Արշավ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ. «բարենորոգումներ», ճնշումներ և ներքին պառակտման փորձ

,

Ինչպես հայտնում է «Իրավունք» թերթը, Հայ Առաքելական Եկեղեցու «բարենորոգման» և այդ նպատակով համակարգող խորհուրդ ձևավորելու մասին հայտարարությունից հետո եկեղեցական միջավայրում սկսվել են գործընթացներ, որոնք ավելի քիչ են հիշեցնում ներքին բարենորոգում և ավելի շատ՝ կազմակերպված քաղաքական օպերացիա:

Թերթի տվյալներով՝ մոտ երկու տասնյակ քահանաներ հայտարարել են «բարենորոգման ծրագրին» միանալու մասին: Հատկանշական է, որ նրանց մեծ մասը գործունեություն է ծավալում Փաշինյանին միացած տասը տիրադավների առաջնորդած թեմերում: Այս պահի դրությամբ նրանցից 8-ն Արարատյան թեմից է, որի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ևս դեմ է դուրս եկել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին:

Այդուհանդերձ, ինչպես ընդգծում է «Իրավունքը», տիրադավներին ու հակաեկեղեցական արշավին միացած քահանաներն ինքնակամ որոշումներ չեն ընդունել: Փաշինյանի հիշյալ հայտարարությունից հետո, թերթի տեղեկություններով, գործի են անցել իրավապահները. ում դեմ կարողացել են կոմպրոմատ գտնել, դրանով են ծնկի բերել, իսկ մյուսներին սոցիալական եւ ֆինանսական երաշխիքներ են տվել, որ պետությունը կհոգա նրանց վարձատրության հարցը, անգամ բնակարանների մասին խոստումներ են տվել՝ փորձելով նյութական շահագրգռությամբ իրենց կողմը բերել։ Եկեղեցին ներսից քանդելու գործընթացն ու նման բանակցությունները դեռ շարունակվում են, սակայն, ինչպես նշում է թերթը, վերջին օրերին կարծես նոր միացողներ չկան։

Այս ֆոնին «Իրավունքը» հրապարակում է էլ ավելի տագնապալի տեղեկություններ: Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ շուրջ 100 հոգևորական է առաջիկա օրերին միանալու Փաշինյանին ։ Աղբյուրները պնդում են, որ Կճոյանը խոստացել է «ամենաքիչը 100 հոգևորական» ներգրավվել մինչև շաբաթվա վերջ»՝ այդպիսով իր հավատարմությունը ցույց տալով գործող իշխանությանը։ Ավելին, թերթի պնդմամբ, վերջին հանդիպմանը նա խոստացել է, որ հասնելու է նրան, սքեմավոր հոգեւորականների բանակով գնան Կաթողիկոսին հեռացնելու։

Այս պատմության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի կերպարը: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի կողմից ձեռնադրված և ապա հենց Վեհափառ Հայրապետի կողմից Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ դարձած Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, «Իրավունքի» տեղեկությամբ, Նիկոլ Փաշինյանի ջրերն ընկած շարունակում է չենթարկվել Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ թեմի առաջնորդի պաշտոնից ազատվելու որոշմանը և նույն ոգով ցեխ շպրտել Մայր Աթոռի ուղղությամբ:

Իր հայտարարություններում Սարոյանը պնդում է, թե հոգեւորականի ներգրավված լինելը քաղաքական գործընթացների մեջ ինքնին ոտնձգություն է պետականության հանդեպ, իսկ Եկեղեցին պարտավոր է անվերապահորեն ընդունել ցանկացած իշխանություն՝ միայն այն հիմքով, որ վերջինս ընտրվել է ժողովրդի կողմից: Սակայն, ինչպես ընդգծում է «Իրավունքի» հոդվածագիրը, նման տրամաբանությունը հիմնված է մի շարք խորքային և սկզբունքային սխալների վրա, որոնք առնչվում են աստվածաբանական, կանոնական, դավանական, պատմական, բարոյագիտական և քաղաքագիտական ոլորտներին։

Քրիստոնեական աստվածաբանության համաձայն, հիշեցնում է թերթը, իշխանությունը չի դիտարկվում որպես բացարձակ և ինքնաբավ իրականություն: Սուրբ Գրքի ուսմունքը, թե «ամեն իշխանություն Աստծուց է», չի նշանակում իշխանության անսխալականություն կամ անպատասխանատվություն։ Ընդհակառակը, այն ենթադրում է իշխանության բարոյական պարտավորություն՝ ծառայելու արդարությանը, ճշմարտությանը և հասարակական բարիքին։ Երբ իշխանությունը խախտում է այդ սկզբունքները, Եկեղեցու լռությունը չի կարող մեկնաբանվել որպես հավատարմություն Աստծու կամքին. նման լռությունը վերածվում է հանցակցության:

Կանոնական տեսանկյունից Հայ Առաքելական Եկեղեցին պատմականորեն օժտված է ներքին ինքնիշխանությամբ և բարոյական պատասխանատվությամբ՝ պաշտպանելու հավատացյալ ժողովրդի հոգևոր, ազգային և մարդկային իրավունքները։ Կանոնական իրավունքը երբեք չի պարտադրել հոգևորականին լինել քաղաքական իշխանության կույր ենթական։

Բարոյագիտական հարթությունում իշխանության ընտրովի լինելը չի վերացնում նրա պատասխանատվությունը հասարակության առաջ։ Եկեղեցին, որպես խղճի ինստիտուտ, չի կարող լռությամբ հավանություն տալ հասարակության պառակտմանը, բռնությանը, անարդարությանը կամ հոգևոր արժեզրկմանը։ Նման լռությունը վերածվում է ոչ թե չեզոքության, այլ բարոյական հրաժարման։

Քաղաքագիտական տեսանկյունից անգամ ժամանակակից ժողովրդավարական համակարգերում իշխանությունը լեգիտիմ է այնքան ժամանակ, որքանով այն գործում է իրավական և սահմանադրական շրջանակներում ու սպասարկում է հանրային շահը։ Ժողովրդի կողմից ընտրվելը իշխանությանը տալիս է մանդատ կառավարելու, բայց ոչ իրավունք՝ անտեսելու հասարակական վերահսկողությունը կամ բարոյական քննադատությունը։ Եկեղեցու խոսքն այս համատեքստում քաղաքական միջամտություն չէ, այլ քաղաքացիական և բարոյական վերահսկողության ձև, որը նպաստում է ոչ թե պետականության խաթարմանը, այլ դրա ամրապնդմանը։

Ինչպես ընդգծում է «Իրավունքը», Գևորգ եպիսկոպոս Սարոյանի դիրքորոշումը իրականում չի պաշտպանում պետականությունը, այլ վտանգավոր կերպով նսեմացնում է այն՝ նույնացնելով ժամանակավոր իշխանության հետ։ Պետականությունն ավելի լայն եւ խորքային արժեք է, քան տվյալ պահին իշխող քաղաքական ուժը։ Եկեղեցին ծառայում է ոչ իշխանությանը, այլ Աստծուն եւ ժողովրդին, ու երբ իշխանությունն է ոտնձգում այդ երկուսի դեմ, Եկեղեցու լռությունը դառնում է հանցակցություն։

Հանրային Տրիբունալի եզրակացությունը

Հանրային տրիբունալը, վերլուծելով «Իրավունք» թերթի հրապարակած նյութերը, գալիս է միանշանակ եզրակացության. Հայ Առաքելական Եկեղեցու «բարենորոգման» կարգախոսների քողի տակ իրականացվում է Եկեղեցին ընթացիկ քաղաքական իշխանությանը ենթարկեցնելու և վերջինիս կանոնական, հոգևոր ու ինստիտուցիոնալ ինքնուրույնությունը քայքայելու նպատակաուղղված և համակարգված փորձ:

Վարչական ռեսուրսի օգտագործումը, իրավապահ մարմինների միջոցով ճնշումները, կոմպրոմատները, ինչպես նաև հոգևորականության ուղղակի կամ անուղղակի նյութական խրախուսումը պետության կողմից կոպիտ միջամտություն է մի ոլորտի, որն իր բնույթով պետք է զերծ մնա քաղաքական թելադրանքից։ Նման գործողությունները ոչ միայն հակասում են Սահմանադրությանը և Եկեղեցու ու պետության տարանջատման սկզբունքին, այլև ստեղծում են պետականությունը ժամանակավոր իշխանության շահերով փոխարինելու վտանգավոր նախադեպ:

Իշխանությանը հավատարմությունը որպես «պետական մտածողության» չափանիշ, իսկ դիմադրությունը՝ որպես պետականության դեմ ոտնձգություն ներկայացնելու փորձերը գիտակցված մանիպուլյացիա են։ Պետությունը նույնական չէ կառավարության հետ, իսկ ժողովուրդը ցանկացած, այդ թվում՝ հակազգային և հակահոգևոր որոշումների լեգիտիմացման գործիք չէ:

Հանրային տրիբունալը տեղի ունեցողը գնահատում է որպես սպառնալիք ազգային անվտանգությանը, ազգային միասնությանը և հայ ժողովրդի հոգևոր ինքնիշխանությանը։ Մենք անթույլատրելի ենք համարում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ ճնշումները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարկաբեկումը և հոգևորականությանը իշխանությանը սպասարկող քաղաքական սցենարների մեջ ներքաշելը:

Եկեղեցին պարտավոր չէ ծառայել իշխանությանը։ Նա պարտավոր է ծառայել ճշմարտությանը, Աստծուն և ժողովրդին։ Ցանկացած իշխանություն, որը ոտնձգություն է անում այս առաքելության դեմ, կորցնում է պետականության և ժողովրդավարության հասկացությունների հետևում թաքնվելու բարոյական իրավունքը: Հանրային տրիբունալը հայտարարում է. հասարակության հոգևոր հիմքերի քայքայումը երբեք չի եղել և չի կարող լինել պետության փրկության ուղի: