Ազգային ինքնախաբեության գաղափարախոսություն, հակառուսական օրակարգ և պետականության ճգնաժամ Հայաստանում

Հայոց պետականության արդի ճգնաժամն անհնար է բացատրել բացառապես արտաքին ճնշմամբ, թշնամական միջավայրով կամ պատմական անարդարություններով։ Այս գործոններն իրական են, սակայն բավարար չեն հասկանալու համար այն խորքային համակարգային ձախողումները, որոնց հետևանքով հայկական պետականությունը անկախության ձեռքբերումից հետո ոչ թե ամրապնդվեց, այլ, ընդհակառակը, աստիճանաբար թուլացավ, նեղացավ և հայտնվեց գոյաբանական անորոշության վիճակում:

Այս գործընթացների հիմքում ընկած է ազգային գաղափարախոսության համակարգային դեֆորմացիան. հասարակության գիտակցության մեջ արհեստականորեն ներդրվում և տարածվում էին կեղծ պատկերացումներ, սխալ ընդհանրացումներ և իրականությունից կտրված ինքնագնահատականներ: Պատմական փորձը վկայում է՝ միջազգային հարաբերություններում և պետությունների գոյատևման տրամաբանության մեջ վճռորոշ դեր է խաղում հարաբերական ուժը։ Ուժ ասելով պետք է հասկանալ ոչ միայն ռազմական ներուժը, այլև ինստիտուցիոնալ, տնտեսական, տեխնոլոգիական, ժողովրդագրական և կառավարչական գործոնների ամբողջությունը։ Պետությունները գործում են՝ ելնելով իրենց շահերից, և սա ոչ թե բարոյազրկության, այլ քաղաքական ռացիոնալության դրսևորում է։ Փոքր ժողովուրդների ողբերգությունն այն է, որ նրանք հաճախ շփոթում են պատմական հիշողությունը ընթացիկ հնարավորությունների հետ՝ ձևավորելով իրենց ռեսուրսներին անհամաչափ հավակնություններ:

Հայկական ազգային գիտակցության մեջ ժամանակի ընթացքում արմատավորվեցին մի շարք կեղծ գաղափարներ, որոնք ինքնապահպանման բնազդի ամրապնդման փոխարեն դարձան ինքնակործանման մեխանիզմներ։ Առանցքայիններից մեկը «բացառիկ ժողովրդի» միֆն է, որը մշակութային արժեքի զգացումը վերածեց քաղաքական ինքնաբավության պատրանքի։ Բացառիկությունը մեկնաբանվում է ոչ թե որպես ինքնակազմակերպման և պատասխանատվության պարտավորություն, այլ որպես արտոնություն, որն արտաքին աշխարհը պարտավոր է ճանաչել ինքնաբերաբար։ Այս մտածելակերպը ծնեց բարոյական ինքնագոհություն, որի պայմաններում ուժի կուտակումն ու ինստիտուտների զարգացումը համարվում էին երկրորդական:

Մեկ այլ կործանարար պատրանք դարձավ «աշխարհը մեզ պարտք է» մոտեցումը, որը ազգային ողբերգությունները վերածում է քաղաքական դիվիդենտների ակնկալիքների։ Միջազգային հարաբերություններում պատմական ցավը չի վերածվում քաղաքական օգուտի՝ առանց ուժի և հաշվարկի։ Այս միֆը ծնեց սպասման մշակույթ, որտեղ նախաձեռնողականությունը փոխարինվում է պահանջատիրական հռետորաբանությամբ:

Ոչ պակաս վտանգավոր է «մշտական փրկչի» գաղափարը, երբ հայկական պետականության պահպանման պատասխանատվությունը դրվում է արտաքին ուժերի վրա: Սա հանգեցրեց ներքին ինստիտուտների թուլացման, սեփական սխալների ընդունումից հրաժարման և ռազմավարական մտածողության ատրոֆիայի: Դաշնակիցները ռոմանտիզացվում էին, իսկ քաղաքական հարաբերություններն ընկալվում էին ոչ թե որպես շահերի հարաբերություններ, այլ որպես հուզական կապեր:

Այս գաղափարական խեղաթյուրումների վրա կառուցվեց նաև խորհրդային անցյալի համատարած մերժումը: Խորհրդային շրջանը ներկայացվում է որպես համատարած ճնշումների և հետամնացության դարաշրջան՝ լիովին անտեսելով այն փաստը, որ հենց այդ ժամանակ ստեղծվեցին ժամանակակից Հայաստանի կրթական, գիտական, արդյունաբերական և քաղաքաշինական հիմքերը: Խորհրդային Հայաստանն աչքի էր ընկնում զանգվածային գրագիտությամբ, գիտական հետազոտությունների զարգացած համակարգով, արդյունաբերական համալիրներով, ենթակառուցվածքներով և ժողովրդագրական կայունությամբ: Սա չէր նշանակում քաղաքական ինքնիշխանություն, բայց նշանակում էր քաղաքակրթական առաջընթաց և մարդկային կապիտալի կուտակում:

Խորհրդային ժառանգության մերժմանը զուգահեռ ինստիտուցիոնալացվեց հակառուսականությունը՝ ոչ թե որպես սառը քաղաքական հաշվարկի արդյունք, այլ որպես ազգային ինքնության տարր: Շատերի գիտակցության մեջ Թուրքիան և Ադրբեջանը՝ որպես իրական ռազմական սպառնալիքներ, դադարեցին լինել գլխավոր ռիսկ, իսկ Ռուսաստանը վերածվեց գաղափարական «թշնամու»: Նման մտածողությունը ոչ թե ամրապնդեց Հայաստանի դիրքերը, այլ նրան կտրեց անվտանգության իրական ճարտարապետությունից և ռազմավարական միջավայրից, որի շրջանակներում փոքր պետությունը պարտավոր է գործել ծայրահեղ զգույշ:

Հակառուսական քարոզչության վառ օրինակ դարձավ վերջերս «Շանթ» հեռուստաընկերության եթերում Գառնիկ Իսագուլյանի և Աբո Չափարյանի միջև բանավեճը: Վերջինս հայտարարեց, թե իբր Ռուսաստանի մուտքով տարածաշրջան Հայաստանը «հայաթափվել է»: Այս պնդումները լիովին հակասում են պատմական տվյալներին:

19-րդ դարի սկզբին՝ ռուս-պարսկական պատերազմներից և Գյուլիստանի (1813 թ.) և Թուրքմենչայի (1828 թ.) պայմանագրերի ստորագրումից հետո, Ռուսաստանը ստացավ վերահսկողություն Արևելյան Հայաստանի նկատմամբ և նախաձեռնեց հայերի վերաբնակեցումn Իրանից` ներառյալ նրանց սերունդների, ում Շահ Աբբաս I-ը 1604-1605 թթ. բռնի տեղահանել էր Պարսկաստանի խորքերը: 1828-1830 թթ. Երևանի և Նախիջևանի նահանգներ վերաբնակեցվեց մոտ 35-40 հազար հայ, ստեղծվեցին նոր բնակավայրեր՝ եկեղեցական և կրթական հաստատություններով: Ժողովրդագրական տվյալները արձանագրում են հայ բնակչության աճ. 1828 թվականի 35 հազարից մինչև ավելի քան 60 հազար՝ 1835 թվականին: Ռուսաստանը ոչ թե հայաթափում էր Հայաստանը, այլ վերականգնում բնակչությունը և նպաստում տարածաշրջանի մշակութային վերածննդին:

