Վենսի այցը, արևմտամետերի ոգևորությունը և Հայաստանի ռազմավարական իրականությունը
Հայաստանի քաղաքական օրակարգը վերջին օրերին կենտրոնացած է ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսի այցի շուրջ։ Իշխանությունները այն ներկայացնում են որպես պատմական իրադարձություն՝ ընդգծելով հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման հեռանկարը։
Հանրային դաշտում միաժամանակ հնչում են հարցադրումներ՝ որքանո՞վ է այցը բովանդակային և ի՞նչ իրական հետևանքներ կարող է ունենալ այն երկրի համար։ Միացյալ Նահանգները Հայաստանի թշնամին չէ, և բարձր մակարդակի նման շփումները կարող են դրական դեր ունենալ, սակայն իրական արժեքը որոշվում է ձեռք բերված պայմանավորվածությունների էությամբ և դրանց երկարաժամկետ ազդեցությամբ։
Այցի ընթացքում առավել մեծ արձագանք ստացավ էներգետիկ ոլորտում ստորագրված համաձայնագիրը, որի համատեքստում հնչեց 9 միլիարդ դոլարի թիվը։ Հանրային ընկալման մեջ այն ներկայացվեց որպես խոշոր ներդրում, սակայն իրականում խոսքը վերաբերում է ամերիկյան տեխնոլոգիաներ և ծառայություններ ձեռք բերելու հնարավորությանը՝ առաջացնելով ֆինանսական պարտավորություններ հայկական կողմի համար։ Առաջին փուլում նախատեսվում է մինչև 5 միլիարդ դոլարի մատակարարում, ինչը ենթադրում է ֆինանսական ռեսուրսների ապահովում։
Մոդուլային ատոմակայանների թեման նույնպես ուշադրության կենտրոնում է։ Թեև տեխնոլոգիան ներկայացվում է ժամանակակից և արդյունավետ լուծում, այն դեռևս լայն կիրառություն չունի համաշխարհային պրակտիկայում։ Հետևաբար հարց է առաջանում՝ արդյո՞ք Հայաստանը պատրաստ է ստանձնել նման ծավալի ֆինանսական և տեխնոլոգիական ռիսկ։ Նախորդ փորձը՝ եվրոպական բազմամիլիարդ աջակցության ծրագրի ձգձգումը և վարկային բնույթը, հանրության մեջ ստեղծել է զգուշավորություն և անվստահություն խոշոր ֆինանսական հայտարարությունների նկատմամբ։
Վենսի այցը տեղի է ունենում բարդ տարածաշրջանային միջավայրում։ Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ կայացված դատավճիռները և ընդհանուր լարված մթնոլորտը այցին տալիս են հավելյալ քաղաքական նշանակություն։ Գերիների հարցը կարող է դառնալ դիվանագիտական քննարկումների առարկա, սակայն նման խնդիրները լուծվում են փակ բանակցությունների և փոխադարձ հաշվարկների միջոցով։
Միաժամանակ, այցը ակտիվացրել է արևմտամետ շրջանակների ոգևորությունն ու քարոզչությունը, որոնք հանրության առջև ներկայացնում են Հայաստանի «բացառիկ հաջողությունը» Արևմուտքի հետ հարաբերություններում։ Հնչում են խոսքեր ռազմավարական «շրջադարձի», արտաքին քաղաքականության նոր դարաշրջանի և «հարաբերությունների խորացման» մասին, իսկ հակառուսական օրակարգը դառնում է քաղաքական հռետորաբանության հիմնական մաս։ Հանրային դաշտում այս ոգևորությունը հաճախ զուգորդվում է անիրական սպասումների ու քաղաքական պոպուլիզմի հետ, ինչը կարող է խառնել իրականությունը և մարտահրավեր ստեղծել անվտանգության ու արտաքին հարաբերությունների կառավարման համար։
