Հանրաքվե ՝ «իշխանության հայեցողությամբ» գրիֆի ներքո
Նիկոլ Փաշինյանը նախանշել է իր նոր քաղաքական խաղի ուրվագծերը. նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեն նախատեսված է 2027 թվականին կամ գուցե ավելի վաղ՝ հնարավոր է, 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին զուգահեռ: Այս մասին վարչապետն ասել է Կ. Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում պետծառայողների հետ հանդիպման ժամանակ։
Ֆորմալ առումով հիմնավորումը անթերի է թվում․ պետք է քաղաքական ուժերին ժամանակ տալ՝ արտահայտելու իրենց դիրքորոշումը, ապա հաշվի առնել այն ուժի կարծիքը, որը կստանա ձայների մեծամասնությունը։ Խոսքով՝ ժողովրդավարական մոտեցման օրինակ է։ Իրականում ավելի շատ հիշեցնում մանրակրկիտ հաշվարկված սցենար, որտեղ դերերը նախապես բաշխված են, իսկ «անհարմար» դերակատարները հետևողականորեն դուրս են մղվում խաղից։
Հիմնական ազդանշանը Սահմանադրությունից Անկախության հռչակագրին հղումը հանելու մտադրությունն է։ Դրանում կետ կա Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման անհրաժեշտության մասին՝ դրույթ, որը վաղուց փորձաքար է դարձել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում։ Փաշինյանը հայտարարում է՝ ժողովուրդը պետք է որոշի։ «Կողմ» և «դեմ» փաստարկները պարտավոր են ներկայացնել քաղաքական ուժերը։ Համոզիչ է հնչում, եթե չգիտենք համատեքստը:
Պարադոքսն այն է, որ երկրի ապագայի ազատ քննարկման հնարավորությունն ինքնին կասկածի տակ է դրվում՝ ներկայիս իշխանությունների գործողությունների պատճառով։ Բոլորովին վերջերս Ազգային ժողովի ամբիոնից վարչապետը հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի և Սամվել Կարապետյանի գլխավորած ընդդիմադիր ուժերի մասնակցությունն ընտրություններին թույլ չտալու անհրաժեշտության մասին։
Եվ ահա արդեն հայկական քաղաքականությունն ավելի ու ավելի է հիշեցնում փակ ակումբի, որտեղ մուտքը թույլատրվում է միայն հրավերով։ Կանոնները պարզ են․ այս մեկին կարելի է, մյուսին՝ ոչ։ Քոչարյանին՝ ոչ, Կարապետյանին՝ նույնպես ոչ։ Իսկ մաղումն օրինականացնելու համար կիրառվում են փորձված մեթոդներ՝ պիտակներ, ինչպես՝ «ԿԳԲ գործակալ», «արտաքին ուժերին ծառայելու» մեղադրանքներ, վարչական ճնշում։
Հայտարարված սահմանադրական բարեփոխման հետևում ծանոթ տրամաբանություն է նշմարվում․
- Նախ՝ մաքրել դաշտը, այնուհետև՝ իրականացնել ընթացակարգը։
- Վերացնել հիմնական հակառակորդներին՝ հարմար պատրվակներով:
- Ընտրություններում ձևավորել խորհրդարանի «ճիշտ» կազմ։
- Անցկացնել հանրաքվե, որտեղ այլընտրանք այլևս չի լինի՝ ոչ բովանդակությամբ, ոչ ձևաչափով։
Եվ այդ ժամանակ «ժողովրդի կամքի» մասին հայտարարությունը միայն գեղեցիկ փաթեթավորում կդառնա կուլիսներում կայացված որոշման համար։
Մնում է գլխավոր հարցը՝ ո՞վ է այս սխեմայում իսկապես ներկայացնում Հայաստանի շահերը։ Ժողովո՞ւրդը, որին առաջարկում են քվեարկել նախապես պատրաստված սցենարով, թե՞ իշխանությունը, որն սկզբում որոշում է, թե ով է արժանի մասնակցել բանավեճին, իսկ հետո՝ ինչ կարելի է քննարկել։
Ո՞վ է Նիկոլ Փաշինյանին իրավունք տվել հանրության փոխարեն որոշել, թե ով է արժանի մասնակցել ընտրություններին, ով՝ ոչ։ Ժողովրդավարությունն ընտրյալների արտոնությունը չէ։ Եթե հասարակությունն ընդունում է այս կամ այն ուժին, հենց դա է լեգիտիմության գլխավոր չափանիշը։ Ոչ անդրկուլիսային պայմանավորվածությունները, ոչ «ընտրվածների» ցուցակները, ոչ գործող վարչապետի կամայականությունը, այլ՝ ժողովրդի կենդանի արձագանքը:
Հասկանալի է, որ յուրաքանչյուր քաղաքական խումբ ունի իր հավակնությունները։ Հասկանալի է, որ գործող վարչապետի առջև խնդիր է դրված պահել խորհրդարանը, պահպանել ազդեցությունը, մնալ իշխանության ղեկին։ Հասկանալի է նաև, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ամեն ինչի, միայն թե իրական պատասխանատվություն չկրի իր կատարած պետական ծանր հանցագործությունների համար։
Բայց ո՞ւր են այստեղ Հայաստանի շահերը: Ո՞ւր է ժողովրդի ցանկությունները հաշվի առնելը: Ո՞ւր են այն ազգային նպատակները, որոնց համար, թվում է թե, գոյություն ունի Հայաստան պետությունը:
Եթե Փաշինյանը վստահ լիներ իր ուժի վրա, եթե իսկապես հավատար, որ իր ուղեգծին աջակցում է մեծամասնությունը, ապա չէր դիմի բռնաճնշումների, հետապնդումների, ահաբեկումների, ոստիկանական տեռորի և համակարգային ապօրինությունների:
Նրա ներկայիս քայլերը ուժի նշան չեն, այլ՝ թուլության վկայություն։ Դրանք իշխանությունը պահելու հուսահատ փորձեր են, երբ լեգիտիմ մեթոդներն այլևս չեն գործում։
2018 թ․ Փաշինյանը քաղաքականություն մտավ՝ ազատության, արդարության և անցյալի հետ կապը խզելու կարգախոսներով։ Այսօր նա փորձում է ոչ միայն հեծնել այն, այլև՝ տիտանական ջանքեր է գործադրում, որպեսզի իր վրայից գցի իր իշխանության ձախողումների և աղետների պատասխանատվությունը․ իբրև ամեն ինչ փոխվել է, մենք ուրիշ ենք, իսկ բոլոր «սխալների» համար մեղավոր են «նախկինները»։
Ի վերջո, այս բոլոր մանևրներն ու քաղաքական «զտումները» միայն մի բանի մասին են վկայում․ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխող վարչախումբը կորցրել է արդար, մրցակցային պայքարում հաղթելու իր կարողության նկատմամբ վստահությունը: Իշխանությունն ամեն գնով պահելու հուսահատ ցանկությունը՝ խաղից դուրս թողնելով ազդեցիկ ընդդիմախոսներին և դիմելով ռեպրեսիվ մեթոդների, բացահայտում է սեփական ժողովրդի կամարտահայտության հանդեպ վախը։
Ժողովրդավարական պրոցեսների քողի ներքո իշխանության բռնազավթման ներկայացում է խաղացվում։ «Դատարկ քվեաթերթիկի» հետ միայնակ մնալու ձգտումը՝ առանց իրական ընդդիմության, առանց բանավեճի և առանց Հայաստանի շահերը հաշվի առնելու, ընտրությունները վերածում է ֆարսի։ Իրական ժողովրդավարությունը պահանջում է թափանցիկություն և մրցակցություն, մինչդեռ իշխանությունների գործողությունները երկիրը տանում են ավտորիտար կառավարման ճանապարհով, որտեղ ժողովրդի կարծիքը փոխարինվում է անձնական ամբիցիաներով և պատասխանատվության վախով։
Սակայն, ներկայիս իշխանության բոլոր ակնհայտ թուլությունները և երերունությունը հաշվի առնելով՝ չի կարելի անտեսել առանցքային, վտանգավոր փաստը. նրա ձեռքում մնում է ուժային բլոկը։ Այն կառույցները, որոնք պետք է երաշխավորեն օրինականությունն ու անվտանգությունը, այսօր, ըստ էության, «կապված են» ռեժիմի հետ՝ բազմաթիվ հանցագործությունների և ապօրինությունների մեղսակցությամբ։
Իշխանության և ռեպրեսիվ ապարատի այս վտանգավոր տանդեմը անելու է հնարավորն ու անհնարինը մեկ նպատակի համար՝ թույլ չտալ Փաշինյանի մրցակիցների հաղթանակը 2026 թ․ ընտրություններում։ Գործի կդրվի ցանկացած միջոց՝ ընտրակեղծիքներից և վարչական ռեսուրսից մինչև ուղղակի ճնշում և ահաբեկում։
Հենց այստեղ է ծագում ամենակարևոր, գոյաբանական հարցը՝ պատրա՞ստ է արդյոք հազարամյա պետականության պատմություն ունեցող հայ ժողովուրդը հաշտվել դրա հետ։ Պատրա՞ստ է արդյոք թույլ տալ, որ ողբերգական թյուրիմացությամբ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցրած դեղին թերթի նախկին լրագրողը միանձնյա որոշի իր ճակատագիրը։ Պատրա՞ստ է արդյոք ժողովուրդն անտարբեր հետևել, թե ինչպես է այս ռեժիմը հիմնովին քանդում Հայաստան պետությունը և ոտնահարում հայ ժողովրդի ազգային արժեքները: Այս հարցի պատասխանը կորոշի Հայաստանի ապագան։


