Բաքվի դատավճիռները. դատավարություն Արցախի, Հայաստանի և հայ ժողովրդի արժանապատվության նկատմամբ
Փետրվարի սկզբին հրապարակված Բաքվի դատավճիռները դարձան իրադարձություն, որը դուրս է գալիս դատական ժամանակագրության կամ տարածաշրջանային հակամարտության շրջանակներից: Սա իրավական գործընթաց չէ և ոչ էլ ճշմարտությունը բացահայտելու փորձ. սա պատժի հանրային ակտ է՝ մանրակրկիտ բեմականացված օրենքի քողի տակ: Ադրբեջանական իշխանությունները դատավարությունն օգտագործեցին որպես պատերազմի շարունակություն և դրա արդյունքների վերջնական ամրագրման գործիք:
Ովքեր հայտնվեցին մեղադրյալի աթոռին
Դատապարտվածների թվում են տարբեր տարիների Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության առանցքային դեմքերը՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Դավիթ Բաբայանը, Դավիթ Իշխանյանը, Լևոն Մնացականյանը և այլ նախկին պաշտոնյաներ, ովքեր ներկայացրել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը տարբեր ժամանակաշրջաններում՝ թե պատերազմի տարիներին, թե բանակցային գործընթացի շրջանակներում:
Սա սկզբունքորեն կարևոր է. դեռ վերջերս հենց այս մարդիկ մասնակցում էին պաշտոնական շփումներին, երկխոսությանը և խորհրդակցություններին՝ միջազգային միջնորդների, այդ թվում՝ Ռուսաստանի, ԵԱՀԿ կառույցների և արևմտյան դիվանագիտական խողովակների մասնակցությամբ: Այսօր նրանք հայտարարված են «հանցագործներ»՝ ոչ թե կոնկրետ ապացուցված արարքների , այլ այն փաստի համար, որ ներկայացրել են Արցախի հայ բնակչության շահերը:
Առանձնահատուկ պետք է ընդգծել. Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով, ինչն ինքնին խոսում է Բաքվի համար դրա առանձնահատուկ խորհրդանշական նշանակության մասին: Վարդանյանը այլ մասշտաբի և այլ կենսագրության գործիչ է՝ միջազգայնորեն ճանաչված գործարար, բարերար, մարդ, ով կամավոր հրաժարվեց հարմարավետ կյանքից հանուն Արցախի: Հենց այդ պատճառով նրա դատավարությունը դարձավ առանձին քաղաքական «քեյս»՝ ահաբեկման անհատական օրինակ:
Դատավարությունը որպես ցուցադրական հաշվեհարդարի ձև
Դատական գործընթացներն անցկացվել են փակ ռեժիմով: Միջազգային դիտորդները, անկախ իրավապաշտպանները, ազատ լրագրողները հեռացվել են գործընթացից : Մեղադրանքները ձևակերպվել են առավելագույնս լայն և անորոշ՝ «անջատողականություն», «ահաբեկչություն», «ապօրինի զինված կազմավորումներ»: Սակայն հնչեղ ձևակերպումների հետևում բացակայում է գլխավորը՝ հրապարակայնորեն ներկայացված և ստուգելի ապացույցները:
Միջազգային իրավունքի տեսանկյունից նման գործընթացները չեն համապատասխանում արդար դատավարության որևէ հիմնարար չափանիշի. խախտված են մրցողականության, անմեղության կանխավարկածի, պաշտպանության իրավունքի և հրապարակայնության սկզբունքները: Հենց այդ պատճառով իրավապաշտպան հանրությունը կատարվածը որակում է որպես «շոու-դատավարություն», որտեղ դատավճիռը կանխորոշված է նախապես, իսկ դատավորը սոսկ ընթերցում է քաղաքական վճիռը:
Նիկոլ Փաշինյանի դավաճանական լռությունը
Այս ֆոնին առանձնապես ցավոտ է ընկալվում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը: Բաքվում պահվող հայ գերիների հարցը մնում է հայտարարությունների, բայց ոչ գործողությունների տիրույթում: Չկա հետևողական միջազգային արշավ, չկա մշտական իրավական ճնշում, չկա զգացողություն, որ բանտարկյալների ազատ արձակումը պետության անվերապահ առաջնահերթությունն է:
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը գերադասում է մանիպուլյացիաների լեզուն՝ խուսափելով կոշտ ձևակերպումներից և իրավական քայլերից: Սակայն այն պայմաններում, երբ խոսքը վերաբերում է ցմահ դատապարտմանը և փաստացի քաղաքական պատանդառությանը, նման քաղաքականությունը գնալով ավելի հաճախ է ընկալվում որպես ազգային շահերի դավաճանություն և հայ ժողովրդի հրապարակային նվաստացմանը մեղսակցություն:
