«Բոլորին դեմ եմ»-ն աշխատում է Փաշինյանի և թուրքական շահերի օգտին. Հանրային տրիբունալի կարծիքը
Վերջերս Հայաստանում սկսել են քննարկել «Բոլորին դեմ եմ» անվանմամբ նոր քաղաքական հարթակի ստեղծման գաղափարը: Այն ներկայացվում է որպես միջոց՝ մոբիզացնելու նրանց ձայները, ովքեր սովորաբար դուրս են մնում ընտրություններից՝ հիասթափվածների, անտարբերների, իշխանության և ավանդական ընդդիմության նկատմամբ անվստահություն ունեցողների: Սակայն հարց է առաջանում՝ արդյո՞ք հայտարարված նպատակները համապատասխանում են իրականությանը, թե՞ սա հերթական քաղտեխնոլոգիական հնարքն է՝ ուղղված ընդդիմադիր ձայների փոշիացմանը:
Առաջին հայացքից «Բոլորին դեմ եմ» շարժումը թվում է անկեղծ քաղաքացիական դժգոհության արտահայտություն: Տպավորություն է ստեղծվում, թե սա համընդհանուր բողոք է հաստատված համակարգի, «նախկինների» ու «ներկաների» դեմ, փորձ՝ վճռական «ոչ» ասելու գոյություն ունեցող ամեն ինչին: Սակայն քաղաքական իրականությունն ամեն ինչ իր տեղն է դնում. գործնականում այս բանաձևն աշխատում է բացառապես գործող իշխանության շահերի համար, իսկ միակ իրական շահողը Նիկոլ Փաշինյանն է:
Դժգոհ քաղաքացիներն ինքնին վտանգ չեն ներկայացնում նրանց համար, ովքեր վերահսկում են իշխանության իրական լծակները։ Վտանգավոր են միայն կազմակերպված և կենտրոնացված ձայները, որոնք ունակ են իրական այլընտրանք ձևավորել: Ցանկացած բողոք, որը չի վերածվում հաշվարկված քաղաքական ընտրության, կորցնում է ուժը և ամրապնդում իշխանության դիրքերը: Իսկ եթե նաև հաջողվի առաջ անցնել մրցակիցներից և ճիշտ հունով ուղղորդել դժգոհ ու չկողմնորոշված քաղաքացիների էլեկտորալ ռեսուրսը, ապա կարելի է էապես մեծացնել հաղթանակի շանսերն առաջիկա խորհրդարանական ընտրություններում: «Բոլորին դեմ եմ»-ն հենց Փաշինյանի կողմից արհեստականորեն բեմադրված քայլ է: Այն հարված չի հասցնում իշխանությանը, բայց թուլացնում է նրանց, ովքեր իրապես կարող էին մարտահրավեր նետել նրան:
Այսօր «Բոլորին դեմ եմ» շարժումը կարելի է դիտարկել որպես ոչ թե համակարգի, այլ կոնկրետ ընդդիմության դեմ պայքարելու գործիք: Նախևառաջ այն ուղղված է Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժման և Ռոբերտ Քոչարյանի գլխավորած միասնական ընդդիմության դեմ: Հենց այս ուժերն են տիրապետում այն ռեսուրսին ու կազմակերպչական կառուցվածքին, որն ունակ է մարտահրավեր նետել գործող իշխանությանը: Ձայների փոշիացումը հօգուտ խորհրդանշական «բոլորին դեմ եմ»-ի՝ զրկում է նրանց աջակցությունից, նշանակում է՝ ամրապնդում է Փաշինյանի դիրքերը:
Նիկոլ Փաշինյանն այսօր տիրապետում է ոչ միայն կայուն ընտրազանգվածի, այլև վարչական ու մեդիա գործիքների մի ամբողջ զինանոցի, որոնք ազդում են ընտրական գործընթացի վրա: Սոցիալական ճնշումը, ընդդիմադիր գործիչների նկատմամբ քրեական հետապնդումները, Եկեղեցու դեմ ճնշումները, մոբիլիզացիայի համար ռեսուրսների օգտագործումը, տեղեկատվական դաշտի վերահսկողությունը՝ այս ամենը թվացյալ բողոքը վերածում է իշխանության համար անվտանգ տիրույթի: «Բոլորին դեմ եմ»-ին տրված ձայնը չի սպառնում ռեժիմին. այն պարզապես փոշիանում և անհետանում է իրական քաղաքական մրցակցության դաշտից:
Հայաստանի ներքաղաքական իրավիճակը դրամատիկ է: Ընդդիմադիր գործիչները ենթարկվում են հետապնդումների: Եկեղեցին ճնշման տակ է: Այլընտրանք փնտրող քաղաքացիները հիասթափված են: Ձայների փոշիացումն ուժեղացնում է քաոսն ընդդիմադիր շարքերում և ամրապնդում Նիկոլ Փաշինյանի ռեժիմը:
Միջազգային ասպարեզում Փաշինյանը ստանում է այն երկրների աջակցությունը, որոնք Հայաստանի համար պետք է լինեն հակառակորդներ: Իլհամ Ալիևը չորս ռազմագերիների ազատ արձակեց հենց նախընտրական քարոզարշավի նախաշեմին: Թուրքիայի ԱԳՆ-ն՝ ի դեմս Հաքան Ֆիդանի, բացահայտ հայտարարեց, որ Փաշինյանն Անկարայի համար ամենահարմար թեկնածուն է: Սա ներքին գործերին ուղղակի միջամտության ազդանշան է։
«Բոլորին դեմ եմ» շարժման ցինիզմն ակնհայտ է: Քաղաքացիական բողոքի քողի տակ այն վերածվում է իրական ընդդիմությանը ճնշելու մեխանիզմի։ Մարդիկ կարծում են, թե «բոլորին ոչ» են ասում, բայց իրականում նրանք օգնում են մեկ մարդու: Եվ այդ մեկը վերստին մնում է իշխանության ղեկին:
Հայաստանի քաղաքացիների թվացյալ ընտրության ազատության և «բոլորին դեմ» կարգախոսի հետևում թաքնված են թշնամական երկրների ռեսուրսներն ու ազդեցությունը: Յուրաքանչյուր ոք, ով աշխատում է ընդդիմադիր ուժերի դեմ ընտրությունների նախաշեմին, իրականում աշխատում է օտարի՝ Թուրքիայի և Ադրբեջանի շահերի համար: Նիկոլ Փաշինյանը նրանց շահերի սպասարկողն է և 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ձեռքբերված դիրքերի պահպանման երաշխավորը:


