Նիկոլ Փաշինյան. ինքնիշխանության պատրանքի և աղետի սպառնալիքի միջև
Ժամանակակից Հայաստանի արտաքին քաղաքականությունը դժվարությամբ է ենթարկվում առողջ տրամաբանության և պրագմատիզմի դիրքերից գնահատման. այն միշտ չէ, որ ուղղված է ազգային անվտանգության ապահովմանը, տնտեսական բարօրությանը, ներքին կայունությանը և պետության ապագայի կանխատեսելիության ապահովմանը: Նիկոլ Փաշինյանի կառավարության որդեգրած ուղեգիծը հասարակությանը մատուցվում է որպես կախվածությունից ազատագրում և անցում դեպի «ինքնիշխան բազմավեկտորություն»: Սակայն բարձրագոչ ու պոպուլիստական հայտարարությունների հետևում ավելի ու ավելի հստակ են ուրվագծվում գոյաբանական բնույթի սպառնալիքներն ու ռիսկերը:
Հայաստանի նման պետության համար՝ սակավաթիվ բնակչությամբ, սահմանափակ տնտեսական ու ռազմական ռեսուրսներով, որը գտնվում է բարդագույն աշխարհաքաղաքական միջավայրում և ունի չլուծված հակամարտություններ, անվտանգությունը չի կարող լինել վերացական հասկացություն: Փոքր երկրները վակուումում չեն գոյատևում: Նրանք կամ ներառված են երաշխիքների կայուն համակարգում, կամ հայտնվում են օտար շահերի ջրաղացքարերի արանքում:
Երևանի հռչակած «չեզոքությունը» գնալով ավելի հաճախ է հակասում իրական քայլերին: Ձևականորեն խոսքը դաշինքային տրամաբանությունից հեռանալու մասին է, սակայն գործնականում ձեռնարկվում են քայլեր, որոնք Մոսկվայում ընկալվում են որպես ոչ բարեկամական և ուղղված Հարավային Կովկասից Ռուսաստանի դուրսմղմանը:
Ռուսաստանի հետ խզում. ապամոնտաժում՝ առանց փոխարինման
Վերջին տարիներին Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացել են մինչև մի մակարդակի, որը դեռ վերջերս անհնար էր թվում։ 2020 և 2023 թվականներին Մոսկվայի պասիվության քննադատությունը կարող էր առիթ դառնալ փոխգործակցության ձևաչափի բարդ, բայց պրագմատիկ վերանայման համար։ Սակայն, զգույշ դիվանագիտական շտկման փոխարեն ընտրվեց ցուցադրական առճակատման ուղին:
Հրապարակային մեղադրանքները, կոշտ հռետորաբանությունը, անվտանգության նախկին մեխանիզմների «անգործունակության» մասին հայտարարությունները գործնականում զրոյի հասցրեցին մանևրելու տարածքը։ Դիվանագիտությունը դռները կիսաբաց թողնելու արվեստ է։ Այսօր Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը ցուցադրաբար շրխկացնելով փակում են այդ դռներից շատերը։
Հայաստանը շարունակում է մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ։ Ռուսաստանի և միության մյուս երկրների հետ տնտեսական կապերը ներառում են սպառման շուկաներ, արտոնյալ էներգետիկ պայմաններ, աշխատանքային միգրացիա, լոգիստիկ շղթաներ։
Առանցքային գործընկերոջ հետ քաղաքական առճակատումն անխուսափելիորեն անդրադառնում է տնտեսության վրա։ Փոքր պետությունը չի կարող իրեն թույլ տալ խորհրդանշական ժեստերի շռայլություն՝ առանց դրանց գինը հաշվի առելու։ Սակագների բարձրացումը, առևտրի բարդացումը, միգրացիոն կանոնների խստացումը՝ այս ամենը ճնշման պոտենցիալ գործիքներ են, որոնց հետևանքները կզգան քաղաքացիներն ու բիզնեսը։
Ռուսաստանում բնակվում և աշխատում է ավելի քան մեկ միլիոն հայ ։ Նրանց սոցիալական և տնտեսական վիճակն ուղղակիորեն կախված է ընդհանուր քաղաքական մթնոլորտից։ Հայաստանի ազգային շահը ենթադրում է արտերկրում հայրենակիցների պաշտպանություն։ Սակայն լարվածության սրման դեպքում հենց սփյուռքն է դառնում խոցելի օղակ:
Անվտանգության վակուում. ինքնուրույնության պատրանք
Հայաստանը հեռանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, սակայն շարունակում է իրավաբանորեն կապված մնալ պարտավորություններով։ Առաջանում է պարադոքս՝ նախկին համակարգը թուլանում է, իսկ նորը ստեղծված չէ:
Արցախից ռուս խաղաղապահների հեռանալուց և հայկական սահմաններին ռուսական կառույցների ներկայության կրճատումից հետո սեփական անվտանգության ուժերի վրա ընկնող ծանրությունը բազմապատիկ աճել է։ Թուրքիայի և Իրանի հետ սահմանների վերահսկողությունը պահանջում է ռեսուրսներ, որոնցով Հայաստանն օբյեկտիվորեն առատորեն չի ապահովված:
Փոքր պետությունները չեն կարող ընտրել անվտանգությունն ըստ ցանկության։ Այն կամ ամրագրված է միջազգային-իրավական պարտավորություններով, կամ փաստացի գոյություն չունի։
Ֆլիրտ Արևմուտքի հետ. գործընկերություն՝ առանց երաշխիքների
Եվամիության հետ մերձեցումը, ԱՄՆ-ի հետ շփումների ակտիվացումը և Ֆրանսիայի հետ ռազմաքաղաքական երկխոսության խորացումը մատուցվում են որպես անվտանգության նախկին ճարտարապետության ռազմավարական այլընտրանք։
Սակայն ոչ ՆԱՏՕ-ն, ոչ արևմտյան առանձին տերությունները անվտանգության պաշտոնական երաշխիքներ չեն տրամադրել Հայաստանին ։ Զորավարժությունները, դիտորդական առաքելությունները, սպառազինության առանձին մատակարարումները քաղաքական ազդակներ են, բայց ոչ՝ Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածին համարժեք։
Արևմտյան գործընկերները Հայաստանը դիտարկում են նախևառաջ որպես տարածաշրջանային կոնֆիգուրացիայի տարր՝ Ռուսաստանի և Իրանի զսպման համատեքստում։ Բայց օտարի ռազմավարության տարր լինելը՝ նույնը չէ, ինչ պաշտպանված դաշնակից լինելը:
Ուկրաինական վեկտոր. խորհրդանիշներ և հետևանքներ
Արտաքին քաղաքական գծի բնույթն ի հայտ եկավ նաև ուկրաինական ճգնաժամի համատեքստում։ Փաշինյանը հրապարակավ հայտարարեց, որ Հայաստանը «Ռուսաստանի դաշնակիցը չէ Ուկրաինայի դեմ պատերազմում»՝ ընդգծելով Մոսկվայից տարանջատումը։
Հատկանշական դրվագ դարձավ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի այցը Կիև 2023 թվականի սեպտեմբերին։ Ուկրաինայի առաջին տիկնոջ հրավերով նա մասնակցեց «Առաջին տիկնանց և ջենթլմենների գագաթնաժողովին» և հումանիտար օգնություն փոխանցեց ուկրաինացի երեխաներին, այդ թվում՝ կրթական նպատակներով հազարից ավելի էլեկտրոնային սարք:
Ձևականորեն խոսքը հումանիտար նախաձեռնության մասին էր։ Սակայն միջազգային քաղաքականության մեջ խորհրդանիշները հաճախ ոչ պակաս նշանակություն ունեն, քան պայմանագրերը։ Այս այցը դարձավ հայկական կողմի առաջին նմանատիպ քայլը հակամարտության սկզբից ի վեր և ընկալվեց որպես հստակ քաղաքական ազդակ։
Տարածաշրջանային հավասարակշռություն. միջավայրի խստացում
Երևանի շրջադարձն ուժեղացնում է Ադրբեջանի և Թուրքիայի հնարավոր ագրեսիայի հետ կապված մտավախությունները։ Բաքուն, տիրապետելով զգալի էներգետիկ ռեսուրսների և ունենալով աճող նշանակություն Եվրոպայի համար, ամրապնդում է իր դիրքերը որպես Արևմուտքի կանխատեսելի գործընկեր։ Դա ամրապնդում է նրա բանակցային դիրքերը։ Հետևաբար՝ նոր հակամարտության սրման դեպքում Արևմուտքը կսահմանափակվի միայն հայտարարությունների մակարդակով մտահոգություններով։
Միաժամանակ բարդանում են հարաբերությունները Իրանի հետ, որը չափազանց զգայուն է իր հյուսիսային սահմանների մոտ արևմտյան ռազմական ներկայության ընդլայնման հանդեպ։ Արդյունքում Հայաստանը ռիսկի է դիմում թուլացնել կապերը Ռուսաստանի հետ և անվստահություն առաջացնել Իրանի մոտ՝ երկու պետությունների, որոնք ավանդաբար ծառայել են որպես որոշակի հավասարակշռող գործոն տարածաշրջանում:
Փաշինյանի խոսքերը տարբերվում են գործերից
Չեզոքությունը ենթադրում է հավասարահեռություն և զգուշավորություն։ Սակայն հայկական ղեկավարության քայլերի հաջորդականությունն ավելի ու ավելի հաճախ է ընկալվում որպես մասնակցություն Հարավային Կովկասի ուժային հավասարակշռության խախտման ռազմավարությունում։
Արդյունքում երկիրը հայտնվում է ոչ թե «բախումից դուրս», այլ նոր առճակատման գծի ներսում՝ առանց պաշտոնական երաշխիքների և թուլացած նախկին կապերով:
Պետությունը չի կարող ապրել պատրանքներով
Ինքնիշխանությունը ոչ միայն ընտրության իրավունքն է, այլև այդ ընտրության որոշակի դրական հետևանքներն ապահովելու կարողությունը։ Բարդ աշխարհաքաղաքական միջավայրում գտնվող փոքր պետությունները պարտավոր են առավելագույնս պրագմատիկ գործել:
Այսօր Հայաստանն ապամոնտաժում է նախկին՝ թեկուզ անկատար, բայց գործող անվտանգության համակարգը՝ չստեղծելով նորը։ Ոչ բարեկամական միջավայրի պայմաններում դա նշանակում է ոչ թե անկախության ամրապնդում, այլ խոցելիության աճ։
Ազգային շահը պահանջում է սառնասիրտ հաշվարկ, հավասարակշռություն և աստիճանականություն. նոր կապերի ստեղծում՝ առանց հին կամուրջներն այրելու։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանի որդեգրած ուղեգիծն ավելի ու ավելի է հիշեցնում շարժում դեպի գոյաբանական ռիսկեր ու սպառնալիքներ, որտեղ հռչակված չեզոքությունը վերածվում է ռիսկային արկածախնդրության, իսկ հնարավոր սխալների գինը կարող է չափազանց թանկ լինել պետության և ազգի համար։


