Տիգրան Աբրահամյան․ Պատերազմի ընթացքում զորամասերը բառիս բուն իմաստով կազմաքանդել են

,

11.11.2025 թ․ «Анив Армения» տելեգրամյան ալիքը մեջբերում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի խոսքերը․

«Պատերազմի ընթացքում զորամասերը բառիս բուն իմաստով կազմաքանդել են․ մի գումարտակ հարավ են ուղարկել, մյուս գումարտակը՝ հյուսիս, բրիգադի ՀՕՊ-ը՝ կենտրոնական ուղղություն, հակատանկային մարտկոցը՝ լրիվ այլ: Ու այդպես շարունակ:

Բրիգադը, որպես զորային կարևոր օղակ, իր մարտունակությունն ապահովում է կառուցվածքին հատուկ ստորաբաժանումների ձևավորման և առկայության պայմաններում՝ ՀՕՊ խնդիրների ապահովումից մինչև հետախուզություն:

Երբ դրա տարբեր օղակներ չեն գործում, այլընտրանքով էլ չեն ապահովում, բրիգադի խնդիրը կատարելու հնարավորությունը կտրուկ նվազում է:

44-օրյա ողջ ընթացքում, ոչ միայն ռեզերվայինի կարգավիճակ ունեցող զորամիավորումներն իրենց ողջ կազմով մարտի մեջ մտնելու հնարավորություն չեն ունեցել, դրա առանձին զորամասեր էլ, տարբեր որոշումներով, մասնատվել են և ցրվել են ճակատի տարբեր ուղղություններով:

Մի պատերազմի ընթացքում 3-4 պատերազմ պարտվելու տապալումներ են եղել, որի գլխավոր պատասխանատունները ոչ միայն ազատության մեջ են, դեռ մի բան էլ հոխորտում են, տարօրինակ ինքնավստահություն դրսևորում»: