Ален Симонян

Ալեն Ռոբերտի Սիմոնյան

Կենսագրություն

Ալեն Սիմոնյանը ծնվել է 1980թ. հունվարի 5-ին Երևանում: Ավարտել է Երևանի Ձերժինսկու անվան թիվ 20 միջնակարգ դպրոցը։ 2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 2008թ. մասնակցել է «European Education & Research Center»-ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին: 2013-2015 թվականներին սովորել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում։ 2000-2002 թթ․ ծառայել է Հայաստանի զինված ուժերում, ունի սերժանտի կոչում։

Դերասանական գործունեություն

1995-1996 թվականներին խաղալով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ՈՒՀԱ թիմում՝ դարձել է Հայաստանի լիգայի չեմպիոն։ 2004-2008 թվականներին նկարահանվել է «Փախուստ բանտից» հեռուստասերիալում, «Հիպոկրատի երդվյալները» հեռուստասերիալում, մասնակցել է տարբեր հեռուստանախագծերում՝ որպես դերասան, պրոդյուսեր, նախագծի տնօրեն։ Հանդիսացել է «Ալաբալանիցա» Ֆիլմի գծային պրոդյուսեր, «Նո Քոմմենթ» ներկայացման տնօրեն:

Աշխատանք և բիզնես

Աշխատել է Աջափնյակ-Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում՝ որպես նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար։ 2003 թվականին աշխատանքի է անցել «Կոնվերս» բանկում՝ որպես մարդկային ռեսուրսների կառավարիչ։ 2004 թվականին հիմնել է Հայաստանում առաջին՝ «Սիցիլիա» բաց մաֆիա ակումբը։ 2004-2010 թվականներին եղել է վերջինիս սեփականատերը։

Ռադիո

«Սիթի FM» կայանում վարել է «Ֆելիչիտա» և «Չի կարող պատահել» ռադիոնախագծերը

Հեռուստատեսություն և շոու բիզնես

2007-2012 թվականներին համագործակցել է «Արմենիա», «TV5», «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունների հետ՝ որպես ռեժիսոր, դերասան, հաղորդավար, ինչպես նաև զբաղվել է երաժշտական պրոդյուսերությամբ։ Որպես պրոդյուսեր՝ նկարահանել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակներ:

2013 թվականից հանդիսանում է իր իսկ կողմից հիմնած «Արարատ Մեդիա Գրուպ» ՍՊԸ-ի գլխավոր խմբագիրը, որն իր մեջ միավորել է araratnews.am կայքը և «Արարատ» ամսագիրը:

Քաղաքական և հասարակական գործունեություն

2008 թվականի մարտի 1-ից զբաղվում է հասարակական և քաղաքական գործունեությամբ: Հանդես է եկել մի շարք հրապարակումներով:

2013 թվականին կայացած նախագահական ընտրություններում սատարել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին: Մայիսի 5-ին կայացած Երևանի ՏԻՄ ընտրություններին մասնակցել է որպես ավագանու թեկնածու՝ ընդգրկված լինելով «Բարև Երևան» դաշինքի նախընտրական ցուցակում: Հուլիսին մասնակցել է տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ցույցերին Երևանում և հանդիսացել է տրանսպորտի թանկացման դեմ ուղղված Car free քաղաքացիական ակցիայի կազմակերպիչ;

2013 թվականից հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական միավորի կառավարման խորհրդի անդամ: 2015 թվականի մայիսի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչություն անդամ: Հունիսի 17-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ։

2017-2018թթ. հանդիսացել է Երեւանի ավագանու անդամ («Ելք» դաշինք): 2018 թվականի մայիսի 16-ից ՝ ԱԺ պատգամավոր:

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երևան քաղաքի Կենտրոն, Նորք–Մարաշ, Էրեբունի Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 21 949 ձայն:

2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը: Հունվարի 15-ին ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի նիստի ժամանակ ընտրվել է ՀՀ ԱԺ փոխնախագահ: Հունիսի 16-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության անդամ:

2021թ. օգոստոսի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:

2022 թվականի հունվարի 23-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց: ՀՀ նախագահի պաշտոնակատար դարձավ Ալեն Սիմոնյանը, ով փետրվարի 1-ից սկսեց պաշտոնապես իրականացնել Հայաստանի նախագահի լիազորությունները՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Սարգսյանը մեկ շաբաթ անց հետ չվերցրեց հրաժարականի դիմումը: Մարտի 3-ին վերջինս շնորհավորեց Վահագն Խաչատուրյանին՝ նախագահ ընտրվելու կապակցությամբ: