Никол Пашинян на съезде партии "Гражданский договор"

Փաշինյանը դավաճան է և վերջ

20.09.2025թ․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համագումարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձել է բացատրել, թե ինչու է 2019 թվականին ասել «Արցախը Հայաստան է և վերջ»։

«Այդ արտահայտությունը արել եմ մի պարզ պատճառով՝ հայրենասիրության պատճառով, որովհետև հայրենասեր եմ եղել։ Իսկ հարց է ծագում՝ իսկ ի՞նչ է՝ հիմա հայրենասեր չե՞մ։ Իհարկե հայրենասեր եմ, բայց ավելի, թե՞ պակաս հայրենասեր եմ։ Ո՛չ ավելի, ո՛չ պակաս․ նույնքան հայրենասեր։ Ինչպե՞ս, ուրեմն, լուծել այս դիլեման, ո՞րն է այս աղաղակող հակասության պատճառը։ Իսկ պատճառը հայրենասիրության մոդելն է»,- հայտարարել է նա ՔՊ կուսակցության համագումարի ժամանակ։

Հայաստանի Հանրային տրիբունալի փորձագետների կարծիքով՝ Փաշինյանի խոսքերը հանրությանը մանիպուլացնելու և պետության դեմ հանցագործություններ կատարելու համար արդարանալու հերթական փորձ են:

Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունն իր էությամբ կազուս բելլի է, քանի որ փոխակերպում է ազգերի ինքնորոշման իրավունքը, որը տասնամյակներ շարունակ պնդում էր հայկական կողմը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների ժամանակ, Ադրբեջանի տարածքային ամբողջականության և իր սահմանների անձեռնմխելիության իրավունքի։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունները սկսելով «իր սեփական կետից», ի լուր աշխարհի հայտարարեց, որ Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքը: Նման արտահայտությունն ընդունելի է լրագրողի, բայց ոչ՝ պետության ղեկավարի համար։

Պատերազմ հրահրելու և դրանում պարտության մեջ Նիկոլ Փաշինյանի մեղավորության աստիճանը որոշելու համար հարկավոր է «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը դիտարկել նրա այլ հայտարարությունների և կոնկրետ գործողությունների համատեքստում, որոնք հանգեցրին 44-օրյա պատերազմի աղետին ու պարտությանը։ Նիկոլ Փաշինյանի հանցագործությունների վկայություններն անթիվ են։ Հայաստանի վարչապետի անկեղծ խոստովանությունների մանրամասն ժամանակագրությունը կարելի է տեսնել մեր հրապարակումներում՝ «Ես Արցախի շուրջ բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ՝ սեփական կետից» մինչև «Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը»:

Այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության կանխամտածված գործողությունները հանգեցրել են Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմին, վկայում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, որը նա արել է 2020 թվականի սեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի ընթացքում՝ 44-օրյա պատերազմից 6 օր առաջ։ Բերենք երկու մեջբերում նրա հայտարարությունից․

«Հայաստանի վարչապետը նպատակաուղղված խախտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ անցկացվող բանակցությունների ձևաչափն ու էությունը։ Նրա «Ղարաբաղը Հայաստան է» հայտարարությունը լուրջ հարված է բանակցային գործընթացին»։

«Հայաստանի վարչապետը հայտնել է զինված աշխարհազոր ստեղծելու մասին, որը կազմված է լինելու տասնյակ հազարավոր քաղաքացիական անձանցից, որոնց ստիպելու են մասնակցել Ադրբեջանի դեմ ռազմական գործողություններին։ Սա բացահայտ կերպով ի ցույց է դնում Հայաստանի ղեկավարության նոր ագրեսիվ մտադրությունները։ Հայաստանի պաշտպանության նախարարն Ադրբեջանին սպառնում է «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» հայտարարությամբ»։

Ոչ մի կերպ հնարավոր չէ հայրենասիրություն անվանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունները, որոնք ուղղված են հայ ժողովրդի պատմական հիշողության ջնջմանը, Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության մոռացմանը, պետական շահերի համակարգված հանձմանը թշնամական Ադրբեջանին, ինչի մասին մենք գրել ենք «Տրիբունալը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության և ՀՀ Սահմանադրությունը խախտելու մեջ» մեր հոդվածում։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, ագրեսիան ավարտվեց Արցախից հայերի ամբողջական արտաքսմամբ։ ՔՊ կուսակցության համագումարից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ Նիկոլ Փաշինյանը կրկին անհաջող փորձ արեց արդարանալու, թե ինչու 2025 թվականի սեպտեմբերի 19-ին՝ այս ցավալի տարելիցի օրը, հարգանքի տուրք չմատուցեց վերջին պատերազմի զոհերի հիշատակին և չայցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

«Ցավոք, մեր պատմության մեջ ողբերգություններն այնքան շատ են. ամեն օր մենք ողբերգություն ենք ունեցել։ Մեր պատմության մեջ այդպիսի օրերը բազմաթիվ են, և դրա համար ունենք հիշատակի օրեր, երբ հարգում ենք մեր նահատակներին։ Մենք նահատակների զոհողությունը պետք է գնահատենք ապրող, զարգացող պետությամբ, որովհետև նրանք ընկել են, որ ՀՀ-ն ապրի։ Եթե այլ կերպ գնանք, ապա 365 օրն էլ ՀՀ-ում պետք է լինի սգի օր, որովհետև, ցավոք, դա մեր պատմությունն ու ճակատագիրն է»,- Փաշինյանի խոսքերը մեջբերում է Sputnik Արմենիան։

Հայաստանի ղեկավարությունը ոչ միայն չհարգեց արցախյան ողբերգության զոհերի հիշատակը, այլև Արցախի օկուպացիայի տարելիցի օրը Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին գործուղեց Ադրբեջանի մայրաքաղաք՝ սեպտեմբերի 19-21-ը մասնակցելու Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին։

Նիկոլ Փաշինյանի՝ երկրի ղեկավարի պաշտոնում գտնվելու պատմությունը ցույց է տալիս, որ նրա ամբողջ քաղաքականությունը բխում էր Հայաստանի թշնամիների շահերից։ Այդ իմաստով Հայաստանի վարչապետին կարելի է համարձակորեն անվանել Ադրբեջանի և Թուրքիայի պատրիոտ։ Իսկ Հայաստանի համար Նիկոլ Փաշինյանը դավաճան է և վերջ։