Աբո Չափարյանը եզակի դեպք չէ: Հայաստանյան մեդիատիրույթում այսօր հայտնվել են բազմաթիվ «պատմաբաններ» և փորձագետներ, որոնք գիտակցաբար խեղաթյուրում են պատմությունը: Նրանց հռետորաբանությունը կառուցված է էմոցիոնալ կարծրատիպերի և հակառուսական օրակարգի վրա: Այս երևույթների զանգվածայնությունն ապահովվում է արտաքին ֆինանսավորմամբ. արևմտյան և թուրքական հիմնադրամները սատարում են այն լրատվամիջոցներին, կրթական և վերլուծական նախագծերին, որոնք առաջ են մղում որոշակի գաղափարախոսություն: Այս ռեսուրսները թույլ են տալիս ձևավորել լսարան, տարածել միֆեր և սերմանել պատմական անարդարության զգացում՝ ուղղված Ռուսաստանի՝ որպես ռազմավարական գործընկերոջ դեմ:

Արդյունքում տեղեկատվական դաշտը վերածվում է մի միջավայրի, որտեղ քննադատական մտածողությունը ճնշված է, իսկ ազգային դիսկուրսը դառնում է արտաքին գաղափարական շահագործման գործիք: Չափարյանի թեզերի նման միֆերը ստանում են լեգիտիմության պատրանք՝ խորացնելով հասարակության ռազմավարական կուրությունը և շեղելով ուշադրությունն իրական ներքին խնդիրներից՝ ինստիտուտների արդիականացում, տնտեսության ամրապնդում և մարդկային կապիտալի պահպանում:

Հետևանքներն ազգային ռազմավարության համար

Անկախության ձեռքբերումից ի վեր խորհրդային շրջանի նյութական և մարդկային կապիտալը ոչ թե արդիականացվել է, այլ՝ վատնվել: Կրթությունը դադարել է առաջնահերթություն լինել, գիտությունը դուրս է մղվել զարգացման օրակարգից, արդյունաբերությունը դեգրադացվել է, իսկ պետական կառավարման համակարգն այդպես էլ ձեռք չի բերել պրոֆեսիոնալ հիմքեր: Անկախությունն ընկալվում էր ոչ թե որպես բարդ տեխնոլոգիական խնդիր, այլ որպես ինքնին արժեք հանդիսացող վիճակ: Հավակնություններն աճում էին, մինչդեռ իրական հնարավորությունները՝ նվազում:

Հատկապես վտանգավոր է այն, որ պատմության խեղաթյուրումները և աշխարհում սեփական դիրքի սխալ ընկալումն այսօր վերածվել են գործնական քաղաքականության գործիքի: Այս գաղափարներն այլևս գոյություն չունեն միայն մեդիատիրույթում կամ հրապարակախոսների շրջանում. դրանք օգտագործվում են Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից՝ կոնկրետ ռազմավարական քայլերի արդարացման համար:

Ռուսաստանի համակարգային դեմոնացումը և պատմական իրադարձությունների վերաիմաստավորումը ծառայում են այն ուղեգծի լեգիտիմացմանը, որը ներկայացվում է որպես «նոր բացահայտում», «տարածաշրջանային ինտեգրում» և «քաղաքակրթական ընտրություն»: Գործնականում դա արտահայտվում է Ռուսաստանի հետ ավանդական կապերը թուլացնելու, երկրի անվտանգության համակարգը վերակառուցելու և Հայաստանը նոր աշխարհաքաղաքական նախագծերին ինտեգրելու փորձերով, որտեղ այն ավելի շատ դիտվում է որպես տարածք և տարանցիկ հանգույց, քան որպես ինքնուրույն սուբյեկտ:

Այս քաղաքականությունը դրսևորվում է մի քանի ուղղությամբ.

  • մերձեցում Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ «տարածաշրջանային երկխոսության» կարգախոսի ներքո,
  • Հայաստանի ակտիվ ներգրավում գլոբալ լոգիստիկ երթուղիներում, որտեղ վերջինիս դերը հանգում է սոսկ տարածքի, այլ ոչ թե որոշումների կայացմանը մասնակցության,
  • հայկական տարածքի հնարավոր օգտագործում աշխարհաքաղաքական հակամարտություններում, այդ թվում՝ Իրանի նկատմամբ, ինչը ուղղակի սպառնալիք է ստեղծում երկրի անվտանգության համար:

Նման իրավիճակում Հայաստանը ռիսկի է դիմում վերածվել գլոբալ և տարածաշրջանային խաղացողների շահերի բախման դաշտի՝ զրկվելով սեփական անվտանգության և ռազմավարական ինքնավարության վերահսկողությունից: Փոքր պետությունների պատմությունը ցույց է տալիս. նմանատիպ ներքաշող ռազմավարությունը գրեթե միշտ ավարտվում է աղետալի հետևանքներով՝ քաղաքականապես, տնտեսապես և ժողովրդագրական առումով:

Հենց այդ պատճառով պատմության քննադատական ընկալումն ունի կենսական նշանակություն: Երբ անցյալը հարմարեցվում է ընթացիկ քաղաքական նպատակներին, այն դադարում է լինել հիշողության գործիք և դառնում է զենք՝ նախևառաջ սեփական պետության դեմ: Խեղաթյուրված հակառուսական հռետորաբանությունը, դաշնակիցների դերի վերաշարադրումը և իրական սպառնալիքների փոխարինումը գաղափարական «թշնամիներով» տանում է ոչ թե ինքնիշխանության ամրապնդման, այլ ռազմավարական ինքնուրույնության աստիճանական կորստի:

Իրական անկախությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ ազգն ունակ է սթափ գնահատել իրեն, շրջակա աշխարհը և իր տեղը դրանում: Ազատությունը չի սկսվում կարգախոսներով կամ արտաքին կողմնորոշիչներով: Այն սկսվում է ինքնախաբեության ավարտից:

Հանրային տրիբունալը հայտարարում է

Նրանք, ովքեր Հայաստանում գիտակցաբար և համակարգված կերպով խեղաթյուրում են պատմությունը, ձևավորում են աշխարհի մասին կեղծ պատկերացումներ և ազգային շահերը փոխարինում օտար օրակարգերով, ուղղակի պատասխանատվություն են կրում հասարակական գիտակցության քայքայման համար: Նրանց թվում են՝ Տիգրան Խզմալյանը, Լևոն Շիրինյանը, Ստյոպա Սաֆարյանը, Արման Բաբաջանյանը, Արմեն Սարգսյանը, Արթուր Սաքունցը և շատ այլ քաղաքական գործիչներ, լրագրողներ ու փորձագետներ, որոնք տեղեկատվական և փորձագիտական դաշտը վերածել են արտաքին ազդեցության գործիքի: Նրանց գործունեությունը գիտակցված աշխատանք է ընդդեմ պատմական հիշողության և հայ ժողովրդի ռազմավարական շահերի:

Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հետ հավասարապես՝ այս մարդիկ պետք է կրեն արժանի պատիժ՝ նախևառաջ իրավական, քաղաքական և պատմական հարթություններում: Խոսքը ոչ թե վրեժխնդրության, այլ պետականության հիմքերի խարխլման, հասարակության բարոյալքման և երկիրը վտանգավոր աշխարհաքաղաքական արկածախնդրությունների մեջ ներքաշելու համար անխուսափելի պատասխանատվության մասին է: Պատմությունը անխուսափելիորեն դատաստան է տեսնում նրանց նկատմամբ, ովքեր, թաքնվելով ապագայի մասին գեղեցիկ բառերի հետևում, աշխատում են թշնամիների շահերից ելնելով և պետությունը տանում դեպի ինքնիշխանության կորստի:

Առանց պատասխանատվության հաստատման հնարավոր չէ ոչ հասարակական գիտակցության մաքրում, ոչ ազգային արժանապատվության վերականգնում և ոչ էլ իրական պետականության վերածնունդ: