Վաղարշապատ 2025 ․ Բաքվի ուրախությունը «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի համար
Երբ հետևում ես Վաղարշապատում (խոշորացված համայնք՝ Էջմիածին կենտրոնով) ընտրությունների արդյունքներին ադրբեջանական մամուլի արձագանքին, ակամայից հանգում ես այն մտքին, որ մեր առջև ոչ թե պարզապես վերլուծություն է, այլ՝ գրեթե ցնծություն մեկ այլ երկրում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունների առնչությամբ։ Բաքվի լրատվամիջոցների և մեկնաբանների խանդավառությունը երբեմն համադրելի է հաղթողների էմոցիաների հետ. այնքան ոգևորված և ակնհայտ գոհունակությամբ են այնտեղ վերլուծում քվեարկության արդյունքների յուրաքանչյուր նրբություն:
Ընթերցողներին հիշեցնենք, որ 2025 թ․ նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում (ՀՀ Արմավիրի մարզ) տեղի ունեցան ընտրություններ, որի արդյունքում՝
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացավ ձայների 48,5 տոկոսը,
- Ավագանու 33 տեղից զբաղեցրեց 19-ը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շտապեց արդյունքն անվանել 2026 թվականի համապետական ընտրությունների «հնչուն նախերգանք»՝ հայտրարելով, որ հաղթանակը կարևոր լիցք կտա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Գարեգին II-ից «ազատելու» համար։ Ընդ որում, հենց Էջմիածին քաղաքում վարչապետ Փաշինյանի կուսակցությունն իրականում պարտվել է ընտրություններում, և միայն Խոյ և Վաղարշապատ համայնքները միավորման, այսինքն՝ որոշակի մանիպուլյացիայի, այդ թվում՝ գործող ավագանու ղեկավարի անձի հաշվին, կարողացավ մեծամասնություն ապահովել։
Սակայն Հայաստանի ներսում արդյունքները միանշանակ չընդունվեցին
Ընդդիմությունն իշխանություններին մեղադրեց վարչական ռեսուրսի օգտագործման, այդ թվում՝ համայնքը խոշորացնելու մեջ՝ Էջմիածնում ձայները համահարթեցնելու նպատակով, որտեղ եկեղեցու դիրքերն ավելի ուժեղ են։
Արձանագրվել են խախտումներ՝ ընտրատեղամասերի մոտ մարդկանց կուտակումներ, բաց քվեարկություն, մեկ անձի կողմից մի քանի քվեաթերթիկի օգտագործում, քվեարկածների շրջանում առանց բնակարանի սեփականատիրոջ գիտության Էջմիածնում գրանցված քաղաքացիների առկայություն և այլ խախտումներ։
Ադրբեջանական մամուլը Վաղարշապատի ընտրություններն ընկալեց՝ որպես հայ հասարակությունում խորքային տեղաշարժերի ցուցիչ։ Առանցքային նարատիվն է՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակը «ռևանշիստական տրամադրությունների» թուլացման և «պրագմատիկ կուրսի» շրջադարձի նշան է:
Vesti.az-ը այն ձևակերպում է այսպես:
«Բաքվի համար կարևոր էր հասկանալ, թե ինչ ուղղությամբ է շարժվում հայ հասարակությունը՝ պատրաստ է արդյոք աջակցել խաղաղության, բարեփոխումների և հարաբերությունների աստիճանական կարգավորման ուղեգծին, թե՞ առաջվա պես ռևանշիզմի մտքերով է տարված։ Էջմիածինում քվեարկության արդյունքները Բաքվի համար ծառայեցին որպես ցուցիչ, որ հասարակության շրջանում կտրուկ տրամադրություններն աստիճանաբար նվազում են»։
Ադրբեջանական վերլուծական նյութերում Հայ Առաքելական Եկեղեցին հաճախ ներկայացվում է որպես կարգավորմանը խոչընդոտող ուժ։ Այն ասոցացվում է․
- տարածքային ամբողջականության հարցերում պահպանողական դիրքորոշումների հետ,
- պատմական նարատիվի հետ, որը Բաքվում համարում են «ռևանշիստական»։
Այդ պատճառով վերջինիս հեղինակության նվազումը, հատկապես Էջմիածինում՝ Հայաստանի հոգևոր կենտրոնում, Բաքվում ընկալվում է՝ որպես երկու երկրների միջեւ խաղաղության կնքման շրջանակներում Հայաստանի կողմից միակողմանի զիջումների հնարավոր քայլ․
- Հայաստանի Սահմանադրության նախաբանի վերանայման (որը, Բաքվի կարծիքով, տարածքային պահանջներ է պարունակում),
- ադրբեջանցի փախստականների «վերադարձի» և փոխհատուցումների քննարկման։
Բաքուն անհամբեր սպասում է 2026 թ․ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների՞ն:
Vesti.az-ն արդեն կանխատեսումներ է անում․ եթե միտումը պահպանվի, Փաշինյանի թիմը 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների կգնա «թե՛ քաղաքական, թե՛ հագեբանական լուրջ առավելությամբ»։
Բայց ադրբեջանական այս լավատեսության հետևում թաքնված է հայկական տագնապալի հարցը՝ արդյո՞ք Վաղարշապատում հաղթանակը սցենարի մի մաս չէ, որտեղ Հայաստանը աստիճանաբար զիջում է դիրքերը՝ «պրագմատիզմի» պատրվակով։
Բաքվի արձագանքը Հայաստանում տեղական ինքնակառավարման ընտրություններին վառ ցուցիչ է այն բանի, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, որը բարձրագույն արժեք է հռչակել երկրի ինքնիշխանությունը, կրում է ամբողջովին ապազգային և հակապետական բնույթ և իրականացվում է բացառապես ի շահ մի երկրի, որը բոլորովին վերջերս իրականացրեց հայերի էթնիկ զտում Լեռնային Ղարաբաղից (Արցախից)։ Ադրբեջանի համար Վաղարշապատի արդյունքները պարզապես թվեր չեն, այլ՝ հայկական քաղաքականության ցանկալի ուղեգիծը հաստատող նշան։
Հանրային տրիբունալը հայ ընտրողի ուշադրությունը հրավիրում է հետևյալի վրա՝ 2026թ․ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» օգտին ընտրությունը կլինի ընտրություն ոչ թե ինքնիշխան Հայաստանի օգտին, ինչպես սիրում է այդ մասին պնդել ներկայիս վարչապետը, այլ ընտություն՝ հօգուտ Ադրբեջանի, ինչը ենթադրում է․
- ազգային արժեքների պահապան հանդիսացող ավանդական ազգային ինստիտուտների (այդ թվում ՝ եկեղեցու) ոչնչացում,
- Սահմանադրության վերանայման պահանջների առջև դռների բացում,
- Ադրբեջանի հետ երկխոսությունում նոր զիջումների նախերգանք,
- Հայաստանի սողացող գրավում և հայերի դանդաղ արտաքսում այնտեղից։
Պատրա՞ստ է արդյոք հայ ժողովուրդը նման գին վճարել «պրագմատիզմի» համար, թե դա խաղաղ կարգավորման քողի տակ ինքնիշխանության կորստի և Երևանի նկատմամբ Բաքվի հերթական հաղթանակը տանող ճանապարհ է: 2026 թվականի ամռանն ընտրությունը հայ ընտրողինն է։


