Խաղաղության օրակարգի ձախողում. Հայաստանի ընդդիմադիրները՝ Նյու Յորքում Փաշինյանի հայտարարությունների մասին

Никол Пашинян выступает с трибуны ООН

28.09.2025. Sputnik Armenia-ն գրում է.:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հաստատեց, որ խաղաղության գործընթացը փակուղի է մտել, իսկ «վաշինգտոնյան պայմանավորվածությունները» փաստացի ձախողվել են։ Նման եզրակացության են եկել ընդդիմադիր քաղաքական գործիչները՝ վերլուծելով Հայաստանի վարչապետի հայտարարությունները:

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ Փաշինյանը խուսափեց նման միջազգային բարձր հարթակից ուղղակի ձևակերպումներից: Մասնավորապես, նա խուսափեց օգտագործել «գերի» բառը՝ նախընտրելով «երկարամյա կոնֆլիկտի բերումով անազատության մեջ հայտնված անձինք» անորոշ արտահայտությունը։

«Սա վկայում է, որ Հայաստանի ղեկավարին արգելված է անգամ բարձրաձայնել այն փաստը, որ Ադրբեջանը դեռևս պահում է հայ ռազմագերիների։ Այս բառախաղերով Փաշինյանը մեղմացնում է իրականությունը և ծառայում Ադրբեջանի շահերին»,- գրել է Սաղաթելյանը սոցցանցի իր էջում:

Ընդդիմադիր գործիչը նաև մատնանշել է Փաշինյանի մեկ այլ հայտարարությունը՝ կապված Ալիևի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» արտահայտության հետ: ՀՀ վարչապետը հայտարարել է, որ հայաստանյան իրականության մեջ դա ընկալվում է որպես տարածքային պահանջ ՀՀ–ի նկատմամբ և կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում:

Սաղաթելյանի խոսքով՝ Փաշինյանը փաստացի հաստատել է, որ ադրբեջանական կողմը ոչ միայն մտադիր չի պահպանել նախկին պայմանավորվածությունները, այլև շարունակում է ցուցադրաբար անտեսել դրանք։

Ավելին, Հայաստանի վարչապետը խոստովանում է, որ Ալիևը բացահայտում է իր իսկ ստորագրած փաստաթղթերի սնանկությունը։ Սա նրա երկրորդ հրապարակային խոստովանությունն է։ Առաջինը եղավ ՇՀԿ գագաթաժողովում, երբ ստիպված էր ընդունել, որ Ադրբեջանի նախագահի խոսույթը չի տեղավորվում Վաշինգտոնում «համաձայնեցված տրամաբանության» մեջ։

Մինչ Հայաստանի վարչապետը խոսում էր «հաստատված խաղաղության» մասին, նույն ամբիոնից Ադրբեջանի նախագահը կրկին խոսեց Հայաստանի «ագրեսիայից» և «օկուպացիայից», Հայաստանի ղեկավարներին անվանեց «պատերազմական հանցագործներ» և շեշտեց, որ Հայաստանի հետ պայմանագրի բոլոր կետերի հեղինակն Ադրբեջանն է։

Միաժամանակ, Հայաստանի խորհրդարանի նախկին փոխնախագահ և ՀՀԿ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը նույնպես նշել է, որ Փաշինյանի ելույթը ցույց տվեց խաղաղության օրակարգի ձախողումը։

«Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանության»,- գրել է Շարմազանովը:

Ընդդիմադիր գործիչը նշել է Հայաստանի վարչապետի ելույթում առկա բազմաթիվ հակասությունները:

Ելույթուն խոսք անգամ չկար Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի 240 քառ.կմ օկուպացիայի մասին։ Չկար պահանջ Բաքվի բանտերում ապօրինաբար գտնվող հայորդիների անհապաղ ազատման վերաբերյալ։

Վարչապետը հայտարարել է, թե «խաղաղություն է հաստատված»: Սակայն անմիջապես դրանից հետո նույն Փաշինյանն է արձանագրում, որ «խաղաղությունն իր հետ բերում է հարցեր ու շարունակաբար հարցեր»։Քանի՞ կոպեկ արժե այն «խաղաղությունը», որը նորանոր հարցեր է բերում:

Շարմազանովն ընդգծել է, որ հենց Փաշինյանն է արձանագրում, որ Ալիեւը շարունակում է օգտագործել «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։ Ավելին, հենց Փաշինյանն է նշում,որ Ալիեւի նման խոսույթը «ընկալվում է որպես տարածքային պահանջ ՀՀ-ից» ու «կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում»։

«Եթե «կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում», էլ ի՞նչ խաղաղության մասին ես խոսում»,- հարց է տալիս քաղաքական գործիչը:

Նա նաև զարմացած է վարչապետի այն հայտարարությունից, որ խաղաղությունն իրեն բավարար բերկրանք է պատճառում։ «Ո՞րն է բերկրանքիդ պատճառը, Նիկոլ՝ Արցախի հանձնումն ու կորուստը, հազարավոր զոհերը, Բաքվի բանտերում մեր եղբայրների պատանդ լինելը, թե՞ ՀՀ տարածքի օկուպացիան»,- գրել է Շարմազանովը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի առաջնորդները ստորագրեցին հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ համատեղ հռչակագիր: Փաստաթղթի համաձայն՝ Հայաստանը Միացյալ Նահանգներին կտրամադրի 99 տարի ժամկետով բացառիկ երկարաժամկետ իրավունքներ՝ զարգացնելու 741 երթուղին (գործելու է հայկական օրենսդրության համաձայն), որի միջոցով Ադրբեջանն ակնկալում է ցամաքային կապ հաստատել Նախիջևանի հետ: Ամերիկյան կողմը մտադիր է հողը ենթավարձակալության հանձնել ենթակառուցվածքի և կառավարման համար պատասխանատու կոնսորցիումին: Երկու երկրների ԱԳՆ ղեկավարները նաև ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմում են ստորագրել: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նաև նախաստորագրել, իսկ ավելի ուշ հրապարակել են ապագա խաղաղության համաձայնագրի տեքստը։