ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ. 5 ՏԱՐԻ ԲԱՑԱՐՁԱԿ ՍՈՒՏ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ

,

27.09.2025. «Գոլոս Արմենիի» թերթը գրում է.

44-օրյա պատերազմը սկսվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին։ Առավոտյան Ժամը 7:10-ին առաջին հաղորդագրությունը ստացվեց Արցախի Հանրապետությունից։ Հինգ տարի շարունակ իշխող ռեժիմը չկարողացավ պատասխանել պատերազմի ընթացքում առաջացած հարցերի մեծ մասին, որոնք բազմիցս ուղղվել են Փաշինյանին պարտությունից և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։ Դրանցից առաջինին «գերագույն գլխավոր հրամանատարից» երկու փոխբացառող պատասխան էր ստացվել:

2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԲԱՌԱՑԻՈՐԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԵՑ. «Պատերազմը ընդդեմ Արցախի մեկնարկեց մեզ համար ոչ անսպասելի կերպով։ Մենք գիտեինք և սպասում էինք։ Հարցն այն էր՝ որ ժամին և որտեղից կհարձակվի թշնամին»։ Պատերազմից հետո, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, Փաշինյանը, մասնավորապես, նշեց. «ՀՀ համապատասխան ինստիտուտները մինչեւ 2020 թ.-ի սեպտեմբերի 25-ը ներառյալ պատերազմի վերսկսումը համարել են քիչ հավանական ինձ տված զեկույցներում»: Հարցը բաց է մնում՝ գիտեր Փաշինյանն ագրեսիայի սկսման մասին, թե՞ ոչ։

Ինչո՞ւ դեռևս օգոստոսին «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, ԱՄՆ-ում ՀՀ ապագա դեսպան Լիլիթ Մակունցն ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց, որ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիայի դեպքում Թուրքիան չի միջամտի։ Որտեղի՞ց նման վստահություն, միթե՞ ՀՀ «համապատասխան ինստիտուտներից», որոնք արդեն 2020 թվականին ղեկավարում էին Փաշինյանի նշանակած անձինք։ Անկարան անմիջապես աջակցեց Ադրբեջանի ագրեսիային։ Թուրք հրահանգիչների կողմից վարձկանների հավաքագրման և Սիրիայից Ադրբեջան տեղափոխման մասին բազմիցս է գրվել։ Պատերազմի մեր տարեգրության մեջ բազմիցս նշել ենք ահաբեկչական խմբավորումների անունները, որոնց զինյալները կռվում էին Արցախում, ուստի չենք կրկնվի՝ վերադառնանք հարցերին։

Ինչո՞ւ Փաշինյանի` Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցը, որում նա խոստացավ բացահայտել այնպիսի տեղեկություններ, որոնք կպայթեցնեն Ադրբեջանը ներսից, այդպես էլ չհասավ հայկական լսարանին։ Ինչո՞ւ Ադրբեջանի ագրեսիան չեղարկեց հարցազրույցի հեռարձակումը։

Մինչև հիմա բաց է մնում հարցը՝ ինչո՞ւ Փաշինյանը դադարեցրեց առաջնագծում զորքերի համալրումը մարտական գործողոթւյունների երրորդ օրը, երբ արդեն խրամատներում սպասում էին օժանդակ ուժերի։ Այդ մասին բազմիցս հայտարարել է Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Մովսես Հակոբյանը: Նա հանցավոր է որակել այդ որոշումը:

2020 թվականի սեպտեմբերի 28-ին Արցախի ՊՆ-ն հրապարակեց ագրեսիայի հենց սկզբում զոհված 28 զինվորի անունները, զոհվածների ամբողջական ցուցակը դեռևս հրապարակված չէ։ Սեպտեմբերի 28-ին Ալիևի հրամանագրով հայտարարվեց մասնակի զորահավաք: Քարոզչական նպատակներով ադրբեջանական լրատվամիջոցները ցուցադրեցին ոչնչացված ՕՍԱ-ԱԿ համալիրներ, հայկական կողմը՝ խոցված անօդաչու թռչող սարքեր և այրվող տանկեր։ Սեպտեմբերի 28-ի երեկոյան ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց Մատաղիս-Թալիշ հատվածում ադրբեջանական բանակի լայնածավալ հարձակման մասին և նաև ասաց, որ Արցախի Պաշտպանության բանակը ոչնչացրել է 22 տանկ և ավելի քան 10 այլ զրահատեխնիկա։ Նա նաև տեղեկացրեց թշնամու ավելի քան 370 զոհի մասին։