Հայաստանի իրական տեղը Միացյալ Նահանգների քաղաքականության մեջ ըմբռնելու համար անհրաժեշտ է հեռանալ պահի տպավորություններից և դիմել առավել լայն պատկերի՝ հասկանալու, թե տասնամյակներ շարունակ Վաշինգտոնն ինչպես է ընկալել Հարավային Կովկասը և ինչ դեր է վերապահել նրան իր ռազմավարական մտածողության մեջ։ Հարավային Կովկասը երբեք Միացյալ Նահանգների համար ինքնաբավ ուղղություն չի եղել։ Այն եղել և մնում է ամերիկյան ռազմավարական մտածողության ծայրամասում՝ որպես խոշոր ուժային գծերի հատման տարածք։ Այստեղ հատվում են Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Եվրոպական միության շահերը, այստեղ անցնում են էներգետիկ ուղիներ, այստեղ հնարավոր են ճգնաժամեր, որոնք կարող են խախտել տարածաշրջանային փխրուն հավասարակշռությունը։ Ահա այս հանգամանքն է, այլ ոչ թե առանձին պետությունների ճակատագիրը, որ ձևավորում է Վաշինգտոնի կայուն հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ։
Ամերիկյան քաղաքականությունը Հարավային Կովկասում միշտ աչքի է ընկել զգուշավորությամբ և հեռավորությամբ։ Միացյալ Նահանգները նախընտրել են ներկա լինել, բայց չկապվել պարտավորություններով, ազդեցություն գործադրել, բայց չստանձնել պատասխանատվություն, մասնակցել, սակայն չդառնալ երաշխավոր։ Նրանց ներկայությունը արտահայտվել է դիվանագիտությամբ, միջնորդությամբ, դրամաշնորհային ծրագրերով, քաղաքացիական նախաձեռնությունների աջակցությամբ, բայց գրեթե երբեք՝ անվտանգության բեռը իրենց վրա վերցնելու պատրաստակամությամբ։ Այս մոդելը թույլ է տվել պահպանել ճկունություն և խուսափել այլ ուժային կենտրոնների հետ անմիջական բախումներից։
Այս համակարգում Հայաստանը զբաղեցրել է առանձնահատուկ, բայց խոցելի տեղ։ Ծովից զրկված, սահմանափակ ռեսուրսներով և բարդ, հաճախ թշնամական աշխարհաքաղաքական միջավայրով շրջապատված երկիրը դասական իմաստով չէր կարող դառնալ Միացյալ Նահանգների ռազմավարական ակտիվը։ Հայաստանը չի վերահսկում էներգետիկ զարկերակներ, չի տիրապետում նշանակալի ռազմական ներուժի և ի վիճակի չէ ազդեցություն տարածել սեփական սահմաններից դուրս։ Հետևաբար այն չի պատկանում այն պետությունների շարքին, որոնց համար Վաշինգտոնը պատրաստ է կրել լուրջ քաղաքական կամ ռազմական ծախսեր։
Այնուամենայնիվ Հայաստանը երբեք չի եղել և այսօր էլ չի հանդիսանում Միացյալ Նահանգների համար դատարկ տարածք։ Նրա նշանակությունը կրում է գործառնական բնույթ։ Նա ծառայել է որպես փաստարկ Ռուսաստանի հետ երկխոսության մեջ, որպես հետխորհրդային իներցիային այլընտրանքի օրինակ, որպես ժողովրդավարության ցուցափեղկ մի տարածաշրջանում, որտեղ գերիշխում են ավտորիտար համակարգերը։ Հայաստանի միջոցով ձևավորվում են մարդասիրական և քաղաքական ազդեցության ուղիներ, ինչպես նաև զգուշավոր փոխգործակցություն Իրանի հետ։ Սակայն այս բոլոր դերակատարումների մեջ երկիրը մնում է միջոց, այլ ոչ թե նպատակ։
