Բացահայտվել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը
18.07.2025, verelq.am-ը գրում է.
«ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանության բացահայտման մասին, որը կատարվել էր 1998 թվականի դեկտեմբերի 10-ին: Ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ իրականացված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ս.Ա.-ն, շահադիտական դրդումներով, կազմակերպել և համակարգել է հանցագործությունը՝ ներգրավելով Լեռնային Ղարաբաղի բնակիչներ Հ.Ն.-ին և Ա.Ա.-ին:
Հետաքննության տվյալներով՝ Ս.Ա.-ն իր հանցակիցներին առաջարկել է համապատասխանաբար 10,000 և 15,000 դոլար: Նա ձեռք է բերել «Մակարով» տեսակի ատրճանակ, դրա վրա տեղադրել ինքնաշեն խլացուցիչ և նվազեցրել փամփուշտների վառոդային լիցքը՝ կրակոցների ձայնը խլացնելու նպատակով:
1998 թվականի դեկտեմբերի 9-ին խմբի անդամները ժամանել են Երևան։ Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 00։30-ի սահմաններում, երբ Վահրամ Խորխոռունին իր բնակարան գնալու համար մտել է շենքի մուտք, Ս.Ա.-ն և Ա.Ա.-ն նրա ուղղությամբ արձակել են հինգ կրակոց, որոնցից երեքը դեմքի, իսկ երկուսը՝ ձախից կրծքավանդակի թիկնային մակերեսի շրջաններին, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է, իսկ հանցագործները հեռացել են դեպքի վայրից։
Նախաքննության ընթացքում ձեռք բերված հանցանքի կատարումը վկայող բավարար փաստերի հիմքով Ս.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով (շահադիտական դրդումներով կատարված սպանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը): Վերջինս ձերբակալվել է:
Քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ ուսումնասիրության առարկա են հանդիսանում նաև նախկինում կատարված հանրային հնչեղություն ստացած այլ սպանության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթները: Նախաքննության ընթացքի մասին կտեղեկացվի լրացուցիչ»։
MediaNews-ի տեղեկություններով՝ որպես կազմակերպիչ հանդիսացած Ս.Ա.-ն Սասուն Առուշանյանն է, որն ավելի վաղ եղել է Սամվել Բաբայանի թիկնազորի պետը։


