«Մեզ մեղադրում է մի մարդ, ով Արցախ է հանձնել»․ Բագրատ Սրբազանի ելույթը դատարանում
Վարդանանց տոնի օրը՝ հավատքի, նահատակության և ազգային արժանապատվության խորհրդանշական այդ օրը, դատարանի դահլիճում հնչեց Բագրատ Սրբազանի ելույթը, որը իր բովանդակությամբ գերազանցեց զուտ իրավական պաշտպանության սահմանները։ Այն դարձավ քաղաքական, բարոյական և հասարակական գնահատական՝ ուղղված ընթացող դատավարությանը և ընդհանրապես երկրում ձևավորված մթնոլորտին։
Սրբազանը նախ շնորհավորեց Վարդանանց տոնը՝ հիշեցնելով հավատքի և պատասխանատվության խորհրդանիշ այդ օրը, ապա անցավ գործի բուն խնդրին։ Նրա գլխավոր հարցադրումը վերաբերում էր նույնական մեղադրանքներով անցնող տասնութ անձանց նկատմամբ տարբեր որոշումների կայացմանը։
«Եթե որևէ մեկը կարող է ցույց տալ թեկուզ կետադրական տարբերություն մեղադրանքներում, ես պատրաստ եմ ներողություն խնդրել»,— հայտարարեց նա՝ ընդգծելով, որ արդարադատությունը չի կարող ընտրովի լինել։
Սրբազանը քննադատեց այն հրապարակային հայտարարությունները, որոնցում մեղադրյալներին վերագրվում են սաբոտաժ, էլեկտրամատակարարման դադարեցում, երթևեկության կասեցում և նույնիսկ մարդկանց գնդակահարության մասին խոսակցություններ։ Նրա խոսքով՝ ամիսներ շարունակ պահանջել է հստակեցնել, թե որ հոդվածի և որ ապացույցների հիման վրա են արվում այդ ձևակերպումները, սակայն պատասխան չի ստացել։
Ելույթի առանցքային հատվածներից մեկը վերաբերում էր երկրի ղեկավարությանը։ Սրբազանը բաց տեքստով հայտարարեց․
«Մեզ մեղադրում է մի մարդ, ով Արցախ է հանձնել»։
Նա շարունակեց՝ նշելով, որ նույն այդ անձը,ի նկատի ունենալով գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իր գնահատմամբ, պատասխանատու է բազմաթիվ զոհերի, վիրավորների և անհայտ կորածների համար, և որ հենց նրա քաղաքական որոշումների հետևանքով երկիրը հայտնվել է ծանր իրավիճակում։
Սրբազանի խոսքով՝ այդ նույն անձն է հրապարակայնորեն մեղադրանքներ հնչեցնում իրենց հասցեին՝ խոսելով ահաբեկչության, ռադիկալիզմի և ծայրահեղականության մասին։ «Ո՞վ պիտի սրա ձեռքը բռնի»,— հռետորական հարց հնչեցրեց նա՝ ակնարկելով, որ նման հայտարարությունները չեն արժանանում որևէ իրավական արձագանքի։
Նա հայտարարեց, որ երբ բարձրաստիճան պաշտոնյաները հրապարակայնորեն խոսում են դեռևս քննվող գործի մասին՝ օգտագործելով «ահաբեկչություն» և «ռադիկալիզմ» բառապաշարը, դա չի կարող չազդել դատական գործընթացի վրա։
Իր ելույթի ավարտին Բագրատ Սրբազանը հստակ ձևակերպեց իր դիրքորոշումը․ այս գործը, նրա համոզմամբ, որևէ կապ չունի ահաբեկչության կամ ահաբեկչական գործունեության հետ։ Նա այն կապեց քաղաքական ենթատեքստի և իշխանական որոշումների հետ՝ հայտարարելով, որ իր և մյուսների նկատմամբ հարուցված գործընթացը պայմանավորված է քաղաքական վախերով։
«Այս գործը կապ ունի մի մարդու քմահաճույքի հետ»,— ասաց նա՝ կրկնելով իր համոզմունքը, որ մեղադրանքը իրավական չէ, այլ քաղաքական։
Հանրային Տրիբունալի գնահատականը
Հանրային Տրիբունալը գտնում է, որ ընթացող դատավարությունը վաղուց անցել է զուտ իրավական գործընթաց լինելու սահմանները։ Այն ունի հստակ քաղաքական ենթատեքստ, որը հնարավոր չէ անտեսել։
Եթե նույնաբովանդակ մեղադրանքների պարագայում դատարանը կայացնում է տարբեր որոշումներ, եթե գործադիր իշխանության ղեկավարը հրապարակային գնահատականներ է տալիս ընթացող գործի վերաբերյալ, եթե ընդդիմախոսներին պիտակավորում են «ահաբեկչություն» և «ռադիկալիզմ» ձևակերպումներով, ապա մենք գործ ունենք ոչ թե չեզոք արդարադատության, այլ քաղաքական հայացքների համար հետապնդման վտանգավոր դրսևորման հետ։
Պատերազմի հետևանքների և պետական կառավարման ձախողումների պատասխանատվությունից խուսափելու համար քաղաքական իշխանությունը քավության նոխազ է նշանակել ընդդիմախոսներին։
Արդարադատությունը պետք է լինի անկախ և անաչառ, այլ ոչ թե իշխանական շահերի սպասարկու։ Դատարանը պարտավոր է լինել օրենքի, ոչ թե քաղաքական նպատակահարմարությանը ծառայող գործիք։
Հանրային տրիբունալը արձանագրում է․ Նիկոլ Փաշինյանի իշխանավարման շրջանում դատական համակարգը այլևս անկախ չէ, իսկ Սահմանադրությամբ ամրագրված իշխանությունների տարանջատման սկզբունքը հետևողականորեն ոտնահարվում է, ինչը, անկասկած, սահմանադրական կարգի տապալում է։ Քրեական գործերը, որոնք վերածվել են քաղաքական հաշվեհարդարի կամ վերահսկողության գործիքի, դրա վառ ապացույցն են։


