կամ չափավոր ցուցանիշների հետ: Սա կարող է վկայել ընկալման ֆրագմենտացիայի էֆեկտի մասին, որի դեպքում կոնկրետ խնդիրների գնահատականը չի փոխակերպվում քաղաքական վարքագծի։

Նշանակալի գործոն է մնում քաղաքական մրցակցության ընկալումը: Տվյալները վկայում են այն մասին, որ ընդդիմադիր ուժերը չեն կարողացել ձևավորել համոզիչ այլընտրանք առանցքային հարցերի շուրջ՝ ներառյալ անվտանգությունը և զարգացումը: Ընդդիմության նկատմամբ վստահության ցածր մակարդակը սահմանափակում է բողոքական տրամադրությունները ընտրական աջակցության փոխակերպելու նրա կարողությունը:

Բացի այդ, պետք է հաշվի առնել տեղեկատվական միջավայրի ազդեցությունը հասարակական կարծիքի ձևավորման վրա։ Մեդիաազդեցության բարձր աստիճանը՝ ներառյալ թվային հարթակների ակտիվ օգտագործումը, կարող է նպաստել կայուն նարատիվների ձևավորմանը, որոնք ազդում են քաղաքական իրականության մեկնաբանման վրա: Այս պայմաններում հասարակական կարծիքի հարցումները կարող են արտացոլել ոչ միայն իրական նախապատվությունները, այլև ընթացիկ տեղեկատվական օրակարգի արդյունքները։

Ինստիտուցիոնալ կառույցների նկատմամբ վերաբերմունքի վերլուծությունը ցույց է տալիս, որ վստահության մակարդակը ոչ քաղաքական ինստիտուտների, օրինակ՝ եկեղեցու և բանակի նկատմամբ, մնում է համեմատաբար բարձր: Սա մատնանշում է լեգիտիմության ավանդական աղբյուրների պահպանումը՝ քաղաքական դերակատարների նկատմամբ վստահության անկման ֆոնին:

Կարևոր տարր է երկրի զարգացման ուղղության ընկալումը: «Ճիշտ» և «սխալ» ուղեգծի միջև գնահատականների բաշխվածությունը մոտ է հավասարակշռությանը՝ դրական գնահատականների չնչին գերակշռությամբ: Սա վկայում է հասարակական կարծիքի բևեռացման և ընթացիկ քաղաքական ուղեգծի վերաբերյալ գերիշխող կոնսենսուսի բացակայության մասին:

Այսպիսով՝ ներկայացված տվյալների ամբողջությունն թույլ է տալիս անել մի քանի ընդհանրացված եզրակացություն։

  • Առաջին՝ քաղաքական համակարգը բնութագրվում է անվստահության բարձր մակարդակով և չկողմնորոշված քաղաքացիների զգալի տեսակարար կշռով:
  • Երկրորդ՝ պահպանվում է գործող իշխանության բազային աջակցությունը, որը ցածր մասնակցության պայմաններում կարող է փոխակերպվել էլեկտորալ առավելության:
  • Երրորդ՝ ընդդիմությունն այս պահին չի տիրապետում վստահության բավարար մակարդակի՝ բողոքական ընտրազանգվածին մոբիլիզացնելու համար:
  • Չորրորդ՝ հանրային առաջնահերթությունները ցույց են տալիս տեղաշարժ դեպի սոցիալ-տնտեսական խնդիրներ՝ անվտանգության հարցերի ոչ միանշանակ ընկալման ֆոնին։

Ընդհանուր առմամբ հետազոտությունն արձանագրում է քաղաքական անորոշության վիճակ, որի դեպքում ապագա ընտրական գործընթացների ելքը մեծապես կախված կլինի ընտրողների ներգրավվածության դինամիկայից և քաղաքական դերակատարների՝ չկողմնորոշված հատվածը մոբիլիզացնելու կարողությունից։

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու համար ընդդիմությունը պետք է կենտրոնանա համոզիչ այլընտրանքային օրակարգի մշակման վրա՝ ցույց տալով սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հստակ տարբերակներ, ուժեղացնի աշխատանքը երիտասարդության և չկողմնորոշված ընտրողների հետ՝ տեղային նախաձեռնությունների և թվային հարթակների միջոցով, ձևավորի դաշինքներ և միավորի առանձին ուժերին՝ ստեղծելու միասնական և իրավասու թիմի տպավորություն, համակարգված կերպով թափանցիկ ու բաց դարձնի իր գործողությունները՝ վստահության մակարդակը բարձրացնելու համար, ակտիվորեն արձագանքի տեղեկատվական հարձակումներին ու մանիպուլյացիաներին, ինչպես նաև կրթական արշավների միջոցով խթանի քաղաքացիների մասնակցությունն ընտրություններին՝ պասիվ բողոքը վերածելով իրական էլեկտորալ աջակցության։