«Ցեղասպանությունից մինչև գաղափարական դատարկություն՝ Արա Հարությունյանի մտահոգիչ ախտորոշումը»

Արա Հարությունյանի վերջին հրապարակումներից մեկը սոցիալական ցանցերում առանձնանում է ծայրահեղ կոշտությամբ՝ երբեմն նույնիսկ անողոք, սակայն հենց այդ պատճառով էլ՝ անհրաժեշտ։ Դա ոչ այնքան քաղաքական հայտարարություն է, որքան հասարակական դատավճիռ՝ ուղղված հենց ժողովրդին․ ինչպե՞ս եղավ, որ հայ հասարակությունը, ունենալով հարուստ մտավոր ավանդույթ, պատմական փորձառություն և ամուր պետական հիշողություն, հայտնվեց այսօրվա իր ողբալի վիճակում։

Հարցը, որ բարձրացնում է հեղինակը, առաջին հայացքից կարող է թվալ հռետորական, սակայն իր խորքում այն դիպչում է հասարակության գոյությենական ամենահիմնարար շերտերին։ Ինչպե՞ս պատահեց, որ մի ժողովուրդ, որի պատմության մեջ կանգնած են Աբովյանի, Թումանյանի, Իսահակյանի, Թամանյանի, Սարյանի, Սպենդիարյանի, Խաչատուրյանի անունները, այդչափ զարմանալի հեշտությամբ զիջեց իր տեղը տգիտությանը, մանիպուլյացիոն աղմուկին ու գիտակցված սադրանքներին։ Ինչպե՞ս եղավ, որ ցեղասպանության աղետը վերապրած, ապա խորհրդային դարաշրջանում պետական հաստատություններ, կրթական համակարգ, քաղաքային մշակույթ և քաղաքակրթական դիմագիծ ստեղծած ժողովուրդը մի պահ վստահեց պատահական դեմքերին՝ կասկածելի անցյալով, դատարկ հռետորաբանությամբ և կեղծ «հակահամակարգային» կեցվածքով։

Հարությունյանը մատնանշում է մի հանգամանք, որը հասարակական քննարկումներում հաճախ շրջանցվում է․ Հայաստանի հակառուսական տրամադրությունները չեն ձևավորվել որպես գիտակցված և խորապես մտածված գաղափարական ընտրություն։ Դրանք արհեստականորեն ստեղծվել և կիրառվել են որպես զանգվածային գիտակցության վրա ազդելու գործիք, որպես ամբոխի կառավարման պարզունակ, բայց արդյունավետ մեխանիզմ։ Գաղափարական դատարկության պայմաններում հակառուսականությունը կորցրել է քաղաքական դիրքորոշման հատկանիշները և վերածվել ինքնանպատակ կրքի։ Հենց այս հողի վրա հնարավոր դարձավ այնպիսի իշխանության ձևավորումը, որը իր գոյության առաջին իսկ տարիներին երկիրը տարավ պատերազմի, ծանր մարդկային կորուստների, տարածքային զիջումների և խոր ազգային նվաստացման ճանապարհով։ Եվ այս ամենը՝ համատարած, գրեթե ցուցադրական լռության պայմաններում։

Այդ լռությունը հրապարակման մեջ ներկայանում է որպես համազգային հոգեբանական կապիտուլյացիայի ձև։ Երբ աղետը դադարում է դիմադրություն առաջացնել, իսկ պարտությունը՝ վերլուծություն պահանջել, ժողովուրդը կորցնում է պատմության սուբյեկտ լինելու իր կարգավիճակը։ Նա վերածվում է ա զանգվածի, որը հոսում է ընթացքի հետ և որին հեշտ է սնուցել թշնամու պարզունակ կերպարներով ու նույնքան պարզունակ փրկության պատրանքներով։

Առանձին հիշատակման է արժանի նաև Սփյուռքի դերը, որը, հեղինակի ընկալմամբ, ներգրավվել է նույն մանիպուլյատիվ սխեմաների մեջ։ Ֆինանսական ճնշումների, սադրանքների և կեղծ հեղափոխական հռետորաբանության միջոցով օրինականացվել է այն նույն հակառուսական գիծը, որը երկրի ներսում խեղդել է ամեն տեսակ այլախոհություն և դուրս մղել բանական, սթափ խոսքը։

Սակայն, որքան էլ մռայլ լինի ախտորոշումը, Հարությունյանը ձևակերպում է նաև ելքը՝ ոչ քաղաքական, այլ աշխարհայացքային։ Այդ ելքը նա տեսնում է կրթության մեջ։

Այս գնահատականին իր համերաշխությունն է հայտնում նաև Հանրային Տրիբունալը՝ արձանագրելով, որ վերջին տարիների քաղաքական և ազգային պարտությունները պատահական չեն, այլ կրում են համակարգային բնույթ։ Դրանց արմատները միայն արտաքին ճնշումների մեջ չեն, այլ նախևառաջ հասարակական մտածողության անկման, արժեքային հիմքերի քայքայման և զանգվածային գիտակցության նկատմամբ գիտակցված մանիպուլյացիաների մեջ։ Այս պայմաններում լռությունը դադարում է լինել չեզոքություն և վերածվում է համակատարության և հանցակցության։

Հանրային տրիբունալի եզրակացությունը

Այժմ Հայաստանը ապրում է նախ և առաջ մտավոր և բարոյական ճգնաժամ։ Միակ իրական ելքը կրթված, մտածող և սեփական ճակատագրի համար պատասխանատվություն ստանձնող հասարակության վերականգնումն է։ Առանց դրա ցանկացած փոփոխություն դատապարտված է մնալ մակերեսային և կարճատև։