Ընտրություն առանց պատրանքների. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանության վերարտադրությունը սպառնում Հայաստանի ապագային

,

News.am-ի եթերում վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը խիստ քննադատության է ենթարկել Նիկոլ Փաշինյանի արտաքին և ներքին քաղաքականությունը՝ անդրադառնալով, այսպես կոչված, «խաղաղության խորհրդին», Հայաստանի ինքնիշխանությանը, արտաքին պարտքի աճին, իշխանության պարգևավճարներին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում խորացող ճգնաժամին:

«Խաղաղություն՝ կամավոր կապիտուլյացիայի միջոցով»

Կիվիրյանը Փաշինյանի քաղաքականությունը բնութագրել է՝ որպես «կամավոր զիջումների վրա կառուցված խաղաղություն»։

«Եթե վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանի որևէ իշխանություն զիջեր Փաշինյանի զիջածի թեկուզ 10%-ը, մենք կունենայինք նույն այդ «կայուն» իրականությունը։ Սա խաղաղություն չէ, սա պարտության օրինականացում է»,- ընդգծել է նա:

Նա տեղի ունեցածը համեմատել է մի իրավիճակի հետ, երբ մեկին ուզեն բռնաբարել, բայց նա իր կամքով հանձնվի, և ասի՝ տեսեք, «ազատվեցի բռնաբարությունից»։

Ինքնիշխանությունը ոչ թե հայտարարությունների, այլ վերահսկողության մեջ է

Վերլուծաբանը սուր քննադատության է ենթարկել իշխանությունների հայտարարությունները ինքնիշխանության ամրապնդման մասին, հատկապես Սյունիքով անցնող ճանապարհի հարցի համատեքստում։

«Ինքնիշխան պետությունն այն պետությունն է, որն ինքն է վերահսկում իր ճանապարհները, էներգետիկ պաշարները և ենթակառուցվածքները։ Եթե դու նույնիսկ 45 կիլոմետր ճանապարհ ես հանձնում այլոց կառավարմանը, դա ինքնիշխանություն չէ»,- հայտարարել է Կիվիրյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը կարող էր սեփական ուժերով կառուցել այդ ճանապարհը, բացել այն և բոլոր կողմերին առաջարկել օգտվել դրանից. հենց դա կլիներ ինքնիշխանության իրական դրսևորումը:

Հայաստանը որպես գերտերությունների բախման պոլիգոն

Կիվիրյանը զգուշացրել է, որ Հայաստանը վտանգավոր կերպով վերածվում է գերտերությունների բախման ասպարեզի:

«Պատմությունը ցույց է տալիս. ցանկացած երկիր, որը դառնում է մեծ տերությունների բախման պոլիգոն, կամ բաժանվում է, կամ փլուզվում։ Մենք դա արդեն անցել ենք՝ թե Հռոմի ու Պարսկաստանի ժամանակներում, թե այսօր՝ Ուկրաինայի օրինակով»,- նշել է նա:

Նրա համոզմամբ՝ Հայաստանի համար միակ ռացիոնալ տարբերակը ֆիննական մոդելով չեզոքությունն էր, այլ ոչ թե՝ տարածաշրջան նոր խաղացողների ներգրավումը:

Պարգևավճարներ՝ աճող պարտքի ֆոնին

Մեկնաբանելով իշխանության ներկայացուցիչներին տրվող պարգևավճարները՝ Կիվիրյանն ընդգծել է դրանց անհիմն լինելը:

«Եթե իշխանությունն ապահովում է զարգացում, կրճատում է պարտքը, բարձրացնում է կենսամակարդակը՝ բարձր վարձատրությունը տրամաբանական է։ Բայց երբ արտաքին պարտքը հասնում է 14-15 միլիարդ դոլարի, չկա արդյունաբերություն, չկա զարգացում՝ ինչի՞ համար են վճարվում պարգևավճարները»,- հարց է տալիս նա:

Ըստ նրա՝ իշխանությունը պարզապես ներգրավում է փոխառու միջոցներ և վերաբաշխում դրանք՝ առանց իրական տնտեսական արդյունքի:

Ճաքեր «Քաղաքացիական պայմանագրի» ներսում

Կիվիրյանը նշել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում խախտվել են խաղի հիմնական կանոնները, ինչը հղի է լուրջ ճգնաժամով:

«Մարդկանց, ովքեր 2020 թվականից հետո «ատամներով պահում էին Փաշինյանին», այսօր առանց բացատրության դուրս են շպրտում։ Սա կանոնների ուղղակի խախտում է, իսկ նման բաները ցանկացած թիմում հանգեցնում են փլուզման»,- հայտարարել է նա:

Վերլուծաբանի կարծիքով՝ Փաշինյանի բախտն առայժմ «բերում է» միայն այն պատճառով, որ Հայաստանում բացակայում է իրական, կազմակերպված ընդդիմադիր ուժը, որն ունակ կլինի օգտվել իրավիճակից:

«Ընդդիմությունն նրանք են, ովքեր պայքարում են իշխանության համար»

Ամփոփելով՝ Արգիշտի Կիվիրյանն ընդգծել է, որ ընդդիմություն չի կարելի անվանել այն ուժերին, որոնք պարզապես ներկա են ընդդիմադիր դաշտում:

«Ընդդիմությունն նրանք են, ովքեր բոլոր օրինական միջոցներով պայքարում են իշխանությունը վերցնելու համար։ Մնացած ամեն ինչը սոսկ այլախոհություն է»,- հայտարարել է նա:

Նրա կանխատեսմամբ՝ եթե ներկայիս, այսպես կոչված, ընդդիմությունը շարունակի գործել նույն ոճով, առաջիկա ընտրությունների արդյունքները «խիստ տխուր» կլինեն նրա համար։

Հանրային Տրիբունալի եզրակացությունը

Հանրային տրիբունալը, վերլուծելով Հայաստանի Հանրապետության գործող իշխանության որոշումները, հայտարարությունները և փաստացի գործողությունները, հանգում է եզրակացության, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության հնարավոր վերարտադրությունը համակարգային և երկարաժամկետ սպառնալիք է ներկայացնում հայոց պետականության համար։ Խոսքը ոչ թե առանձին թերացումների կամ սխալ քայլերի, այլ ձևավորված կառավարման մոդելի մասին է, որի շրջանակներում ազգային շահերը հետևողականորեն կորցնում են անվերապահ առաջնահերթության կարգավիճակը և փոխարինվում են դրսից պարտադրված «խաղաղություն՝ ամեն գնով» տրամաբանությամբ:

Ձևավորված պրակտիկայում պետության անվտանգությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը դիտարկվում են ոչ թե որպես պետականության անօտարելի հիմքեր, այլ որպես բանակցությունների և փոխզիջումների առարկա։ Հստակ «կարմիր գծերի» բացակայությունը և Ադրբեջանի կողմից ռազմավարական պահանջներն սկզբունքորեն մերժելու իշխանության անկարողությունը կամ ցանկության բացակայությունը ստեղծում են մի իրավիճակ, երբ Հայաստանը աստիճանաբար կորցնում է իր սուբյեկտայնությունը և տարածաշրջանային քաղաքականության մասնակցից վերածվում է արտաքին ճնշման օբյեկտի:

Առանձնակի մտահոգություն է առաջացնում Սյունիքի շուրջ ստեղծված իրավիճակը, որն այս համատեքստում պետք է դիտարկել ոչ թե պարզապես որպես վարչական միավոր, այլ որպես Հայաստանի աշխարհաքաղաքական և տարածքային ամբողջականության առանցքային տարր։ Սխեմաների առաջմղումը, որոնք ենթադրում են հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողության հանձնում, տարանցման հատուկ ռեժիմներ կամ ենթակառուցվածքների կառավարմանը երրորդ կողմերի մասնակցություն, փաստացի պայմաններ են ստեղծում իրական ինքնիշխան վերահսկողության կորստի համար՝ առանց սահմանների ֆորմալ փոփոխության; Պատմական և միջազգային փորձը վկայում է, որ այնտեղ, որտեղ պետությունը կորցնում է վերահսկողությունը տրանսպորտային զարկերակների և լոգիստիկայի նկատմամբ, անխուսափելիորեն առաջանում է բուն տարածքի նկատմամբ վերահսկողության կորստի վտանգ։ Ներկայիս կուրսի պահպանման դեպքում միջնաժամկետ հեռանկարում Սյունիքի դե-ֆակտո օտարման ռիսկը դառնում է ոչ թե հիպոթետիկ, այլ լիովին իրական:

Ոչ պակաս լուրջ է երկրի ժողովրդագրական տրանսֆորմացիայի սպառնալիքը։ Թուլացած պետության, խիստ և մտածված միգրացիոն քաղաքականության բացակայության պայմաններում, ինչպես նաև հումանիտար նախաձեռնությունների և միջազգային ծրագրերի քողի տակ, նախադրյալներ են ստեղծվում Հայաստանի տարածքը էթնիկ ադրբեջանցիներով բնակեցնելու համար։ Նման գործընթացները համաշխարհային պրակտիկայում բազմիցս օգտագործվել են որպես երկարաժամկետ ճնշման գործիք՝ հող նախապատրաստելով հետագա քաղաքական, ինքնավար և տարածքային պահանջների համար։ Ժողովրդագրությունն այս դեպքում հանդես է գալիս ոչ թե որպես հումանիտար կատեգորիա, այլ որպես աշխարհաքաղաքական ներգործության տարր՝ հետաձգված, բայց ծանր հետևանքներով:

Գործող իշխանության վերարտադրության դեպքում Հանրային տրիբունալը կանխատեսում էարտաքին կառավարման հետագա խորացում՝ միջազգային միջնորդության անվան տակ, ինքնիշխանության մասնատում, երբ պետությունը ձևականորեն պահպանում է ամբողջականությունը, բայց փաստացի կորցնում է վերահսկողությունը առանցքային ոլորտների նկատմամբ, ինչպես նաև տարածքային զիջումների աճ՝ առանց դրանց պաշտոնական ձևակերպման, բայց անդառնալի հետևանքներով: Այս գործընթացները կուղեկցվեն ժողովրդագրական ճնշման աճով և տարածաշրջանային քաղաքականության մեջ Հայաստանի դերի ու ձայնի աստիճանական կորստով։

Վերոհիշյալի հիման վրա՝ Հանրային տրիբունալը հանգում է միանշանակ եզրակացության.

Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունը ուղղակի սպառնալիք է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և պատմական ապագային։ Այս քաղաքական մոդելի պահպանումը նշանակում է ոչ թե կայունացում կամ «խաղաղություն», այլ հետաձգված ճգնաժամ՝ պոտենցիալ անդառնալի հետևանքներով:

Հանրային տրիբունալի կոչը

Հանրային տրիբունալն անհրաժեշտ է համարում դիմել անմիջապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններն, ըստ էության, հանրաքվե են երկրի պետականության, ինքնիշխանության և պատմական հեռանկարի վերաբերյալ։ Այս պայմաններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկությունը նշանակում է ոչ թե չեզոք քաղաքական ընտրություն, այլ գիտակցված կամ անգիտակից հավանություն այն կառավարման մոդելի, որն արդեն հանգեցրել է տարածքների կորստի, ազգային անվտանգության թուլացման, արտաքին կախվածության աճի և ազգային շահի հասկացության լղոզման:

Հանրային տրիբունալը գտնում է, որ քաղաքացիական պատասխանատվությունն այս պահին կայանում է ոչ թե իներցիայով կամ անորոշության վախից ելնելով իշխանությանը սատարելու մեջ, այլ այն քաղաքական ուժից գիտակցված հրաժարման մեջ, որն ապացուցել է պետության հիմնարար շահերը պաշտպանելու իր անկարողությունն ու ցանկության բացակայությունը: Չքվեարկել «Քաղաքացիական պայմանագրի» օգտին՝ կոչ չէ հօգուտ կոնկրետ այլընտրանքի, այլ ինքնապահպանման ակտ՝ ուղղված վտանգավոր ընթացքը կասեցնելուն և ինքնիշխան, սուբյեկտային ու անվտանգ Հայաստանի վերականգնման հնարավորությունը պահպանելուն: