2018 թվականին Սերժ Սարգսյանն օգտագործեց ժողովրդին «թավշյա» հեղափոխություն իրականացնելու համար
07.05.2025
Քաղաքական գործիչ Արա Վարդանյանը 5-րդ ալիքին հարցազրույցում, անդրադառնալով «թավշյա հեղափոխության» թեմային, ասել է հետևյալը.
«Պետք չէ մեղադրել ժողովրդին (խմբ.՝ 2018 թվականի իրադարձությունների համար), քանի որ նման իրավիճակներում ժողովուրդը խաղում է մասսովկայի դեր։ Պարզապես պետք է ստեղծել սիրուն նկարներ, որ հեսա տեսեք ժողովուրդ կա։ Իրական գործընթացները տեղի են ունենում գրասենյակներում և հեռախոսներում: Կարծում եմ, որ եղել են ինչ-որ երկրների կողմից լրջագույն ճնշումներ, կասկած չունեմ, որ նաև եղել են ուղղակի խնդրանքներ և հորդորներ , որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա: Չգիտեմ՝ ումից, բայց հաստատ՝ ոչ Ռուսաստանից։ Պատահական չէ, որ տարբեր հարցազրույցներում նա (խմբ.՝ Սերժ Սարգսյան) ասում է, որ պարտվել է ավելի հզոր ուժերի… Գուցե մի օր ինքն ավելի բաց խոսի 2018 թվականին տեղի ունեցածի մասին, բայց կարող եմ վստահեցնել ձեզ, որ դա չի իրականացվել ժողովրդի պահանջով։ Հնարավոր հեղափոխության սցենարից փախչելու համար իշխանությունը փոխանցվել է: Այն, որ ժողովուրդն օգտագործվել է, որպեսզի Հայաստանում տեղի ունենա այն, ինչ տեղի է ունեցել, միանշանակ է: Դրա համար է Նիկոլ Փաշինյանը 7 տարի ապացուցում, որ ժողովրդի օգնությամբ փողոցով իշխանություն վերցնելն անհնար է»:
Սերժ Սարգսյանի կողմնակիցների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու նախաձեռնության վերաբերյալ Արա Վարդանյանը կարծիք է հայտնել, որ Սերժ Սարգսյանի կողմնակիցները, փոխանակ պայքարելու իշխանությունը վերցնելու համար, վարկաբեկելով Քոչարյանին, պայքարում են 2026 թվականին Նիկոլ Փաշինյանի մոտ ընդդիմություն աշխատելու համար։


