Параллель Z. Ինչպես Փաշինյանը հետևողականորեն տապալեց բանակցային գործընթացը
08.11.2025. թ․ «Параллель Z» տելեգրամյան ալիքը գրում է․
«Ադրբեջանական İTV հեռուստաալիքով ցուցադրվել է «Təmas Xətti» («Կոնտակտային գիծ») հաղորդման նոր թողարկումը, որում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մանրամասն պատմել է 44-օրյա պատերազմից առաջ և դրա ընթացքում տեղի ունեցած հիմնական դրվագների, գաղտնի դիվանագիտական բանակցությունների և կարևոր մանրամասների մասին։
«Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը 2018 թվականին որոշակի հույսեր էր առաջացրել։ Նա նոր մարդ էր, նախկին իշխանական թիմի անդամ չէր։ Ի տարբերություն նախկին «ռազմական հանցագործների», նա այն անձը չէր, ով ադրբեջանցիների արյուն էր թափել։ 2018 թվականի մայիսին Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, իսկ սեպտեմբերի 28-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ԱՊՀ պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցավ նրա առաջին հանդիպումը Իլհամ Ալիևի հետ։
Այդ հանդիպման ընթացքում Իլհամ Ալիևը, դիմելով Փաշինյանին, ասել է․ «Մենք պետք է լուծենք այս հարցը։ Սա անվերջ չի կարող շարունակվել։ Մենք դա չենք ընդունի։ Ադրբեջանի «օկուպացված» տարածքները պետք է «ազատագրվեն»»։
Նիկոլ Փաշինյանի հետ ձեռք էր բերվել համաձայնություն երկու երկրների միջև «թեժ գծի» (օպերատիվ կապ) ստեղծման մասին։ Հայկական կողմից նշանակվել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ադրբեջանական կողմից՝ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Օրհան Սուլթանովը։ Այսպես 2018 թվականին ձևավորվեց «թեժ գիծը»։ Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, ընդունում էր, որ դա ամենակայուն և ամենախաղաղ ժամանակաշրջանն էր սահմանին։ Դա որոշակի հույս էր ներշնչում։
2019 թվականի մարտի 29-ին Վիեննայում կայացավ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հերթական հանդիպումը՝ առաջին հանդիպումից մոտ վեց ամիս անց։ Այդ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը փոխեց իր դիրքորոշումն ու խոսելաոճը՝ բացահայտ հայտարարելով, որ ինքը չի կարող և չի պատրաստվում լուծել այդ հարցը։ Նա նույնիսկ այսպիսի բացատրություն տվեց․ «Եթե ես դա անեմ, ինձ կսպանեն»։ Եվ նա Ալիևին հռետորական հարց տվեց․ «Դուք ուզո՞ւմ եք, որ ինձ սպանեն»։ Ալիևը պատասխանել էր, որ ինքը ոչ ոքի մահ չի ցանկանում, սակայն դա չի նշանակում, թե ադրբեջանական հողերը կարող են մնալ օկուպացված։
2018–2020 թվականներին պատրաստվել էր Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից իրականացված սադրանքներին վերաբերող բավականին ծավալուն փաստաթուղթ։ Եվ ինչպես նախապատերազմական շրջանում, այնպես էլ պատերազմի օրերին այդ փաստաթուղթը ներկայացվել էր օտարերկրյա դիվանագետներին և գործընկերներին։ Վիեննայի հանդիպումից (մարտի 29) անմիջապես հետո՝ մարտի 30-ին, այն ժամանակվա Հայաստանի պաշտպանության նախարար Տոնոյանը, ԱՄՆ-ում հանդիպելով հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ, օգտագործեց հայտնի արտահայտությունը՝ «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ»։
2019 թվականի օգոստոսի 5-ին Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հանդես եկավ հայտարարությամբ՝ շրջանառության մեջ դնելով «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը։
Օգոստոսի 6-ից 17-ը Ղարաբաղում առաջին անգամ պատմության մեջ անցկացվեցին համահայկական խաղեր, որոնց բացմանը և մի շարք միջոցառումներին մասնակցեց նաև վարչապետը։ 2020 թվականի հուլիսի 10-ին հրապարակվեց Հայաստանի ազգային անվտանգության նոր հայեցակարգը, որտեղ արձանագրված էր, որ Ղարաբաղյան առաջին պատերազմի արդյունքները համարվում են Հայաստանի ազգային անվտանգության բաղկացուցիչ մասը։ Դրանից կարճ ժամանակ անց՝ հուլիսի 12–16-ը, տեղի ունեցան «սադրանքներ» Տավուշի ուղղությամբ։ Դրանցից անմիջապես հետո ցուցադրաբար պարգևատրվեցին այդ «սադրանքին» մասնակցած զինծառայողները, այդ թվում՝ նրանք, ովքեր առնչություն ունեին գեներալ Փոլադ Հաշիմովի «սպանության» հետ»։
Հուլիսի 23-ին Հայաստանի վարչապետը բանակցային գործընթացում առաջ քաշեց յոթ լրացուցիչ պայման, որոնք բոլորն անընդունելի էին։ Դրանցից մեկը հետևյալն էր՝ եթե Ադրբեջանը ցանկանում է քննարկել այս թեման, ապա պետք է բանակցի ոչ թե Հայաստանի, այլ, այսպես կոչված, «Արցախի Հանրապետության» հետ։ Դա նշանակում էր երկարամյա բանակցային գործընթացի փլուզում»:
© Քաղաքագետ Արա Պողոսյան
«Մինչդեռ Փաշինյանն ակտիվորեն քանդում էր բանակի հրամանատարական համակարգը, վեճերի մեջ էր ՀԱՊԿ-ի հետ, մերժեց համատեղ զորավարժությունները, որոնք առաջարկվել էին երեք անգամ, իսկ Մոսկվան համաձայնել էր վճարել ամբողջ զորախմբի տեղափոխությունը։ Ադրբեջանը բացահայտ կերպով պատրաստում էր հարվածային զորախումբ։ Փաշինյանին զգուշացրել էին։ Բայց նա զբաղված էր պատերազմի սադրանքով։ Համոզմունք առաջացավ, որ փոխհրաձգությունների սադրանքները եղել են ինչպես Փաշինյանի, այնպես էլ՝ Ալիևի հրահանգով։ Նրանք արդեն դավադրության մեջ էին»։


