Հայաստանին հիմա ագրեսոր են համարում Ալիևը, Էրդողան և Նիկոլ Փաշինյանը
23.09.2025թ. քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն իր տելեգրամյան ալիքում գրել է.
«Ո՞վ և ի՞նչ իրավական ակտով էր Տեր-Պետրոսյանին թույլ տվել Ալմա Աթայի հռչակագրի ընդունումից և վավերացումից հետո ՀՀ 18 տարեկան զինվորներին տեղակայել ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի տրամաբանության համաձայն, եթե հայ զինվորները գտնվում էին Հայաստանի սահմաններից դուրս, ապա նրանք գտնվում էին մեկ այլ պետության տարածքում: Փաշինյանն այդ պետությունը համարում է ոչ թե Արցախը, որտեղ նա իր որդուն ուղարկել է ծառայելու, այլ՝ Ադրբեջանը։ Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, Հայաստանին պիտակավորում է՝ որպես ագրեսոր և օկուպանտ:
Կարևոր է նշել, որ 1991 թվականի դեկտեմբերի 8-ից հետո, երբ ստորագրվեց Ալմա Աթայի հռչակագիրը, Հայաստանն անդամակցել է բազմաթիվ միջազգային կազմակերպությունների՝ ԱՊՀ (1991), ՄԱԿ (1992), ԵԱՀԿ (1992), ՀԱՊԿ (1992), Եվրոպայի խորհուրդ (2001), ԱՀԿ (2003), ԵԱՏՄ (2015): Այս կազմակերպություններից ոչ մեկը չմերժեց Հայաստանի անդամակցությունը՝ այն հիմքով, որ այն «ագրեսոր» կամ «օկուպանտ» է:
Ինչ վերաբերում է այն բանին, թե արդյո՞ք որևէ մեկը պատժամիջոցներ կիրառել է Հայաստանի դեմ «Արցախի օկուպացիայի» համար, կարելի է ասել, որ այո, և հենց Թուրքիան ու Ադրբեջանն էին, որոնք փակեցին իրենց սահմանները Հայաստանի համար։ Այս շրջափակումը համեմատելի է պատժամիջոցների հետ:
Սակայն, աշխարհում ոչ ոք Հայաստանը չի ճանաչել՝ որպես ագրեսոր։ Նման ճանաչում տեղի ունեցավ միայն 2025 թվականի սեպտեմբերի 23-ին, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 18-ամյա հայ զինվորները գտնվել են մեկ այլ երկրի տարածքում՝ նկատի ունենալով Ադրբեջանին:
Այսպիսով՝ Հայաստանն այժմ ագրեսոր է համարվում Ալիևի, Էրդողանի և հենց Նիկոլ Փաշինյանի կողմից։