Այս իրողությունը առավել ցայտուն դրսևորվեց արցախյան հարցում։ Արցախի ողբերգությունը դարձավ այն սահմանագիծը, որտեղ հռետորաբանության և իրական քաղաքականության միջև հակասությունը բացահայտվեց անողոք հստակությամբ։ Չնայած հայտարարություններին, միջնորդական ձևաչափերին և դիվանագիտական ջանքերին՝ Միացյալ Նահանգները անհրաժեշտ չհամարեցին անցնել ակտիվ գործողությունների։ Պատճառը ոչ թե անտեղյակությունն էր կամ անտարբերությունը, այլ սառն հաշվարկը՝ Թուրքիայի հետ հակամարտությունից խուսափելու ցանկությունը, Ադրբեջանի հետ էներգետիկ գործընկերությունը, Հայաստանի նկատմամբ դաշնակցային պարտավորությունների բացակայությունը և այն տարածաշրջանային ճարտարապետությունը թուլացնելու ձգտումը, որտեղ առանցքային դեր ուներ Ռուսաստանը։
Վաշինգտոնի տեսանկյունից Արցախի ճակատագիրը դարձավ թույլատրելի գին՝ տարածաշրջանի առավել լայն վերափոխման համար։ Մարդասիրական հետևանքները ճանաչվեցին, սակայն դրանք չդարձան այն գործոնը, որը կարող էր փոխել ռազմավարական որոշումը։
Միացյալ Նահանգների հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ ևս մեկ անգամ ընդգծում են նույն տրամաբանությունը։ Ադրբեջանը դիտարկվում է որպես կարևոր էներգետիկ հանգույց և Իրանի զսպման քաղաքականության բաղադրիչ։ Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ-ի անփոխարինելի դաշնակից, որն ունի ուժի պրոյեկցման և տարածաշրջանային գործընթացները կառավարելու կարողություն։ Այս կապերը պահպանելու համար Վաշինգտոնը պատրաստ է աչք փակել բազմաթիվ երևույթների վրա՝ ներառյալ ագրեսիան, մարդու իրավունքների խախտումները և տարածաշրջանային կայունության խաթարումը։
Այս պայմաններում «Հայաստանի՝ դեպի Արևմուտք շրջվելու» մասին խոսակցությունները ձեռք են բերում պատրանքի երանգ։ Բարեփոխումների աջակցությունը, այցերը, հայտարարություններն ու խորհրդանշական ժեստերը չեն ուղեկցվում անվտանգության համակարգի ձևավորմամբ, ինտեգրման հստակ ճանապարհային քարտեզով կամ իրական երաշխիքներով։ Հայաստանին խրախուսում են հեռանալ նախկին հենարաններից՝ առանց համարժեք պաշտպանության առաջարկելու։ Արդյունքում ձևավորվում է վտանգավոր վակուում, որտեղ երկիրը հայտնվում է աճող սպառնալիքների դեմ միայնակ։
Վերջիվերջո, Հայաստանի և Հարավային Կովկասի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը մնում է պրագմատիկ, զուսպ և գործիքային։ Այն կառուցված է ոչ թե զգացմունքների կամ արժեքների, այլ ուժերի հավասարակշռության և շահերի հաշվարկի վրա։ Հայաստանի ապագան կախված է իր կարողությունից՝ սթափ գնահատել իրականությունը, պաշտպանել սեփական շահը և զգուշորեն գնահատել արտաքին ազդակները՝ հույսերին չհենվելով, չտրվելով արևմտամետ շրջանակների ոգևորությանը և հակառուսական քարոզչությանը։
Այս բոլոր զարգացումները միախառնվում են առաջիկա ընտրությունների համատեքստում։ Քննարկումների առանցքում ոչ միայն այն է, թե որ ուժը ինչ ծրագիր է առաջարկելու, այլև՝ կկարողանա՞ արդյոք հասարակությունը հավատալ, որ իր ձայնը որոշիչ է։ Մասնակցությունը ընտրություններին նշանակում է պատասխանատվության ընդունում, իսկ չմասնակցելը՝ քաղաքական դիրքորոշում, որը կարող է թույլ տալ, որ փոքր, ակտիվ փոքրամասնությունը ձևավորի արդյունքը։