Այստեղից հարց է առաջանում՝ եթե հաջողություններն այդքան ակնհայտ էին, ինչու՞ ագրեսիայի չորրորդ օրը Գլխավոր շտաբի պետ, գեներալ Օնիկ Գասպարյանն Անվտանգության խորհրդի նիստում հանդես եկավ մարտական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտության վերաբերյալ զեկույցով՝ բազմաթիվ հայկական կյանքներ և ռազմական տեխնիկա փրկելու նպատակով: Գասպարյանն ասաց, որ ժամանակն է անցնել խնդիրների դիվանագիտական լուծմանը: Պատերազմից հետո Գլխավոր շտաբի պետի այս զեկույցին հղումները որևէ առարկություն չառաջացրին. լրատվամիջոցները բազմիցս անդրադարձան դրան։ 2021 թվականի փետրվարի 25-ից հետո, երբ հրապարակվեց Գլխավոր շտաբի 40 գեներալների կողմից ստորագրված հայտնի հայտարարությունը, որով պահանջվում էր Փաշինյանի հրաժարականը, Գասպարյանի ելույթը կեղծ հայտարարվեց:

Որպես ապացույց, որ նման ելույթ չի եղել՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հրապարակեց վերոնշյալ հանդիպման տեսագրությունը, որ չէր ներառում Գասպարյանի զեկույցը։ 44-օրյա պատերազմի ժամանակ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն իր հերթին ոչ միայն հաստատեց Գասպարյանի ելույթի փաստը, այլև ասաց, որ Անվտանգության խորհրդի նիստում այդ ելույթը Գլխավոր շտաբի պետը նախապես համաձայնեցրել է իր հետ: Հարց՝ ինչո՞ւ Փաշինյանը հանձնարարեց մոնտաժել Անվտանգության խորհրդի այդ նիստի տեսագրությունը, եթե ինքն էլ խոստովանել էր, որ կարող էր փրկել հազարավոր հայ զինվորների կյանքերը, բայց դա չարեց, որպեսզի իրեն դավաճան չհամարեն։

Պատերազմի առաջին ժամերին Փաշինյանը Ֆեյսբուքում ժողովրդին ուղղված ուղերձ հրապարակեց, որում կոչ էր անում կասկածի տակ չդնել իր՝ «գերագույն գլխավոր հրամանատարի» հմտություններն ու կարողությունները, այստեղից հարց է առաջանում՝ որտե՞ղ դրսևորվեցին այդ հմտությունները։ Ինչո՞ւ մինչ հիմա Լելե Թեփեի բարձունքի գրոհը սպիտակ բիծ է մնում 44-օրյա տարեգրության մեջ։ Խորհրդարանի ամբիոնից նա հայտարարեց, որ ինքը միայն մոդերատոր է եղել, իսկ գրոհելու որոշումը կայացրել են գեներալներ: Անուններ չի նշել: Լրատվամիջոցները երկար ժամանակ գրում էին, որ գրոհելու գաղափարը պատկանում էր Փաշինյանին, ով ցանկանում էր ցույց տալ, որ Սերժ Սարգսյանն 2016 թվականի ապրիլյան 4-օրյա պատերազմի ժամանակ չպայքարեց Լելե Թեփեի համար, իսկ ինքը կարողացավ: Բարձրունքը Հայաստանի զինված ուժերի վերահսկողության տակ մնաց մեկ ժամից ոչ ավել, սակայն գրոհի ընթացքում զոհվածների թիվը հարյուրների է հասնում: Նշվում է հայկական կողմից 600-ից 700 զոհի մասին, հատկանշական է, որ ռազմական գործողություններին մասնակցած զինծառայողների նկատմամբ մի շարք դատավարությունների ժամանակ բարձունքը ներկայացված է այլ անվամբ։ Ինչո՞ւ։

ԻՆՉՈ՞Ւ «ԳԵՐԱԳՈՒՅՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ», ՈՎ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԷՐ ՏԱՐՎԱ ՄԵԾ ՄԱՍԸ ՁՅՈՒՆՈՎ ԾԱԾԿՎԱԾ ԼԵՌՆԱՅԻՆ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԴԻՐՔԵՐԻ ԱՆՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ հանկարծ այդպիսի եռանդ ցուցաբերեց՝ գրոհելու մի բարձունքի վրա, որը, մի շարք փորձառու զինվորականների կարծիքով, ռազմավարական կարևոր նշանակություն չուներ։

Խորհրդարանի ամբիոնից պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի ձերբակալության պատճառների մասին՝ Փաշինյանը հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի ընթացքում հրամանատարները կատարել են ոչ թե իր, այլ՝ «մեկ այլ Գլխավոր շտաբի հրամանները» (նկատի ունենալով Ռուսաստանի գլխավոր շտաբը): Գեներալ Արզումանյանին և այդ պաշտոնում նրան նախորդող հրամանատար, գեներալ Ջալալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել մարտական գործողությունների ընթացքում ծառայողական անփութության համար: Որտե՞ղ է թեկուզ մեկ մեղադրանք, որ հրամանատարներից որևէ մեկը 44-օրյա պատերազմի ընթացքում կատարել է «մեկ այլ Գլխավոր շտաբի» հրաման: Ինչո՞ւ վերջին 5 տարվա ընթացքում հրամանատարների դեմ առաջադրված մեղադրանքների մեջ որևէ հիշատակում չկա «մեկ այլ Գլխավոր շտաբի» հրամաններ կատարելու մասին։

Բազմաթիվ հարցեր կան՝ կապված արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ Փաշինյանի հանդիպման օրակարգի հետ կապված: Հանդիպումը տեղի ունեցավ անմիջապես այն բանից հետո, երբ նա մերժեց Պուտինի հոկտեմբերի 19-ի առաջարկը։ Խոսքը վերաբերում էր ռազմական գործողությունների դադարեցմանը՝ հայկական ԶՈւ վերահսկողության տակ Շուշիի և Հադրութի պահպանմամբ: Հանդիպման ընթացքում Փաշինյանը ներկայացրել է առաջնագծում տիրող իրական իրավիճակը, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մի նամակ, որում խոսվում էր 5+2 շրջանների հանձնման մասին։ Փաշինյանը խնդրել է ներկաներին չբացահայտել նամակի բովանդակությունը, քանի որ դա կարող է վնասել Հայաստանի շահերին։ Ավելի ուշ լրատվամիջոցներում հրապարակումներ հայտնվեցին, որոնք վկայում էին, որ Հարությունյանից նման նամակ չի եղել: Արցախում քննարկվել է ինչ-որ փաստաթուղթ՝ գործող նախագահի և բոլոր նախկին նախագահների ստորագրությամբ, սակայն արդյունքում այդ փաստաթուղթն այդպես էլ չի հրապարակվել։ Թե ինչու էր իշխող վերնախավի ղեկավարին անհրաժեշտ հղում կատարել հորինված փաստաթղթին, պատասխանն ակնհայտ է. նա ցանկանում էր պարտության մեղքը բարդել երկրորդ հայկական հանրապետության ղեկավարության վրա...

44-օրյա պատերազմի շատ իրադարձություններ տեղի են ունեցել փակ դռների ետևում, ուստի մի շարք հարցեր դեռևս ենթակա չեն հրապարակման՝ սկզբնաղբյուրին հղման բացակայության պատճառով: Ինչ վերաբերում է հրապարակված տեղեկատվությանը, Հանրային հեռուստատեսության եթերում Փաշինյանն աղմկահարույց պատմություն էր ներկայացրել այն մասին, թե ինչպես հակառակորդի գրոհի ժամանակ մի պահեստապահ հրաժարվել է զինամթերք տրամադրել, և զինվորներն ստիպված են եղել ուժով գրավել պահեստը։ Տարիներ շարունակ պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարցումներ է ուղարկել բոլոր ատյաններին՝ պարզելու, թե ինչ պատիժ է կրել այդ պահեստապահը բացահայտ սաբոտաժի համար։ Ամենուր նրան պատասխանել են, որ 44-օրյա պատերազմի դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործերում նման դրվագ գոյություն չունի։ Ինչո՞ւ է Փաշինյանը ստել։

ՀԻՆԳ ՏԱՐԻ ՇԱՐՈՒՆԱԿ ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ՀԱՍԿԱՆԱԼ ԲԱՑԱՀԱՅՏ ՍՏԵՐԸ, ՈՐՈՆՔ ՓԱՇԻՆՅԱՆԸ, ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՈՔ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ ՄԵԶ հայտնի իրադարձությունների վերաբերյալ: Ցավոք, տարիների ընթացքում ստերի առաջին շերտին ավելացել է երկրորդը, ապա երրորդը, և այսպես անվերջ՝ ընդհուպ Աննա Հակոբյանի կողմից Ալիևի 11,000 հայ դասալիքի մասին ստի վերապատմումը: Հարց է առաջանում. եթե սա ճիշտ է, ապա որտե՞ղ է 11 հազար քրեական գործը, չէ՞ որ պատերազմի ժամանակ դասալքությունը լուրջ հանցագործություն է։

«Իմ կինը կռվում է»,- 44-օրյա պատերազմի թեժ պահին խորհրդարանի ամբիոնից բղավում էր Փաշինյանը։ Մինչև հիմա ոչ ոք չի կարողանում ճշգրիտ նշել, թե Աննա Հակոբյանի հրամանատարությամբ որտեղ է կռվել «Էրատո» ջոկատը։ Փաշինյանը մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ հայտարարեց, որ որոշում է կայացվել, որ իր կինը այցելի Ստեփանակերտի հրամանատարական կետ, որտեղից ղեկավարվում են ռազմական գործողությունները, սակայն նա չի մանրամասնել, թե ով է մասնակցել այդ որոշման կայացմանը: Միայն ասել է, որ Հակոբյանը հրամանատարական կետ է այցելել զինվորականների «մարտական ոգին բարձրացնելու» համար։ Հիշեցնենք, որ նրա այցից հետո ռազմական գործողությունների հրամանատարությունից հեռացվել է գեներալ Հակոբյանը: Նա համարձակվել էր հիշեցնել Նիկոլի կնոջը, որ կողմնակի անձանց արգելվում է ներկա գտնվել հրամանատարական կետում։ Հակոբյանը միակ փորձառու գեներալը չէր, որը 44-օրյա պատերազմի ժամանակ հեռացվեց մարտական գործողությունների ղեկավարումից։ Ինչո՞ւ:

44-օրյա պատերազմը մինչ օրս համարում են «պայմանավորված». չափազանց շատ են փաստարկները, որ Փաշինյանը փորձում էր հանձնել Արցախը, բայց ռուսական զորակազմի տեղակայումը խանգարեց նրան անմիջապես անել դա։ Այս վարկածի օգտին է վկայում այն փաստը, որ պատերազմից կարճ ժամանակ առաջ Սերժ Սարգսյանի կողմից հաստատված Պաշտպանության նախարարության զենքի ձեռքբերման ծրագիրը փոխարինվեց։ Սա վարչապետի պաշտոնում Փաշինյանի կայացրած առաջին որոշումներից մեկն էր։

Փաշինյանի կողմից փոխարինված և 44-օրյա պատերազմի ընթացքում երբեք չկրակված զենքերի ցանկը բազմիցս հրապարակվել է լրատվամիջոցների, այդ թվում՝ «Գոլոս»-ի կողմից։ Անպատասխան հարցերի ցանկը շատ ավելի լայն է, քան հրապարակման մեջ նշվածը։ 2020 թվականի աշնան 44 օրերի մասին հինգ տարվա բացահայտ սուտը կարող է վերածվել տասնամյակների, եթե ժողովուրդը չաջակցի իմպիչմենտի գործընթացին՝ ռեժիմի քաղաքականության դեմ խաղաղ փողոցային բողոքի ցույցերով։

Եթե Փաշինյանի կուսակցությունը չկարողանա ապահովել սահմանադրական մեծամասնություն 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում, ապա ընտրություններից անմիջապես հետո կհրապարակվեն 44-օրյա պատերազմի ակնհայտ փաստերը՝ որևէ կասկած չթողնելով «գերագույն գլխավոր հրամանատարի» իրական մտադրությունների վերաբերյալ։

Դրա համար ամեն ինչ կա՝ հրամանների ձայնագրություններից մինչև վկաներ։ Ճշմարտությունը կբացահայտվի, հենց որ Փաշինյանը դադարի վարչապետ լինել։ Քաղաքական ճնշումներից անկախ դատարանը կպատասխանի հարցին՝ արդյո՞ք պարտության հիմնական պատասխանատուն գլխավոր մեղավորն է։