Հայկական դեժավյու․ երբ «թավշյա հեղափոխությունը» դարձավ նախկինների շարունակությունը

Մեզ պատմությունից հայտնի է, որ անհնար է հասարակությանը ստիպել կտրուկ և արագ համակերպվել մեծ փոփոխությունների հետ։ Ոչ մի ժողովուրդ կտրուկ շրջադարձերը չի ընդունում միանգամից․ նրան աստիճանաբար մոտեցնում են դրանց, վարժեցնում են դրանց գաղափարին և դանդաղորեն հաշտեցնում դրանց հետ։

Այսօր, երբ շատերը քննարկում են հայ հասարակությունը որքան անտարբեր է իր հետ կատարվող գործընթացների՝ Արցախի կորստի և ազգային արժեքների արժեզրկման հանդեպ, մոռանում են նկատել, որ այդ ամենը չի սկսել 2018-ի կտրուկ շրջադարձով։

Իրավիճակը ձևավորվել է դեռ 2008 թվականից, երբ արևմտյան և թուրքական հատուկ ծառայությունները տեղական իշխանությունների միջոցով, հայ հասարակությանը նախապատրաստում էին այս իրավիճակի հանդեպ հաշտ լինելուն ,որոնք պետք է արդեն հեղափոխական կոչված առաջնորդը որպես նորարարություն բերեր մեր կյանք՝հավատացնելով, թե մենք անկիրթ ենք եւ չափազանցված պահանջատեր։

Եթե պարզ հարցադրենք,թե ինչ է արել Նիկոլ Փաշինյանը, որը չէր արել Սերժ Սարգսյանը, ակնհայտ է դառնում, որ բազմաթիվ հայտարարություններ և գործողություններ, որոնք ասոցացվում են Նիկոլի հետ, իրականում աննախադեպ չեն. այս գործընթացների սկիզբը դրվել է Սերժ Սարգսյանի կողմից։

Օրինակ, երբ Նիկոլը բացահայտ հայտարարում է, որ պետք է Արարատ լեռը ջնջեք մեր հիշողությունից, Սերժ Սարգսյանը դեռևս Գյուլի այցի ժամանակ հեռացրեց Արարատի լոգոն մարզաշապիկներից, այդ կերպ մեր ենթագիտակցության մեջ տեղ բացելով այն մտքին, որ Արարատը մեզ խանգարում է։

Նիկոլ Փաշինյանը 44օրյայի ժամանակ հայտարարեց, որ «ես ստորագրեցի հողերի հանձնումը, որ փրկեմ մարդկանց կյանքեր», Սերժ Սարգսյանը քառօրյա պատերազմից հետո հայտարարեց, որ «այդ հողերը մարտավարական և ռազմավարական առումով անպետք են, և մենք չենք պատրաստվում զոհերի գնով հետ բերել», ինչը մեր ենթագիտակցության մեջ ստեղծեց այն գաղափարը, որ անիմաստ է զոհեր տալ հողի համար։

Նիկոլ Փաշինյանը բացահայտ հայտարարում է, որ ցեղասպանություն տեղի չի ունեցել, այլ դա ընդամենը սովետական քարոզչություն էր՝ պայմանավորված աշխարհաքաղաքական իրավիճակով: Սերժ Սարգսյանը նույնը արեց, կասկածի տակ դնելով ցեղասպանությունը և համաձայնելով պատմական հանձնաժողով ստեղծելուն, ինչն իր հերթին տեղ բացեց մեր ենթագիտակցության մեջ մտածելու, որ հնարավոր է ցեղասպանություն տեղի չի ունեցել։

Նիկոլ Փաշինյանը 44օրյայի ժամանակ հայտարարեց՝ «ինչ էլ որ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու», Սերժ Սարգսյանը ավելի հեռու էր գնացել հարյուրավոր զոհերը եւ 800 հեկտարի կորուստը ներկայացրեց որպես հաղթանակ:

Ադրբեցանի կողմից սանձազերծված սեպտեմբերյան ռազմական գործողությունների ժամանակ մի քանի հարյուր զոհ ունեցանք, ուղիղ մեկ տարի հետո նույն օրը, առաջին տիկին կոչվողը ֆեստիվալ անցկացրեց՝ անարգելով զոհերի ընտանիքների ցավը։

Սերժ Սարգսյանը ապրիլյան պատերազմից մեկ տարի անց, ճիշտ նույն օրը՝ 2017-ի ապրիլի 2-ը, նշանակեց ընտրությունների օր, իսկ օրվա վերջում, կեղծված ընտրությունների արդյունքները հայտարարելուց հետո, ամբողջ Երևանում հրավառություն էր. հանրապետականները տոնում էին իրենց «հաղթանակը»՝ անարգելով զոհերի հիշատակը։

Այս ամենը ցույց է տալիս, թե ինչպես էին անցած իշխանությունների գործողությունները ձևավորում հասարակության ենթագիտակցությունը՝ պատրաստելով այն հետագա քաղաքական լարվածությունների և տարակուսանքների համար, որոնք մենք տեսնում ենք արդեն այսօր։

Այս ամենը պարզամտություն կլինի դիտատկել որպես համընկնում. սա նախապատրաստական աշխատանքի մի մաս է եղել, որպեսզի հետագայում Նիկոլ Փաշինյանը արդեն ավելի բացահայտ կարողանա բթացնել հայ հասարակությանը և ջնջել մեր արժեքները։