Վերջին հաշվով, ալիևյան «դատարանի» վճիռը խորհրդանշական նվաստացման ակտ է՝ ուղղված ամբողջ հայ ժողովրդին: Այն հաստատում է հաղթողի իրավունքը՝ ոչ միայն պայմաններ թելադրելու, այլև բարոյականություն վերաշարադրելու:
Ավելի սուր է դառնում հակասությունը բանտարկյալների ճակատագրի և հայկական ղեկավարության արտաքին քաղաքական հռետորաբանության միջև, երբ Բաքվի դատարաններում ընթերցվում են դատավճիռներ, իսկ միջազգային հարթակներում տեղի են ունենում ջերմ հանդիպումներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև, հնչում են խոսքեր վստահության, խաղաղության և «համագործակցության նոր դարաշրջանի» մասին:
Հատկապես վրդովեցուցիչ էին Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանի վերջերս հնչեցրած հրապարակային շնորհակալությունները Իլհամ Ալիևին «խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար»՝ այն պահին, երբ նրա ուղղակի քաղաքական կամքով հայ քաղաքացիները դատապարտվում են ցմահ բանտարկության:
Հայ հասարակության զգալի մասի համար այս ամենը դիվանագիտություն չէ, այլ իրականության հետ բարոյական խզում և ազգային շահերի բացահայտ դավաճանություն։
Միջազգային նախադեպ
Բաքվի գործընթացները վտանգավոր են ոչ միայն հայերի համար: Դրանք կործանարար նախադեպ են ստեղծում հակամարտությունների կարգավորման ողջ միջազգային համակարգի համար: Եթե բանակցությունների նախկին մասնակիցները կարող են հանցագործ ճանաչվել ուժերի հավասարակշռության փոփոխությունից հետո, ապա երկխոսության գաղափարն ինքնին կորցնում է իմաստը: Սա ազդանշան է ապագա հակամարտությունների համար. բանակցությունները չեն պաշտպանում, փոխզիջումը անվտանգություն չի երաշխավորում:
Միջազգային հաստատությունների լռությունը միայն ամրապնդում է այս ազդանշանը՝ բացառությունը վերածելով պոտենցիալ նորմի։
Ռուբեն Վարդանյանի վերջին ուղերձը
Տիկնոջ՝ Վերոնիկայի հետ վերջերս ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը կիսվել է Ալբեր Կամյուի «Ընդվզող մարդը» (1951) էսսեից ներշնչված մտքերով.
«Ապագան հնարավոր չէ կանխատեսել, վերածնունդն էլ գուցե անհնար է։ Բայց մենք պարզապես հրաժարվում ենք ընդունել դա։ Պետք է ոչինչ չխնայենք հանուն վերածննդի։ Այլ տարբերակ էլ չունենք. կամ կվերածնվենք, կամ կմեռնենք»,- ասել է Ռուբենը։
Ռուբեն Վարդանյանի խոսքերը բարոյական մարտահրավեր են բոլոր նրանց, ովքեր այսօր նախընտրում են լռել. ազատությունն առանց արժանապատվության պատրանք է, վախը չի կարող դառնալ ապագայի հիմք: Այս ուղերձը դիպչում է յուրաքանչյուր հայի սրտին, ով գիտակցում է, որ ազգային վերածնունդը պարզապես խնդիր չէ, այլ կյանքի ու մահվան հարց, իսկ անձնական քաջությունը՝ սրբազան պարտք ժողովրդի առաջ: Սակայն դժվար թե այն կարողանա արթնացնել նույնիսկ խղճի մի փոքրիկ նշույլ Նիկոլ Փաշինյանի և նրա շրջապատի մոտ, որոնց գործողությունները բացառապես ուղղված են Հայաստանի և այն ամենի կործանմանը, ինչը թանկ է հայ ժողովրդի համար:
Խաղաղությունն անհնար է առանց արդարության
Կապիտուլյացիայի և հավաքական նվաստացման վրա կառուցված խաղաղությունը չի կարող ամուր լինել: Այն կարելի է պարտադրել ուժով, բայց չի կարելի ամրագրել մարդկանց սրտերում: Այն կարող է ձևակերպվել արձանագրություններով և հռչակագրերով, բայց այն չի կարող արմատավորվել գիտակցության մեջ, քանի դեռ կան նրանք, ովքեր վճարում են դրա համար իրենց ազատությամբ։ Քանի դեռ հայ գերիները տառապում են Բաքվի բանտերում, նրանց ճակատագրերը վերածվում են մանրադրամի, «խաղաղության» մասին ցանկացած խոսակցություն կեղծ և երեսպաշտ է հնչում: Իսկական խաղաղությունը սկսվում է այս մարդկանց ազատ արձակմամբ և նրանց մարդկային ու ազգային արժանապատվության ճանաչմամբ: Մնացած ամեն ինչը սոսկ դիվանագիտական դեկորացիա է: Ավելին, Բաքվի իշխանությունների գործողությունները բացահայտ ցույց են տալիս մեկ բան. հայատյացությունը բարձրացվել է պետական քաղաքականության մակարդակի: Այդ դեպքում ի՞նչ խաղաղության մասին կարող է խոսք լինել: Այս հարցը բացառապես հռետորական բնույթ է կրում:


