Եկեղեցին՝ դիմադրության վերջին սահման

Վերջին ամիսներին Հայաստանի հանրային կյանքում առավել սուր ու մտահոգիչ երանգ են ստացել եկեղեցու շուրջ ծավալվող գործընթացները։ Սկզբում հնչած հավաստիացումները, թե իշխանությունների քայլերը որևէ կերպ ուղղված չեն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ, ժամանակի ընթացքում բախվեցին փաստերի համառ ու անհերքելի շղթային։ Դպրոցներից եկեղեցական առարկաների դուրսմղումը, եկեղեցու հողային իրավունքների սահմանափակումը, զինված ուժերում հոգևոր ծառայության լուծարումը՝ այս ամենը միասին այլևս պատահական դրվագներ չեն թվում, այլ նույն տրամաբանության հետևողական դրսևորումներ։

Այսօր արդեն գործ ունենք ինստիտուցիոնալ հարվածի հետ, որն ուղղված է ոչ թե առանձին հոգևորականների, այլ եկեղեցու՝ որպես դարավոր կառույցի դեմ։

Երբ Վեհափառ Հայրապետի կողմից ընդունված կարգապահական որոշումները դառնում են դատական վեճի առարկա, իրավական համակարգը հայտնվում է աբսուրդի սահմանագծին․ դատարանները, ըստ էության, փորձում են ստանձնել հոգևոր կարգ հաստատողի դեր, մի գործառույթ, որը նրանց բնավ չի վերապահված։

Ըստ Սահմանադրության եկեղեցին անջատված է պետությունից, և հենց այդ սկզբունքն է երաշխավորում նրա ներքին ինքնուրույնությունը։ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելը, հոգևոր աստիճանների շնորհումն ու կարգալուծումները վիճարկելը ոչ միայն իրավական անհեթեթություն է, այլև բացահայտ հակասահմանադրական քայլ։ Եթե որևէ հոգևորական որպես երկրի քաղաքացի խախտում է օրենքը, նա պատասխանատվություն է կրում ընդհանուր իրավական դաշտում, սակայն դա չի կարող վերածվել եկեղեցական կարգի վերանայման փորձի։

Գնդերեցների ծառայության լուծարումն առանձնահատուկ ցավոտ թեմա է։ Պատերազմի տարիներին իրենց կյանքը զոհաբերած հոգևորականների հիշատակը դեռ թարմ է ժողովրդի հիշողության մեջ։ Այդ ինստիտուտի վերացումը ոչ միայն պատմական ու բարոյական ժառանգության անտեսում է, այլև իրավական փակուղի, քանի որ նման որոշումները չեն կարող կայացվել առանց Վեհափառ Հայրապետի համաձայնության։

Այս մեկ կարևոր իրողություն է բացահայտում․ իշխանությունը փաստացի պարտվել է եկեղեցու վերնախավում ազդեցության պայքարում։ Եթե վստահ լիներ, չէր դիմի վարչական արգելքների, քննչական ճնշումների ու միջազգային հանդիպումներին մասնակցելու խոչընդոտների։ Այդ քայլերը վկայում են ոչ թե ուժի, այլ անվստահության մասին։

Միևնույն ժամանակ, այս գործընթացները դարձան հայ հասարակության համար ցավոտ, բայց անհրաժեշտ բացահայտում։ Դատական ու իրավապահ համակարգերում ի հայտ եկան այնպիսի երևույթներ, որոնք մինչ այդ գուցե ենթադրվում էին, բայց այսչափ տեսանելի չէին։ Երբ անհիմն որոշումները դառնում են հնարավոր, հասարակության մեջ ծնվում է վախի և անապահովության զգացում՝ գիտակցումը, որ ցանկացած պահի կարելի է հայտնվել ճնշման թիրախում։

Քաղաքական դաշտում իրավիճակը ևս խիստ խայտաբղետ է։ Մոտեցող ընտրությունները վերադասավորումների շրջան են բացել, սակայն իշխանության գլխավոր դաշնակիցը, ըստ էության, մնում է հանրության պասիվությունը։ Որքան քիչ քաղաքացիներ մասնակցեն ընտրություններին, այնքան հեշտ կլինի վերարտադրել առկա համակարգը։ Ընդդիմության առաջ կանգնած է բարդ խնդիր՝ հաղթահարել ներքին ամբիցիաները, չփոշիացնել ձայները և ձևավորել իրական մրցունակ այլընտրանք։

Հայաստանի և հայ ժողովրդի համար այս ճակատագրական պահերին որոշիչը ոչ թե խոստումների աղմուկն է, այլ քաղաքացիների գիտակցված ընտրությունը։ Այսօր, երբ եկեղեցին, իրավունքը և քաղաքականությունը հատվում են նույն հարթության վրա, հասարակության առաջ կանգնած է որքան դժվար, նույնքան պարզ հարց՝ լռե՞լ, թե՞ խոսել, մնա՞լ պասիվ, թե՞ ստանձնել պատասխանատվություն սեփական ապագայի համար։

Ապագան այսօր կախված է միայն և միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացու որոշումից։