Միլիոններ իշխանության, «ապահովագրություն»՝ թոշակառուների համար
Հայաստանում վերջնականապես ձևավորվել է նոր սոցիալական պայմանագիր. իշխանությունը ստանում է, իսկ հասարակությանը բացատրում են, թե ինչու նրան ոչինչ չի հասնում: Մինչ քաղաքացիներին բացատրում են, թե «փող չկա, բայց դուք դիմացեք», իշխանության միջանցքներում լուռ ու առանց ավելորդ աղմուկի բաշխվում են բյուջետային միլիոնավոր դրամներ:
Մինչ կառավարությունը պատմում է «միջոցների սղության» և «օպտիմալ լուծումների» անհրաժեշտության մասին, պետական միջոցները բաշխվում են հստակ և ցինիկ տրամաբանությամբ՝ վերևներին՝ միլիոններ, ներքևներին՝ խոստումներ: Ինչպես հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը, դեկտեմբերին նախարարներն ու նրանց տեղակալները պետբյուջեից բազմամիլիոնանոց պարգևավճարներ են ստացել, որոնց չափը իշխանությունը հրաժարվում է բացահայտել հասարակությանը:
«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ, նախարարները ստացել են 7-8 միլիոն դրամ, առանձին դեպքերում՝ մինչև 9 միլիոն, իսկ փոխնախարարները՝ 4-5 միլիոն դրամ: Ընդ որում, կառավարությունը ցուցադրաբար խուսափել է խմբագրության պաշտոնական հարցմանն ուղիղ պատասխան տալուց՝ հղում անելով ձևական պատասխան գրություններին և պատասխանատվությունը լղոզելով գերատեսչությունների միջև: Փաստացի՝ գաղտնիացրել է բյուջետային վճարումները:
Եվ հենց նույն ժամանակ այդ նույն իշխանությունը, առանց աչքը թարթելու, թոշակառուներին բացատրում է, թե ինչու նրանց կենսաթոշակները հնարավոր չէ բարձրացնել:
Ինչպես ընդգծում է 168.am-ը, Նիկոլ Փաշինյանը թոշակառուների փոխարեն որոշել է, թե որն է նրանց համար ավելի ձեռնտու՝ թոշակների բարձրացումը, թե՞ առողջության ապահովագրությունը։ Առանց հարցնելու, առանց քննարկելու, առանց ընտրության հնարավորություն առաջարկելու:
Փաշինյանը պնդում է, թե 10 հազար դրամի հավելումը իբր չի լուծի թոշակառուների խնդիրները: Սակայն, ինչպես արդարացիորեն նշում է 168.am-ը, թոշակառուների մեծ մասը կնախընտրեր հենց գումարը, այլ ոչ թե ձևական ապահովագրական փաթեթը, որտեղ՝
- ոչ բոլոր ծառայություններն են անվճար,
- բուժման զգալի մասը միևնույն է վճարվում է սեփական գրպանից,
- բժշկության հասանելիությունը չի պարզեցվում, այլ հաճախ՝ բարդանում է:
Ավելին, թոշակառուները նախկինում էլ ունեին անվճար բժշկական օգնության իրավունք. խնդիրը ոչ թե «ապահովագրության» բացակայությունն էր, այլ չաշխատող համակարգը: Հիմա իշխանությունը նույն խնդիրը մատուցում է որպես «հոգատարություն»՝ փաստացի կենսաթոշակների բարձրացումը փոխարինելով հերթական սխեմայով:
Հետվճարի (քեշբեքի) պատմությունը դրա վառ ապացույցն է: Մոտ 4 տարվա ընթացքում դրանից կարողացել է օգտվել 661 հազարից ավելի թոշակառուներից և նպաստառուներից միայն 366 հազարը, իսկ միջին «շահումը» կազմել է 4,1 հազար դրամ, որն ամբողջությամբ կլանվել է գնաճի հետևանքով: Բայց նույնիսկ այս ձախողումն իշխանությունը շարունակում է ներկայացնել որպես «բարձրացում»:
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի խոսքերը լիովին արտացոլում են տեղի ունեցողի ցինիզմը.
«Մարդը, ով մեղադրում է թալանի մեջ և մոռանում է այն մասին, որ ինքն է թալանել, պետք է հիշի, որ վարչապետի աշխատակազմի ծախսերն ավելացրել է 4 անգամ՝ դարձնելով 65 մլն դոլար, այսինքն Հայաստանի քաղաքացին չորս անգամ ավելի լավ է ապրո՞ւմ, որ վարչապետի աշխատակազմը չորս անգամ ավելի շատ է ծախսում»:
Նրա խոսքով՝ վարչապետի աշխատակազմի ծախսերը գերազանցում են Իսպանիայի, Շվեդիայի և Դանիայի թագավորական ընտանիքների միասին վերցրած ծախսերը։ Կարապետյանը քաղաքացիներին կոչ է անում չխաբվել իշխանության ներկայացուցիչների համեստ արտաքինից, որոնք մեծ գումարներ են ծախսում և որևէ կերպ հաշվետու չեն իրենց կատարած ծախսերի համար։
Պատկերն ամբողջանում է մեկ գծի մեջ.
- թոշակառուներին՝ ուղղակի բարձրացման մերժում, ապահովագրական փաթեթներ, ձևականություններ և քարոզչություն,
- պաշտոնյաներին՝ միլիոնավոր պարգևավճարներ, լռություն և գաղտնիություն:
Երբ իշխանությունը թաքցնում է սեփական եկամուտների չափը, բազմապատկում է սեփական պահպանման ծախսերը և միաժամանակ թոշակառուներին դասեր տալիս, թե ինչն է նրանց համար «լավ», դա արդեն սխալ կամ թերացում չէ: Դա գիտակցված քաղաքականություն է: Քաղաքականություն, որտեղ պետական բյուջեն դադարում է լինել հանրային ռեսուրս և վերածվում է «յուրայինների» համար նախատեսված փակ հիմնադրամի:
Եվ որքան համառորեն է կառավարությունը խոսում «սոցիալական պատասխանատվության» մասին, այնքան ավելի ակնհայտ է դառնում այսօրվա պարզ բանաձևը. փող չկա՝ ժողովրդի համար, փող կա՝ պաշտոնյաների ու պատգամավորների պարգևավճարների համար:


